8 ամսում 12 զինծառայողի մահ և չորս պաշտոնանկություն։ Խաղաղ պայմաններում բանակում չդադարող մահերի ու խորացող խնդիրների շուրջ քննադատությունից հետո վարչապետ Փաշինյանն անցած շաբաթ պատասխանատվության սլաքներն ուղղեց Ռազմական ոստիկանապետի և բարոյահոգեբանական վարչության ղեկավարի ուղղությամբ։ Արդյունքում աշխատանքից ազատվեց Ռազմական ոստիկանապետի պաշտոնը շուրջ վեց տարի զբաղեցրած Աշոտ Զաքարյանը։ Նրան փոխարինեց նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
Նախօրեին պաշտոնանկ արվեց նաև բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Սերյոժա Ստեփանյանը։ Նախարար Սուրեն Պապիկյանը հրաժեշտ տվեց նաև իր երկու խորհրդականներին՝ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին։ Վարչապետ Փաշինյանն ի սկզբանե էր փակել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի փոփոխության հարցը՝ նրանց պատասխանատու չհամարելով բանակում չդադարող մահերի համար։
«Իմ գնահատականն այն չէ, որ այս իրադրությունում Գլխավոր շտաբի պետը և Պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում այդ խնդիրը լուծելու համար»,- հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ի՞նչ կփոխի բանակում Արամ Հովհաննիսյանը
Ի՞նչ կփոխվի բանակում նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին Ռազմական ոստիկանապետ նշանակելով, ի՞նչ բարեփոխումներ նա կարող է իրականացնել Զինված ուժերում։
60-ամյա Հովհաննիսյանը, որ 90-ականներին իր կարիերան սկսել է Արտաշատի ոստիկանության բաժնում որպես միլիցիոներ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին բարձր պաշտոններ է զբաղեցրել։ Նախ Արարատի մարզային վարչությունում, ապա ավելի ուշ Երևանում։ Հովհաննիսյանի պաշտոնական լուրջ առաջխաղացումները, սակայն սկսվել են 2018-ի հեղափոխությունից հետո։ Հովհաննիսյանը հետհեղափոխական Հայաստանում նախ զբաղեցրեց Արմավիրի ու Կոտայքի մարզային վարչության պետերի պաշտոնները, 2020-ից արդեն Ոստիկանապետի առաջին տեղակալն էր, շատ չանցած՝ 2023-ին նշանակվեց Հայաստանի Ոստիկանապետ։
Ի դեպ, հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ 2022-ին Արամ Հովհաննիսյանը նախագահի կողմից ստացավ ոստիկանության գեներալ-մայորի կոչում։
Լուսաձայնային նռնակներ ու տասնյակ վիրավորներ
Արամ Հովհաննիսյանն աչքի ընկավ հատկապես 2024-ին՝ «Սրբազան» շարժման ժամանակ, երբ ոստիկանությունը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ցուցարարների դեմ հատուկ միջոց կիրառեց, որի հետևանքով շուրջ 100 մարդ վիրավորվեց։ Քաղաքացիներից մեկը լուսաձայնային նռնակի պայթյունից անգամ կորցրել էր ձեռքի երեք մատները, ստացել բեկորային վնասվածքներ ու այրվածքներ։
Իրավապաշտպաններն այն ժամանակ պնդել էին, որ ոստիկանությունն այդ օրը արգելված «Զարյա 3» հատուկ միջոց է կիրառել: Իրավապահները, սակայն գաղտնի էին պահում այս տեղեկությունը: Բարձրացված աղմուկից հետո արդեն Առողջապահության նախարարի հրամանով «Զարյա 3-ի» կիրառումը թույլատրվեց, ինչպես իրավապաշտպաններն էին նկատել՝ այդ կերպ սրբագրելով թույլ տրված ապօրինությունը: Արամ Հովհաննիսյանն ինքն էլ այդ իրադարձությունից հետո չէր հերքել, որ հունիսի 12-ին «Զարյա 3» են կիրառել:
Չնայած վարչապետը 2024-ի ամռանն այս գործողությունների համար ոստիկանությանը շնորհակալություն էր հայտնել՝ նրանց քայլերը որակելով իրավաչափ և պրոֆեսիոնալ, մեկ տարի անց Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Հովհաննիսյանը հեռացվեց ոստիկանապետի պաշտոնից։ Մամուլը տարբեր պատճառների մասին էր գրել՝ ներառյալ կոռուպցիոն որոշ երևույթներ։ «Հետքը» մասնավորապես գրել էր, որ Հովհաննիսյանի որդին սեփականաշնորհել է ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել է Երևան համայնքի հողամասը, ապօրինի շինարարություն արել, որը հետագայում օրինականացվել էր։ Ի դեպ, նորանշանակ Ռազմական ոստիկանապետի որդին նաև ՔՊ նախընտրական ցուցակում էր ընդգրկված։
Տակավին վերջերս Արամ Հովհաննիսյանի անունը կրկին հայտնվեց մամուլում, երբ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին Նիկոլ Փաշինյանն այցելեց Արամ Հովհաննիսյանի հայրենի Արտաշատ։ Այնտեղ Փաշինյանի ուշադրությունը գրավել էր մի շենք: Վարչապետը հետաքրքրվել էր, թե դա ինչ է. Արտաշատի քաղաքապետն անկեղծացել էր, որ այդ շենքը պատկանում է նախկին ոստիկանապետ Հովհաննիսյանին, չգիտակցելով, որ ուղիղ եթերում են:
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արամ Հովհաննիսյանին
Գեներալ -մայոր Արամ Հովհաննիսյանը երկար անգործ չմնաց: Մեկ տարի անց արդեն Ռազմական ոստիկանապետի պաշտոնում նշանակվեց: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր նրան ներկայացրեց Ռազմական ոստիկանության անձնակազմին։ Տարածված տեսանյութում, սակայն, խոսքեր չեն հնչում, այն ուղեկցվում է միայն երաժշտությամբ։
«Քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար»
Բանակում տիրող իրավիճակի պատճառով սուր քննադատությունների թիրախում հայտնված ռազմական գերատեսչությունը պաշտոնանկություններին զուգահեռ նախօրեին նաև վստահեցրել է. «Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում»։ Վարչապետ Փաշինյանն օրերս Զինված ուժերում երիտասարդների իրար հաջորդող ինքնասպանությունների մի քանի պատճառ էր ներկայացրել՝ խաղամոլություն, անձնական խնդիրներ և քրեական ենթամշակույթ՝ խոսելով դիրքում քննելու պատճառով զինծառայողի նկատմամբ կիրառվող ճնշումների մասին։
«Ով արձանագրվում է, որ դիրքի ժամանակ քննել է, իրա նկատմամբ զինվորները, դա քրեական ենթամշակույթ է, թե այս դեպքում անվտանգային, ինչ-որ գերճնշում է, արհամարանքի և մեկուսացման են ենթարկում»,- հայտարարել էր վարչապետը:
Իրավապաշտպանը փոփոխություն չի ակնկալում
Արդյո՞ք Զինված ուժերում կատարված պաշտոնանկություններն ու հայտարարված քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքարն արդյունք կտա։
Զինված ուժերում առկա խնդիրների, բռնությունների ու չդադարող մահերի մասին տասնամյակներ շարունակ բարձրաձայնող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը չի հասկանում՝ ինչու փոխեցին հենց Ռազմական ոստիկանապետին և ի՞նչ է նա փոխելու բանակում։ Իրավապաշտպանի համոզմամբ՝ վարչապետ Փաշինյանը պետք է այս հարցի պատասխանը տա։
«Ի՞նչ ուղղակի առնչություն ունի այդ մահվան դեպքերի հետ Ռազմական ոստիկանության պետը։ Երկրորդ, եթե անհրաժեշտություն է գտել փոխելու, գոնե հեղինակություն ունեցող մեկին պետք է վերցնել այդ պաշտոնին»,- նկատում է Ալեքսանյանը:
Իրավապաշտպանի համոզմամբ՝ բանակում զինվորների մահերը կանխելու համար նախ և առաջ պետք է լինի խստագույն վերահսկողություն և կարգապահություն։ Բացի այդ, զորամասի հրամանատարը ցանկացած նման դեպքում պետք է իմանա, որ լուրջ պատասխանատվության է ենթարկվելու։
Իրավապաշտպանի խոսքով.- «Եթե մահվան դեպք է տեղի ունենում, և նախարարը չի գնում զորամաս, որը շատ մեծ ազդեցություն կարող է թողնի այդ մթնոլորտի վրա, այդ զինծառայողների, սպայակազմի վրա, նա պարտավոր է դա անել, բայց երբեք չի անում, չէ՞: Մենք չենք տեսել, ոչ Ազատի դեպքում է գնացել և ինչքան կարող է Նիկոլ Փաշինյանն իր փոխարեն խոսել»:
Զինված ուժերում չդադարող մահվան դեպքերն իրավապաշտպանի համոզմամբ վկայում են մեկ բանի մասին՝ իրական բարեփոխում բանակում այդպես էլ տեղի չի ունենում, չնայած իշխանության շարունակական հավաստիացումներին։