Գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի դեմ բողոքի հարցով դատական նիստին ընդառաջ նրա առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ակցիա իրականացրեցին կառավարության դիմաց:
Ակցիայի մասնակիցները վարչապետից պահանջում էին վերջ տալ «անօրինական գործողություններին, որ Հայաստանում այլևս չլինեն քաղբանտարկյալներ»: «Ազատություն Սամվել Կարապետյանին», «Ազատություն Հայաստանի Հանրապետությանը»՝ այս կարգախոսներով են նրանք եկել այստեղ:
«Ուժեղ Հայաստանի» անդամները պնդում են՝ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում չի վերընտրվելու, իսկ հիմա փորձում է լռեցնել իր ընդդիմախոսներին՝ նրանց կալանավորելով:
Իշխանությունները նախկինում բազմիցս հերքել են Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը և հերքել, թե Կարապետյանը կալանավորվել է քաղաքական նկատառումներով:
Վերջինիս թիմակիցներն այսօր նաև Երևանի այլ հատվածներում պաստառներ են կախել՝ իրենց աջակցությունը հայտնելով «Տաշիր կապիտալի» սեփականատիրոջը: Պաստառներն այնուհետև հեռացվել են:
Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց անցած տարվա հունիսին, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին: Իշխանությունը զավթելու հրապարակային կոչից բացի, գործարարին մեաղադրում են փողերի լվացման հոդվածով: Սամվել Կարապետյանը յոթ ամիս Ազգային անվտանգության ծառայության նկուղում էր, հիմա՝ տնային կալանքի տակ է:
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մարտի 5-ին մերժեց գործարարի փաստաբանների ներկայացված բողոքը՝ նրան տնային կալանքը տակ թողնելով:
Կարապետյանի թիմակիցները հայտարարում են, որ գործարարը «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն է, թեև փաստացի նա չի կարող վարչապետի թեկնածու լինել, քանի որ մի քանի երկրի քաղաքացի է: Նրա կուսակցությունը օրենսդրական այս արգելքը մտադիր է հաղթահարել ընտրություններում հաղթելու դեպքում Սահմանադրությունը փոխելու միջոցով: