Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց, որ 3 ընտրատեղամասերում քվեարկությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, հետևաբար վերաքվեարկություն տեղի չի ունենա:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա», նիստում հայտնեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
Այս հայտարարությունից հետո դահլիճում ընդդիմության ներկայացուցիչներն իրենց դժգոհությունն արտահայտեցին, ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը հայտարարեց. «Դուք խոչընդոտում եք ՀՀ-ում ժողովրդավարության կայացմանը, Ձեր իշխանությունների հռչակած ժողովրդավարության կայացմանը»:
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շարունակեց ընթերցել որոշումը. «ԿԸՀ-ն որոշում է՝ ՀՀ ԱԺ 2026թ-ի հունիսի 7-ին կայացած հերթական ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ՀՀ Ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա»:
Վերջնական արդյունքները, ԲՀԿ-ն դուրս մնաց
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ այդմ՝
«Ուժեղ Հայաստան»-ը ստանում է 340 006 քվե կամ 23.2710 տոկոս
«Քաղաքացիական պայմանագիրը»՝ 726 819 քվե կամ 49.7456 տոկոս
«Հայաստան» դաշինքը՝ 144 983 քվե կամ 9.9231 տոկոս
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 58 287 քվե կամ 3.9893 տոկոս, այսպիսիով՝ ԲՀԿ-ն խորհրդարանում ներկայացված չի լինի:
Մանդատները
ԱԺ մանդատները բաշխվում են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր»՝ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 29 մանդատ, «Հայաստան» դաշինք՝12 մանդատ։
Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատներից ՔՊ-ն ստացել է 3, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ 1 մանդատ։
ԿԸՀ որոշումից հետո վեց կուսակցություններ հայտարարություն տարածեցին.
«Ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։ Նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա»:
Հայտարարության տակ ստորագրած կուսակցություններն են.
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք
«Հայաստան» կուսակցությունների դաշինք
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
«Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցություն
ԿԸՀ նիստի ընթացքում այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց.- «Ընտրությունների ժամանակ լիարժեք ապահովվել է ՀՀ քաղաքացիների կողմից իրենց ընտրական իրավունքի իրացումը, քաղաքացիները լիարժեք իրացրել են իրենց ընտրական իրավունքը: Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա միակ համատարած բանը, որ արձանագրվել է այս ընտրությունների ընթացքում դա մասսայական ընտրակաշառքի բաժանումն է»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել, նշելով.- «Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը բառիս բուն իմաստով ունեզրկելը: Սրանք պետք է հացին կակա ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել: Սա է քաղաքական օրակարգը»: