Մատչելիության հղումներ

Փաշինյանը հայտարարեց՝ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական, Ծառուկյանն արձագանքեց՝ հայրենիքը չեմ փոխի ունեցվածքի հետ

Լրացված

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Լոռիում քարոզարշավը սկսեց քաղաքական հակառակորդներին ուղղված քննադատությամբ: Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ասաց՝ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է ՀՀ-ին»:

«Որովհետև էդ Գուլոյան-Ծառուկյան [Խոսքը Կոտայքի նախկին մարզպետ, Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի մասին է-խմբ.] մաֆիայի մախինացիան բացահայտվել է և ՀՀ կառավարությունն արդեն գրություն է ստացել ՀՀ դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման, և առաջիկայում՝ շատ արագ, մենք ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտում ենք նշանակելու կառավարիչ»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, թե այս պահից սկսած գործարանի աշխատակիցները «Ծառուկյանի և Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, քանի որ նրանց գործատուն այլև Հայաստանի Հանարապետությունն է»:

Ծառուկյանն ու նրա հարազատներն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով: «Դատալեքս»-ում հրապարակված գործի նյութերի համաձայն՝ պետությունը ի թիվս այլ գույքերի պահանջում է նաև բռնագանձել Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի 237.753 հատ բաժնետոմս: «Արարատցեմենտ»-ի առնչությամբ կայացված դատական ակտի մասին տվյալներ «Դատալեքս»-ում չկան:

ԲՀԿ առաջնորդն անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանն այսօր ասել է. «Դրա մասին ինձ դիմել էին, ասել էին՝ սենց բան է ուզում անի, ես ասել եմ՝ կյանքում ես չեմ կարող իմ հայրենիքը փոխել ունեցվածքի հետ: Օրինական կա, առել ենք, ամեն ինչն էլ իրա տեղում է, 25 տարի անցել է, նո՞ր են հիշել: Հարկերն էլ տալիս ենք: Սա նշան է, որ նրանք զգում են, որ իրենց վերջը եկել է»,- նշել է Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդն ավելի վաղ պնդել էր, որ քարոզարշավն անցնում է վախի, աշխատանքից ազատելու սպառնալիքների ներքո:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG