Մատչելիության հղումներ

«Շատ քիչ է, բոլորը պիտի պատժվեն», - ասում է վրաերթից մահացած զինվորի մայրը

Զինվորներին վրաերթի ենթարկած Գազ-53-ը, 19-ը օգոստոսի, 2026թ.
Զինվորներին վրաերթի ենթարկած Գազ-53-ը, 19-ը օգոստոսի, 2026թ.

Մեկ շաբաթ առաջ Ճամբարակ-Վահան ավտոճանապարհին վրաերթից մահացած զինծառայող Սուրեն Վարդանյանի մոր համար ոչինչ չի նշանակում Քննչական կոմիտեի այսօրվա լուրը, թե այս դեպքով վարորդից բացի մի հոգի էլ է մեղադրյալ դարձել ու ձերբակալվել:

«Շատ քիչ է, շատ քիչ է, բոլորը պիտի պատժվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արմենուհի Վարդանյանը, - «Իմ էրեխեն եթե հակագազով չիներ, սենց չէր լինի, ինքը ո՛չ կարողացել է տեսնի, ո՛չ կարողացել է լսի: Պատժում եք, ուրիշ ձև թող պատժեիք»:

Դեպքից հետո «Ազատությանը» պատմել էին, որ յոթ զինծառայող, բոլորը՝ նորակոչիկներ, երեկոյան 9-ից հետո զորամասից մոտ 200 մետրի վրա ավտոճանապարհին վազելիս են եղել, որովհետև այդպես նրանց պատժել է սպան՝ ճաշարանում աղմկելու համար: «Ազատության» տեղեկությամբ՝ նրանք զրահաբաճկոնով ու սաղավարտով են եղել, իսկ ժամեր անց դեպքի վայր հասած ընտանքի անդամներին գյուղացիներն ասել են՝ հակագազով են եղել:

«Եթե կասկայով լիներ, բրոնեժիլետով լիներ, միգուցե վիրավոր կմնար իմ էրեխեն», - ասաց Արմենուհի Վարդանյանը:

Ենթադրվում է, որ այսօր ձերբակալվածը հենց զինվորներին պատժած սպան է, նրան մեղադրանք է առաջադրվել իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու հոդվածով: Ի դեպ, Պաշտպանության նախարարությունը դեպքից հետո հերքեց, թե զինվորները հակագազով են եղել, բայց ոչ մի բացատրություն, թե երեկոյան ուշ ժամի ինչո՞ւ են նրանք զորամասից դուրս, չլուսավորված ճամփով վազելիս եղել:

«Եթե հսկողություն լինի, ինչո՞ւ պիտի սենց բաներ լինեին», - ասում է մահացած զինվորի մայրը:

Արմենուհի Վարդանյանի խոսքով՝ որդին, որ մինչև բանակ մեկնելը տարկետում ուներ, ծառայության գնացել է սահմանափակումով, նա, ըստ մոր, չպիտի վազեր ոչ որպես հանձնարարություն, ոչ էլ որպես պատիժ. - «Ինքը վազելուց շունչը կտրվում էր, չէր կարողանում, էլի, վազեր»:

Ընդամենը մեկ ամիս ծառայած որդու մահվան պատասխանատու է համարում վաշտի հրամանատարից մինչև վարչապետ ու Սուրեն Պապիկյան. - «Ինքը պիտի պատժվի, հրաժարականը քիչ է, հրաժարական տա, գնա նստի իրա տունը՞, իրա էրեխեքին պահի՞, ուրախանա: Ես էլ եմ ուզում իմ էրեխին տեսնեմ, ուրախանամ»:

Երկու օր առաջ պարզվեց, որ Պապիկյանին այս մեղադրանքները զարմացնում են: «Էն որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանի Հանրապետությունում», - հայտարարեց նախարարը:

Վերջին օրերին «զինծառայող է սպանվել», կամ «ինքասպան է եղել, կախվել» նախադասությունը ամեն օր է լրահոսում հայտնվում: Նախարար Պապիկյանն այս ողբերգական պատկերին անդրադառնում է արտառոց բառապաշարով՝ «ինտենսիվ խտություն». - «Ինտենսիվության հետ կապված՝ ես չեմ կարող գնահատական տալ՝ որն է պատճառը, որ այս կարճ ժամանակամիջոցում ունենք նման խտություն»:

Այս տարվա միայն ութ ամսում բանակում մահվան 14 դեպք է եղել ծառայության հետ կապված: Կրկնակիից ավելի է, սակայն, նույն ութ ամսում մահացած զինծառայողների թիվը. Պաշտպանության նախարարությունը մյուս դեպքերը համարում է ծառայության հետ կապ չունեցող: Հենց երեկ հայտնի դարձավ, որ զինծառայող է ինքնասպան եղել, պաշտպանական գերատեսչությունը շտապեց տեղեկացնել՝ դեպքը զորամասում չի եղել, այլ իր անասնաֆերմայում, ուրեմն՝ մահը բանակի հետ կապ չունի: Ստացվում է՝ եթե զինծառայողն ինքնասպանություն է գործել զորամասից դուրս, ուրեմն ողբերգությունը ծառայության հետ կապ չունի: Այս մոտեցումն իրավապաշտպաններն արդեն քննադատել են՝ վտանգավոր համարելով այս հրատապ հերքումները. մի՞թե հնարավոր է ինքնասպանությունից ժամեր անց պարզել, թե որն էր այդ քայլի պատճառը:

Արմենուհի Վարդանյանը զինվորական հանդիսավոր երդումից օրեր անց մահացած որդու դեպքի քննության մասին շատ բան է ուզում լսել հենց պատասխանատուներից: Ասում է՝ իրեն չի մխիթարի, բայց այս մահերը չպիտի սովորական դառնան:

«Էրեխուս եթե թշնամին խփեր, ես էսքան չէի տանջվի, կասեի՝ գնացել է հայրենիքի համար հողը պահելու, էրեխես զոհվել է: Բայց էսի զոհվել չի», - ընդգծում է որդեկորույս կինը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG