Միացյալ Նահանգների և Իսրայելի ուժերը պատերազմի 24-րդ օրը մասշտաբային հարվածներ են հասցրել, ինչպես իրենք են պնդում, «ահաբեկչական ենթակառուցվածքներին» Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում, մինչ կողմերը շարունակում են փոխադարձ մեղադրանքներն ու սպառնալիքները։
Հարձակման են ենթարկվել Խորամաբադ, Ահվազ, Ուրմիա, Թավրիզ և Բանդար Աբբաս քաղաքները, կան զոհեր և վիրավորներ: ԱՄՆ զինուժը հարվածել է Ղոմ նահանգում գտնվող տուրբինային շարժիչների արտադրամասի, որն անօդաչուների և ինքնաթիռների բաղադրիչներ է արտադրում:
Չնայած չդադարող հարվածներին՝ Թեհրանում երեկոյան հանրահավաք է անցկացվել: Մասնակիցներն աջակցություն են հայտնել կառավարությանը և պնդել, թե ԱՄՆ-ն և Իսրայելը ոչ մի բանի չեն հասել այս պատերազմով:
«Դրա վառ օրինակն է Հորմուզի նեղուցի փակումը։ Թրամփը դիմել է գերտերություններին, ՆԱՏՕ-ին՝ խնդրելով օգնել նեղուցը բացելու հարցում, բայց ոչնչի չի հասնի։ Որովհետև, երբ գործ ունեն այսպիսի մարդկանց հետո, որոնք հիմա ներկա են հանրահավաքին, նրանք ոչինչ չեն կարող անել», - ասել է հանրահավաքի մասնակիցներից մեկը:
«Եթե նրանք որոշեն հարվածել այս հսկայական և մեծ երկրի ենթակառուցվածքներին, մեր որոշ քաղաքներում, թերևս, խափանումներ կլինեն: Սակայն միանշանակ նույնը շատ ուժեղ և ավելի մեծ մասշտաբով տեղի կունենա օկուպացված Երուսաղեմում», - նշել է մեկ այլ ցուցարար:
Իսրայելը նաև շարունակել է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի դեմ գործողությունները Լիբանանում և զգուշացրել, որ պատերազմը կշարունակվի ևս մի քանի շաբաթ: Բանակի խոսնակը պնդել է, որ օրեցօր ավելի են թուլացնում Իրանին, իսկ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի դեմ ցամաքային արշավը այս շաբաթ կուժեղանա: «Մենք թույլ չենք տա, որ ահաբեկչական ռեժիմը և նրա կողմնակիցները սպառնալիք ստեղծեն Իսրայելի պետության համար», - հայտարարել է Էֆի Դեֆրինը։
«Հեզբոլա»-ն, իր հերթին, հայտարարել է, որ երեկ ավելի քան 60 անգամ հարվածել է իսրայելական բանակին:
Իրանը ևս հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Երեկ էլ հրթիռակոծել էր իսրայելական Արադ և Դիմոնա քաղաքները, հաղորդվում է 130-ից ավելի վիրավորի մասին:
Իրանը նաև հարվածել է Սաուդյան Արաբիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազային և Բահրեյնում գտնվող ԱՄՆ հինգերորդ նավատորմին:
Միացյալ Նահանգների նախագահը երեկ Թեհրանին 48 ժամ էր տվել Հորմուզի նեղուցը բացելու համար՝ սպառնալով հակառակ դեպքում ոչնչացնել Իրանի էլեկտրակայանները: Այսօր էլ Դոնալդ Թրամփը գրել է, թե խաղաղությունը կհաստատվի ուժի միջոցով:
Իրանի նախագահն արձագանքել է Թրամփին՝ պնդելով, որ այս սպառնալիքներն ԱՄՆ հուսահատության մասին են վկայում և միայն ամրապնդում են Իրանի միասնությունը: «Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար՝ բացառությամբ նրանց, ովքեր ոտնձգություն են կատարում մեր հողերի նկատմամբ», - գրել է Մասուդ Փեզեշքիանը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է ամբողջությամբ փակել նեղուցը և հարվածել տարածաշրջանում ամերիկյան ընկերություններին ու ռազմաբազաներին, եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանի էներգետիկ օբյեկտներին: Իրանի Ազգային պաշտպանության խորհուրդն էլ սպառնացել է ականապատել և երկար ժամանակով պարալիզացնել «Պարսից ծոցի բոլոր հաղորդուղիները», եթե հարձակում լինի իրանական ափի կամ կղզիների վրա։
Պատերազմն ու Հորմուզի նեղուցի փակ լինելը շարունակում են ցնցել համաշխարհային տնտեսությունն ու շուկաները: Ասիական ֆոնդային շուկաները կտրուկ անկում են ապրել, իսկ նավթի գինը շարունակել է բարձրանալ. Brent տեսակը վաճառվում է ավելի քան 113 դոլարով մեկ բարելի դիմաց: Ոսկու գինն այսօր կտրուկ՝ 6 տոկոսով նվազել է՝ մեկ ունցիան վաճառվում է 4 214 դոլարով: Անցած տարվա դեկտեմբերի 11-ից ի վեր սա ամենացածր գինն է:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ 22 երկիր, այդ թվում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ, համակարգում են ջանքերը՝ վերաբացելու Հորմուզի նեղուցը:
«Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, մենք պետք է միասին աշխատենք այս 22 երկրների հետ … քննարկենք, թե ինչ և երբ է անհրաժեշտ անել, և ինչպես ենք դա անելու միասին, երբ ժամանակը հասունանա, որպեսզի ապահովենք, որ նեղուցը բացվի», - ասել է Ռյուտեն:
Միջազգային էներգետիկ գործակալությունը զգուշացրել է, որ աշխարհը բախվում է էներգետիկ ավելի վատ ճգնաժամի, քան 1970-ականներին նավթի շուկայի ցնցումներն ու Ուկրաինայի պատերազմի հետևանքները միասին վերցրած։