Մատչելիության հղումներ

Ինչպե՞ս են քաղաքական ուժերն արձագանքում IRI-ի հարցման արդյունքներին

Իշխանությունը գոհունակությամբ, ընդդիմությունը կասկածանքով է վերաբերվում Ազգային ժողովի ընտրություններից երեք ամիս առաջ հրապարակված Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման արդյունքներին:

«Քաղաքացիական պայմանագրից» վստահ են՝ այս հարցումները փաստում են՝ իրենք առնվազն պարզ մեծամասնություն ստանալու են, իսկ քարոզարշավի ընթացքում արդեն կհասնեն նրան, որ հաջորդ խորհրդարանում ունենան սահմանադրական մեծամասնություն:

«Մենք դեռ մեր ամբողջ ասելիքը չենք ասել, կարծում եմ՝ դա շատ լավ գնահատական է, այն թվերը, որ երեկ հրապարակվեցին, թե այսօր, դրանք շատ լավ գնահատական են, և դուք ասում եք՝ բա ո՞ւր է սահմանադրական մեծամասնությունը, կարծես սահմանադրական մեծամասնությունը այնտեղ այսպես պիտի պատրաստի դրած լինի, կամ մենք ասել ենք, որ այդտեղ պատրաստի դրած է, և դուք էլ հիմա մեզ հանդիմանում եք»,- ասաց պատգամավոր Արման Եղոյանը:

Որ 2021 թվականին մոտ 54 տոկոս ձայն ստացած «Քաղաքացիական պայմանագիրը» սպասվող ընտրություններում 54 տոկոսից էլ ավելի շատ ձայն է ստանալու, ընդամենը երկու օր առաջ պնդել էր Ազգային ժողովի նախագահը:

Իշխանական պատգամավոր Արման Եղոյանի խոսքով՝ բացարձակ ճշգրիտ պատկեր հարցումներն ամեն դեպքում չեն կարող արտահայտել, բայց այս տվյալներն իրենց գոհացնում են: Եղոյանի պատկերացմամբ՝ նախորդ ընտրություններում իրենց ստացած քվեները արդարացված էին, կառավարությունն իրագործել է խոստումը՝ հաստատելով խաղաղություն. «Այն անդառնալի դարձնելու համար մեզ պետք կլինի քաղաքացիների ամուր և աներկբա քվեն, այն է՝ սահմանադրական մեծամասնություն, այն է՝ Ազգային ժողովի տեղերի երկու երրորդը»։

Ընդդիմադիրներին զարմացնում է ՔՊ-ականների պնդումը, թե իրենք կատարել են կառավարության ծրագրով ստանձնած պարտավորությունները: Վարչապետ Փաշինյանի պատասխանատվությամբ գործադիրը 2021-26 թվականի ծրագրում խոստանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հասնել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Ղարաբաղյան հակամարտությամբ տարիներ շարունակ զբաղված Մինսկի խումբը լուծարված է Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արցախն էլ Ադրբեջանի լիարժեք տիրապետության տակ է:

«Եղել են սիրուն խոսքեր, մեզանից ավելի սիրուն են խոսացել, բայց տակը չեն եղել քայլեր, գործեր», - շեշտեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը, որն ըստ այս հարցումների՝ երկրորդն է, ընդ որում՝ ՔՊ-ից ավելի քան երկու անգամ պակաս ձայներով, արդյունքները կասկածի տակ է դնում: Բայց անգամ այդ դեպքում Նարեկ Կարապետյանի կարծիքով՝ իշխող ուժի վարկանիշը ցածր է. «Անգամ իրենց հարցումով իրենք 24 տոկոս են հավաքել: Դա ցույց է տալիս, թե ինչքան մեծ է հիասթափությունը իշխանության նկատմամբ»:

Թե ինչու է Նարեկ Կարապետյանն ակնարկում, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման արդյունքներում խառն է իշխանության մատը, չբացատրեց: Ի դեպ, նախօրեին Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին ընդունել էին Ազզային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Արման Եղոյանն այսօր վիրավորական համարեց լրագրողի դիտարկումը, թե մամուլում տեղեկություններ կային, որ իշխանությունը սրբագրել է ամերիկյան կազմակերպության հարցումները. «Այս կազմակերպությանը շատ սերտ կապեր ունի Ամերիկայի Հանրապետական կուսակցության հետ, մեր շատ լավ գործընկերներն են իրենք, բայց մենք երբեք մեզ նույնիսկ չենք էլ կարող մտքի ծայրով թույլ տալ մտածել, որ կարող ենք իրենց հարցման արդյունքները սրբագրել»:

Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունում, որ նույն այս հարցումներով դիրքերն էականորեն զիջում է, նույնպես արդյունքները միանշանակ չեն ընդունել: Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նախընտրում է հավատալ այլ հարցումների, որոնք պնդում է՝ ցույց են տալիս, որ ընտրություններին որևէ ուժ միայնակ չի ստանա մեծամասնության քվեն:

«Մենք էլ ունենք մեր հարցումները, և այդ հարցումները բավականին, այսպես ասած, հուսադրող են և բավականին տարբերվում են այս հարցումներից, ինչը անցկացվել է կոնկրետ այդ կազմակերպության կողմից։ Մեր հարցումների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որևէ շանս չունի իշխանության գալու», - ասաց Դանիելյանը:

2021 թվականին անցողիկ շեմը չհաղթահարած, բայց օրենքի պահանջով խորհրդարան անցած «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին հարցման արդյունքներն առհասարակ չեն մտագոհել: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետականն ոչ միայն անցողիկ տոկոսներ հավաքած ուժերի թվում չէ, այլ նաև՝ մեկ տոկոս ստացածների ցանկում չկա: Սրա բացատրությունը Հայկ Մամիջանյանը չունի, փոխարենը իշխող ուժին հորդորեց չուրախանալ ստացված արդյունքներից:

«Խնդիրն այն է, որ իրենք ուղղակի հարցում կարդալ չգիտեն, որովհետև երբ որ այդ թվերը բանաձևով անցում ես անում էլեկտորալ ռեյտինգի, դա կհաստատի ցանկացած սոցիոլոգ, Փաշինյանի վիճակը այդքան էլ լավ չի լինում, առնվազն 50-ից պակաս է լինում։ Նորից, դա չի նշանակում, որ այդպես է լինելու։ Երեք ամիս դեռևս կա, դեռևս բոլորը չեն հայտարարել, դեռևս ոչ մի ցուցակ հրապարակված չէ, դեռևս վարչապետի թեկնածուների կեսն են միայն հրապարակված, բայց այնուամենայնիվ, այն, որ այդպես ուրախ-ուրախ տարածում են, դա իրենց վնաս է։ Այս հարցման արդյունքներով սոցիոլոգիական բանաձևերի կիրառմամբ Փաշինյանը 50-ից պակաս է հավաքում», - ասաց Մամիջանյանը։

Հանրապետականի գործադիր մարմնի անդամն ասաց՝ այս հարցումներով շարունակում է աճել եկեղեցու վարկանիշը, ուստի ընդդիմությունը պետք է մարդկանց բացատրի՝ եթե եկեղեցու կողքին են, ուրեմն դեմ են Նիկոլ Փաշինյանին. «Այս հարցումներն ինձ համար ավելի շատ աշխատելու հնարավորությունների և ուղղությունների ցույց տվող հարցումներ են, քան թե թվեր։ Իսկ մեր ռեյտինգի մասով ասացի, մեզ անկեղծորեն դա այդքան էլ չի հետաքրքրում»։

Ազգային ժողովի հերթական ընտրություններին երեք ամիս է մնացել, քարոզարշավին՝ երկու: Քաղաքական դաշտում վերադասավորումները շարունակվում են:

XS
SM
MD
LG