Մատչելիության հղումներ

Սիրանուշ Սահակյանը Բաքվում բանտարկված հայ գերիների հարցով դիմել է ՄԻԵԴ

Բաքվում բանտարկված հայ գերիների հարցով իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Արդեն մեկ գանգատ կար՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով ու, թեև Բաքուն այդպես էլ չփոխանցեց մյուս 15 հայերի վճիռները, այդուհանդերձ, գանգատն արդեն Եվրադատարանում է:

Բաքուն միայն Ռուբեն Վարդանյանի դատավճիռն է փոխանցել։ Արցախի ռազմական ու քաղաքական նախկին ղեկավարների ու մյուս հայերի գործով վճիռները նույնիսկ նրանց ադրբեջանցի պաշտպաններին չեն տվել, շեշտում է Սահակյանը։ Վերջնաժամկետն այսօր է, որ Ադրբեջանի կառավարությունը Եվրադատարանին փոխանցի դրանք։

Կատարե՞լ են դատարանի պահանջը, թե՞ ոչ, մի քանի օրից հայտնի կդառնա։

Դատավճիռները չտալը նույնպես իրավունքի խախտում է ու առանձին այս հարցի մասին էլ է բարձրաձայնել։ Միջազգային դատարանը Բաքվից պահանջել է նաև 2023-ից բանտարկված հայերի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթեր։

Ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներից Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Մանուկյանը պատմել են իրենց ոտնահարված իրավունքների, իրենց վերագրվող արարքների հորինված լինելու մասին։

Իրավապաշտպանները մշտապես ահազանգել են՝ Ադրբեջանում հայերի դատավարությունններն ընթանում են իրավունքների կոպիտ խախտումներով ու փակ՝ առանց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու անկախ լրագրողների:

Քրեական գործերի ու քաղաքական հետապնդման միջև ուղիղ կապ կա, շեշտում է միջազգային ատյաններում հայ գերիների ներկայացուցիչ Սահակյանը. «Ցուցադրել ենք, որ թե՛ միջազգային և թե՛ ներպետական օրենսդրությամբ նախատեսված չեն որպես հանցավոր արարքներ այն գործունեությունները քաղաքական, ռազմական, քաղաքացիական, որոնք նախկին ղեկավարները կամ ռազմագերիները իրականացրել են Լեռնային Ղարաբաղի չճանաչված պետության հովանու ներքո», - ասաց իրավապաշտպանը։

Եվրոպական դատարանում այս դիմումների քննությունը կարող է տևել մեկից հինգ տարի։

«Իրավունքի արձնագրումից հետո մենք ակնկալում ենք իրավունքի խախտումը վերացնող միջոցառումներ, որոնց մեջ առաջնային է անհապաղ ազատ արձակումը։ Եթե դատավարության արդյունքը օրինական չկա, չկա նաև անազատության մեջ պահելու օրինական հիմքը, ինչը նշանակում է, որ ապօրինաբար պահվող անձինք պետք է ազատ արձակվեն», - ասաց Սահակյանը։

Ադրբեջանական բանտերում երեք տարի պահվող հայերի կապը հարազատների հետ միայն հեռախոսազանգն է ադրբեջանական հսկողությամբ։ Նրանք մեկ տարի է կատարյալ մեկուսացման պայմաններում են, ինչ փակվել է Բաքվում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գրասենյակը։

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը երկու ամիս առաջ հայտարարեց կանանց միջազգային հումանիտար պատվիրակություն ստեղծելու ու Բաքու մեկնելու մասին։

«Ֆորբս»-ին տված հարցազրույցում, որ հրապարակվել է այսօր, տիկին Զոնաբենդը պատմել է, որ իր նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական բնույթի է։ Ուզում է հանդիպել Ադրբեջանում պահվող հայերի հետ ու փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու անձնական իրեր։

Վերոնիկա Զոնաբենդն իր ամուսնուն չի տեսել դեռ գերեվարվելուց ամիսներ առաջ, երբ Ադրբեջանը շրջափակեց Արցախը։ Ռուբեն Վարդանյանի կինը նշել է, որ Բաքու մեկնելու իր կոչին արդեն արձագանքել են մարդիկ, բայց հարցեր ունեն անվտանգության վերաբերյալ։ Պատվիրակությանն աջակցելու խնդրանքով նա գրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին, Եվրոպական միության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչին։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG