Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ»-ը պետականացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց Գլխավոր դատախազությունը պնդեց, թե 2000-ականների սկզբին գործարանը խախտումներով է մասնավորեցվել:
Գործարանը պետականացնելու իշխանության մտադրությունները Գագիկ Ծառուկյանի համար անակնկալ չէին: Սյունիքում քարոզարշավ անող «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը ենթադրեց, թե իր արտադրած ցեմենտը խաղից հանում են, որ Ալիևի ևս մեկ պահանջ կատարվի:
«Ինձ տեղյակ պահել էին, բայց քանի որ նայելով իրավիճակը, և սա պահանջն ա Ալիևի, որ նույն վագոնները գալիս են բենզինով, հիմա ուզում են նույն, ասենք թե, Ադրբեջանի ցեմենտը Հայաստան մտնի», - հայտարարեց ԲՀԿ առաջնորդը:
Չնայած Ծառուկյանի այս պնդմանը՝ Երևանն ու Բաքուն առայժմ ցեմենտի ներմուծման մասին չեն հայտարարել:
Իսկ առավոտյան վարչապետն իր քաղաքական մրցակցի գործարանը համարում էր նրա «բիզնես ողնաշարը», «մաֆիա» էր անվանում Ծառուկյանին ու նրա խնամիներին և սպառնում, որ շատ արագ կլուծվի գործարանում ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցը՝ այնպես, ինչպես եղավ մյուս մրցակցի՝ Սամվել Կարապետյանի էլցանցերի դեպքում:
«Եվ առաջիկայում, ես ասում եմ, որ «Արարատցեմենտ» գործարանը նույնպես՝ որպես Գուլոյան-Ծառուկյան կլանի կողմից ապօրինի յուրացված գույք, կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը և կպետականացվի, կազգայնացվի», - հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը:
ԲՀԿ առաջնորդի պատասխանը չուշացավ. քարոզարշավի առաջին կանգառում ասաց՝ իրեն դրանով չեն վախեցնի:
«Ես ասել եմ՝ իմ հայրենիքը ունեցվածքով ես չեմ կարա փոխեմ: ... Էսօր 20 տարի առաջ սեփականաշնորհված գործարանը ասում ա «Ծառուկյանից վերցնելու ենք և տալու ենք ժողովրդին»: Էլի ժողովրդինն ա՝ աշխատում են, հարկերը տալիս ենք, ինչ վերցրել ենք, մի բան էլ ավել, քարը քարին դրել զարգացրել ենք: Օրինական կա, առել ենք, ամեն ինչն էլ իրա տեղում, էդ 25 տարի անցել ա, նո՞ր են հիշել, ինչի՞ մասին ա խոսքը: Հարկերն ենք տալի, ամեն ինչը տեղը տեղին: Սա նշան ա, որ արդեն նրանք զգալով, արդեն պատկերացնում են՝ իրենց վերջը էկել ա», - ասաց Ծառուկյանը:
Իսկ Դատախազության հաղորդագրությունից դեռ շատ բան պարզ չէ՝ մասնավորապես, թե անձամբ Ծառուկյանն ինչ ենթադրյալ խախտում է թույլ տվել: Նշում են, որ քրեական վարույթ է հարուցվել՝ պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով: Ովքեր են այդ պաշտոնյաները, ով և ինչքան գումար է լվացել, պարզ չէ:
Ըստ հաղորդագրության՝ 24 տարի առաջ Կառավարության որոշմամբ պետական սեփականություն հանդիսացող 317 003 բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը 10 հազար դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքով մասնավորեցվել են «Ռոբերտո» բելգիական կազմակերպությանը, որի հիմնադիրները, սակայն, Հայաստանի քաղաքացիներ են եղել: Մասնավորեցվող բաժնետոմսերի գին է սահմանվել 200 հազար ԱՄՆ դոլար, բայց ընկերության կապիտալը համարժեք է եղել մոտ 18 հազար եվրոյի: Այդ ընկերությունում նախ կառավարիչ է նշանակվել Ծառուկյանի փեսայի հորեղբայրը՝ Վահագն Գուլոյանը, վեց ամիս անց Ծառուկյանն է դարձել գործարանի միանձնյա կառավարիչը՝ անսահմանափակ ժամկետով: Իսկ «Ռոբերտո» ընկերությունը հինգ տարի անց լուծարվել է:
Ու մինչ իրավապահների հաղորդագրությունից հետո ծագած հարցերն անպատասխան են մնում, Նիկոլ Փաշինյանը այս լուրով կիսվել է իր էջում ու գրել՝ «Ծառուկյան-Գուլոյան մաֆիան այս անգամ չի պլստա»:
«Արարատցեմենտ» գործարանում մոտ 1100 մարդ է աշխատում, ըստ Ծառուկյանի՝ ամսական 500 միլիոն դրամի հարկ են վճարում: Այս գործարանի անունը հիշատակվում է նաև ապօրինի գույքի բռնագանձման գործում: Ըստ «Դատալեքս»-ի տվյալների՝ պետությունը պահանջում է «Արարատցեմենտ»-ի 237 753 բաժնետոմսերը: 2023 թվականին հարուցված վարույթով առայժմ դատական վճիռ չկա:
ԲՀԿ առաջնորդն ու նրա թիմը կարծում են, որ Ծառուկյանի հասցեին սաստկացող մեղադրանքներով Փաշինյանը փորձում է վախի մթնոլորտ ձևավորել և կանխել «իր վերջը»:
Փաշինյանը «պատերազմի եռագլուխ կուսակցություն» անվանելուց բացի երեկվանից նաև «լրտեսներ» է անվանում իր քաղաքական հակառակորդներին: Այսօր օրվա երկրորդ կեսին ավելի հեռուն գնաց. - «Գագիկ Ծառուկյանն էլ կապ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ և կոնտակտ ա օտարերկրյա հատուկ ծառայությունների, հաշվառված ա որպես համագործակցող անձ: Բայց հիմա, ինչպես ասում են, կենացները քաղցրանում են, օպերատիվ տեղեկություններ ունեմ, որ Գագիկ Ծառուկյանի ամենաբարձր տեղերում գտնվողներից մեկը արդեն լրտես ա ոչ թե բառիս քաղաքական, այլ բուն իմաստով: Եվ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հիմա ամփոփում ա օպերատիվ տվյալները, և չեմ բացառում, որ առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանի ցուցակում գտնվող մի անձի վերաբերյալ, որի անունը ես կտամ էսօր՝ Վանաձորի հանրահավաքին, պետական դավաճանության հոդվածով քրեական գործ կհարուցվի»:
Ծառուկյանը լրտեսության մեղադրանքներին այսպես է արձագանքում. - «Ես երբեք իմ բարձունքից չեմ իջնի և իմ կլասը չեմ գցի: Սա նշան ա իրա խառնաշփոթության, իրա վախի, որ կորցնում ա ամեն ինչ: Միայն վախի մթնոլորտ է, որը դա ստեղծած է, դա ժամանակավոր բնույթ է կրելու: Ցնցումների մեջ ա ընկնում, խոսում ա՝ վիրավորելով, կամ, չգիտեմ, մարդկանց, ասենք թե, տեղին թե անտեղի վիրավորելու համար: Սա նշան ա վախի, որ վերջը եկել ա»:
Փաշինյանը երբ գործնական քայլերի կանցնի «Արարատցեմենտ»-ը պետականացնելու հարցում, դեռ պարզ չէ: Բայց վարչապետի այսօրվա հայտարարությունից հետո Դատախազությունը պնդեց, թե երկու շաբաթ առաջ՝ մայիսի 5-ին դիմել է Կառավարությանը, որ ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակվի: Լոռիում քարոզարշավ անող վարչապետից այսօր չի հաջողվել ճշտել՝ ինչպես են դա անելու: Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու համար, օրինակ, իշխող ուժը ստիպված էր հրատապ օրենքներ փոխել: