Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողներին վրաերթի ենթարկելու գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի նկատմամբ՝ իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը հոդվածով:
Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնում է, որ նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով: Քննչականը չի բացահայտում ձերբակալվածի ինքնությունը:
Օգոստոսի 19-ին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը մահացել է:
Այս գործով հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, նա կալանավորվել է:
Զինվորները դրսում վազել են երեկոյան ժամը 9-ի սահմաններում, երբ ըստ կարգացուցակի պետք է զորամասում լինեին: «Ազատության» տեղեկությամբ՝ Ճամբարակի զորամասի սպան նրանց պատժել է, հանձնարարել վազել զրահաբաճկոններով ու սաղավարտներով, որովհետև նորակոչիկները ճաշարանում իրենց աղմկոտ են պահել։ Պաշտպանության նախարարությունից չեն մեկնաբանել այս տեղեկությունը, միայն հայտնել են, որ ծառայողական քննություն է նշանակվել։
Մամուլի տեղեկություններով՝ ձերբակալվածը ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետն է, ով էլ ենթադրաբար պատժել էր զինվորներին՝ նրանց ստիպելով վազել Ճամբարակ-Վահան ճանապարհին: