Ինչո՞ւ իշխանությունը ազատ չի արձակում տնային կալանքի տակ գտնվող միլիարդատեր գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, որպեսզի նա էլ Փաշինյանի նման հավասար պայմաններում մասնակցի նախընտրական պայքարին, այսօր հարցրեցին Նիկոլ Փաշինյանին:
Մեծ քաղաքականություն նոր մտած միլիարդատեր գործարարին վարչապետը հուշեց, թե ինչպես նա կարող է այդ «անհավասար մրցակցության» խնդիրը շրջանցել:
«Իմ պայքարի և հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցներից մեկը իմ սոցիալական ցանցերի էջերն են և ուղիղ եթերները, և պրոբացիայի ծառայության պարզաբանումից հետո հասկացանք, որ ոչ մի բան չի խանգարում, որ ձեր նշած մարդը ուղիղ եթեր մտնի, եթե հեռախոս ձեռք բերելու խնդիր ունի, կարող ենք աջակցել, նույնիսկ ինտերնետը և հեռախոսի չիպը ապահովել», - ասաց Փաշինյանը:
Իշխանական Civic -ի հարցմանն ի պատասխան՝ անցած ամիս Պրոբացիոն ծառայությունը նշել էր, թե Սամվել Կարապետյանին չի արգելվում հրապարակային տեսաուղերձներ հղել և հաղորդագրություններ տարածել:
Սամվել Կարապետյանի փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը, սակայն, ի պատասխան այս հայտարարության, պնդել էր, թե պետք է անտեսել Պրոբացիոն ծառայության այդ գրությունը, քանի որ ըստ Վարդևանյանի՝ « նման հարցերի ու իրավական հետևանքների գնահատող մարմինը քննչական և դատախազության պաշտոնատար անձինք են»: