Մատչելիության հղումներ

«Ահավոր քաոսային վիճակ էր». ո՞ւմ հրամանով և ինչո՞ւ էին ուշ ժամի զինվորները զորամասից դուրս՝ ավտոճանապարհին վազում

Վթարի վայրը, լուսանկարը՝ Shamshyan.com-ի
Վթարի վայրը, լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Ճամբարակ-Վահան ավտոճանապարհին վթարից մահացած զինծառայող Սուրեն Վարդանյանը մի ամիս էլ չկա, որ բանակ էր գնացել։ Հասցրել էր միայն զինվորական երդում տալ։ Նրա հետ Ճամբարակի զորամասից մոտ 200 մետրի վրա գտնվող ճանապարհով վազող զինվորներն էլ նոր զորակոչվածներ էին։ Վեց հոգի դեռ զինվորական հոսպիտալում են։ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Երեքը հետազոտվել են, բժշկական միջամտության կարիք չկա։ Մյուս երեք զինվորները բժիշկների հսկողության տակ են։

«Ես որ հասել եմ, արդեն վերջին զինվորին դրել ենք շտապօգնության մեջ, հետները իջել եմ հիվանդանոց։ Պատկերացրեք՝ արդեն ինչ վիճակում էին։ Ծանր վիճակում բժիշկները, բուժօգնություն, մի ահավոր քաոսային վիճակ էր»,- պատմում է Վահան համայնքի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը:

Երեկ երեկոյան 21:20-ի սահմաններում է դեպքը եղել։ Վահան գյուղի 34-ամյա բնակիչը «Գազ -53» բեռնատարով Ճամբարակից գյուղ վերադառնալիս է եղել։ Ըստ համայնքի ղեկավարի՝ պայմանագրային զինծառայող է, հերթափոխից հետո՝ ազատ ժամանակ, գյուղատնտեսական աշխատանքով է զբաղվում։

«Վահան բնակավայրում գազի լիցքավորման կետ չկա։ Իջել է, լիցքավորել ճամբարակում։ Լիցքավորել է, հետ գալուց այդ դեպքը եղել է»,- ասում է Վահան համայնքի վարչական ղեկավարը:

Կադրերում տեսնում ենք խարխուլ բեռնատար՝ առանց համարանիշի, ինչպես հետո պարզվեց՝ վարորդն էլ՝ առանց վարորդական վկայականի։ Վարչական ղեկավարի խոսքով՝ մեքենան կանոնավոր չի օգտագործել. տարվա մեջ 20 օր՝ խոտ տեղափոխելու համար։

Համայնքի ղեկավարի խոսքով.- «Ինքը եղել է սթափ անմիջապես դեպքից հետո։ Ես երևի մի 5-10 րոպեի ընթացքում դեպքի վայրում եմ եղել։ Խմած չի եղել ընդհանրապես։ Պայմանագրային զինծառայող է, երեք հատ անչափահաս երեխա ունի, չորրորդով էլ կինը հղի է։ Ձայներ էր հանում շատ ուժեղ, լացում էր, իրեն կոտորում էր, այդ վիճակն էր»։

Ինչպե՞ս է վթարը տեղի ունեցել։ Վահանի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը միայն այն գիտի, որ ճանապարհի այդ հատվածը լուսավորված չէ, զինվորներն էլ վազելիս են եղել, ասում է.- «Դե զինվորները վազելիս են եղել։ Դե արդեն այնտեղ չես կարող պատկերացնել՝ ճանապարհի մեջտեղով են վազել, թե եզրով են վազել։ Էլ չես կարող այդ պահին կանխագուշակել՝ որ կողմով են վազել»։

Երեկոյան 9:00-ից հետո ինչո՞ւ են յոթ ժամկետային զինծառայողներ ավտոճանապարհով վազել։ Այդ ժամին նրանք պիտի զորամասում լինեին ըստ կարգացուցակի։ Ժամը 10:30-ին քնի ժամ է։ «Ազատության» տեղեկությամբ՝ Ճամբարակի զորամասի սպան նրանց պատժել է, հանձնարարել վազել զրահաբաճկոններով ու սաղավարտներով, որովհետև նորակոչիկները ճաշարանում իրենց աղմկոտ են պահել։ Պաշտպանության նախարարությունից չեն մեկնաբանում այս տեղեկությունը, միայն ասացին՝ ծառայողական քննություն է նշանակվել։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ճանապարհային երթևեկության, անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հոդվածով։ Վարորդը ձերբակալված է։

Զինծառայողի կյանք խլած այս դեպքի մասին վարչապետը խոսեց այսօրվա ճեպազրույցում, լրագրողի հարցին ի պատասխան։ Արձանագրեց՝ այս դեպքն էլ է այն մասին, որ խնդիրները համակարգային են ու կանգ առավ հատկապես այն հանգամանքի վրա, որ այդ «Գազ- 53»-ը չպիտի շահագործվեր։

«Երբ պարեկային ծառայությունը մտնում էր, Հանրապետությունից տասնյակ տարբեր տեղերից զանգեր էի ստանում, որ գյուղում մարդիկ դե խոտ են տանում, այդ մեքենաներին պետք չի համար պահանջել, տեխզննում պահանջել և այլն և այլն: Բայց, գոնե, լավ էր, որ մենք ասեցինք՝ չէ, պետք է, ի վերջո, վերջ տրվի այդ ամեն ինչին, բայց այդքանից հետո այսպիսի դեպք ենք ունենում, երբ շահագործման ոչ ենթակա մեքենան բարձում են քիչ չի, վարում են, մի հատ էլ բարձում են և մի հատ էլ այդ միջադեպն է տեղի ունենում»,- ասում է վարչապետը:

Փաշինյանը չհիշեց, չընդգծեց ու խնդիր չհամարեց ուշ ժամի զինծառայողների զորամասից դուրս գտնվելու արտառոց հանգամանքը, մինչև չհիշեցրին. «Դա պետք է պարզվի՝ ինչի էին դրսում»,- ասաց Փաշինյանը։

Ճամբարակի զորամասի բարձրաստիճանների շարքերում այս պահի դրությամբ պաշտոնանկություններ դեռ չկան։ Մեկ ամիս էլ չկա, այս զորամասում հայտնաբերվեց 20-ամյա զինծառայող Նարեկ Թորոսյանի մարմինը։ Նրա մահվան գործով երկու զինծառայող է կալանավորված։

Այս տարի 30-ից ավելի զինծառայող է մահացել, 12-ը՝ ծառայության հետ կապված մահացու դեպքերն են։

Մեկ շաբաթ առաջ Փաշինյանը նախ անոնսեց, ապա փոխեց Ռազմական ոստիկանության պետին։ «Նորանշանակ Արամ Հովհաննիսյանը հանձնարարել է կանխարգելիչ միջոցառումներ անցկացնել զորամասերում, ընթացքի մեջ է կարգազանց միջոցառումը, որի նպատակը կարգապահության պահպանումն է»,-կարդում ենք պաշտպանական գերատեսչության ժամեր առաջ տարածած հաղորդագրությունում։ Կանգ չի առնում նաև նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա էլ ստուգայցերի է. Զինված ուժերում կարգապահությունն է ստուգում։

Զինվորների մահվան ցավոտ վիճակագրությունը կանգ չի առնում։ Երեկ դեռ պարզ չէ՝ ում հանձնարարությամբ, զրահաբաճկոնով վազող Սուրենն անիվների տակ հայտնվեց, ութ օր առաջ Գրիգորի դին հայտնաբերվեց զորամասում, 30 օր առաջ Նարեկինը, հունիսին Ռոբերտն ինքնասպան եղավ, նույն ամսում Արամայիսը կախվեց Կապանի զորամասում։ Այս ամենը միայն ամռան երկուսուկես ամիսներին։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG