Առավոտյան ժամը 11-ից շարունակված Սահմանադրական դատարանի փակ նիստը ավարտվեց, Բարձր դատարանը քննությունը շարունակում է դռնբաց նիստում:
Այժմ ՍԴ-ն ուսումնասիրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած ծրարները: Օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փաստաբան Արամ Օրբելյանն էր միջնորդել դատարանին դրանք ենթարկել փորձաքննության՝ թափանցիկությունը պարզելու համար: Օրբելյանը պնդել էր, թե որոշ տեղամասերում ծրարներն այնքան թափանցիկ էին, որ անզեն աչքով հնարավոր էր տեսնել քվեարկողի ընտրությունը:
Սահմանադրական դատարանը հինգերորդ օրն է՝ շարունակում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը: Այսօր ՍԴ-ն փակ նիստում քննում էր գաղտնի ցուցակների հետ կապված հարցերը:
Դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանը ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։
Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ Բարձր դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրության արդյունքները, այսինքն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը այդ արդյունքների վերաբերյալ, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ երեք հիմնական որոշում կայացնի՝ «անվավեր ճանաչել ընտրության արդյունքները», «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգ», «նշանակել ընտրության երկրորդ փուլ»։
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակվել են 7 քաղաքական ուժերի դիմումները: