Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավային հանգստյան օրը Արամ Ասատրյանի երգով ու սրտիկով սկսեց, թիմակիցների հետ Կենտրոնում սրճելուց հետո Դավթաշեն վարչական շրջան գնաց: Ալկոհոլ օգտագործելու հետևանքով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին առանց քննության վկայականը վերականգնելու խոստումից մեկ օր անց էլ խոստացավ օրենսդրական փոփոխություններ իրականացնել ու ապօրինի կառուցված տներն օրինականացնել:
«Օրենք ենք ընդունում, որովհետև հատ-հատ չի լինում լուծել, երկար ա լինում, ուզում ենք օրենք ընդունենք հեշտացված կարգով... Ո՛չ գույքահարկ ենք մուծում, ո՛չ հողի հարկ ենք մուծում... Մարդու տունը սարքել ա 40 տարի մեջը ապրում ա, ի՞նչ պիտի ասենք, հո չե՞նք ասելու դուրս եկեք տնից: Հիմա դրա համար, քանի որ շատ ա թիվը, հատ-հատ մարդիկ դիմում են, հատ-հատով մինչև լուծում ենք, տարիներ ա տևում», - հայտարարեց վարչապետը:
Փաշինյանին մոտեցողներից ոչ բոլորն են խնդիրներով դիմում, շատերը վարչապետին համբուրելու ցանկություն են հայտնում: Մի կին, օրինակ, նրա հեղինակած գիրքն է շատ հավանել. - «Երբ Դուք սկսեցիք քայլերթը Գյումրիից, ես Ձեզ չէի ճանաչում, հետո իմացա գիրք եք գրել, ման եկա, գտա ու մեկ շնչով կարդացի, շատ հավանեցի, համաշխարհային դասական գրողներ կան, որ շատ դժվար է կարդացվում... »:
Նրան մոտենալու ու նկարվելու անվտանգության կանոններ կան՝ մարդիկ մի կողմից մոտենում են, մյուսից՝ գնում, այս ամենը՝ անվտանգության աշխատակիցների կազմած շղթայի ներսում:
Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագրի» մյուս կարկառուն դեմքերը, սակայն, ոչ միայն ջերմ խոսքեր լսեցին. Դավթաշենի բարձրահարկերից մեկի մոտով անցնելիս պատշգամբից մեկը «Նիկո՛լ, դավաճա՛ն» բղավեց, իշխող ուժի աջակիցները շատ սուր արձագանքեցին, թե «դավաճանը մամադ ա». - «Կամաց, կամաց, հետևդ պայթեց, աղջիկ ջան, գրիժա կստանաս»:
Նախընտրական քարոզարշավի առաջին տասն օրերի ընթացքում բազմաթիվ են «Քաղաքացիական պայմանագրի» կողմից վարչական ռեսուրսի կիրառման ահազանգերը: Արագածոտնում նրանց քարոզարշավին դասի ժամին ուսուցիչներ ու աշակերտներ էին մասնակցում, ընտրություններին մասնակցող «Միասնության թևեր»-ի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն էլ օրերս մի ձայնագրություն հրապարակեց, որտեղ լսվում էր, թե ինչպես է դասախոսն իր ուսանողներին հորդորում մասնակցել «Քաղաքացիական պայմանագրի» Արմավիրի հավաքին: Այս ահազանգերի վերաբերյալ, սակայն, մինչ այս պահը իրավական գործընթաց չի սկսվել. վարչապետը հայտարարել է ուսուցիչների ու աշակերտների մասնակցության փաստերով ծառայողական քննության մասին:
Այսօր էլ Դավթաշեն այցի ընթացքում «Ազատություն»-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների նկատեց. քարոզարշավին մասնակցում էր, օրինակ, կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:
Արդեն ութ տարի երկիրը ղեկավորող Փաշինյանը մեքենայի թափքին կանգնած ելույթ ունեցավ ու դարձյալ նախկիններին մեղադրեց թալանի համար:
«Այդ 23 գլխանի հրեշի գլուխը կտրելով ձեզ հետ միասին եկել ենք և մնացել ա վերջին երեք գլուխները ... Ես դրանց դեպի պետական միջոցներ ձգվող ձեռքերը ջարդել եմ, ... ես դրանց թալանչի ձեռքերը կոտրել եմ», - մասնավորապես հայտարարեց վարչապետը:
«Վարչապետի թեկնածուն պարտավոր է «փսիխոյի թուղթ» հանել մինչև ընտրություններին մասնակցությունը»
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այսօր Չարենցավանի դահլիճներից մեկում էր քարոզարշավ իրականացնում: Նա նույնպես վերջին օրերին կոշտ արտահայտություններ է օգտագործում. նախ երկրորդ նախագահն ու վարչապետը միմյանց «համբալ» անվանեցին, հիմա էլ.
«Պետության ղեկին մարդը, մի պետություն, որն ունի մոտ 3 միլիոն բնակչություն, կարծում եմ ևս պետք է «փսիխոյի թուղթ» հանի, և մենք անպայման մտցնելու ենք նաև մեր ծրագրի մեջ ... որ մենք այլևս գժեր պետական ղեկի վրա չունենանք, ուրիշ տարբերակ պատնեշ դնելու չկա», - հայտարարեց Քոչարյանը:
«Ուժեղ Հայաստանը գալիս է»
Սոցիալական մեծ խոստումներ է տալիս նաև ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքը. նրանք այսօր Արմավիրի մարզում էին: Դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հիմա էլ քաղաքացիների վարկային բեռը նվազեցնելու ծրագրի մասին է խոսում.
«Եթե մեկը 1.5 տարի ուշացած վարկ ունի ու գրանցվում ա աշխատանքի, մեր ծրագիրն ա, որպեսզի վարկի մայր գումարը փակվի իրա վճարած հարկերից, ոչ թե իրա աշխատավարձից»:
Թե ինչ հաշվարկներ կան այս ծրագրի հետևում՝ պարզ չէ:
Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը Մեծամորում հավաքի մասնակիցներին տեսաուղերձով դիմեց. - «Ուժեղ Հայաստանը գալիս է, ամուր հավատ, պինդ ժողովուրդ, Ուժեղ Հայաստան»:
Ծառուկյանն արդեն չի բացառում իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում
«Եվրոպայից եկան, օդի մեջ դատարկ-դատարկ խոսեցին, գնացին». - ԵԱՏՄ-ում մնալուն կողմնակից գործարար Գագիկ Ծառուկյանն այսօր Արագածոտնում էր: Նրա ղեկավարած «Բարգավաճ Հայաստան»-ի ծրագրում տնտեսական այնպիսի խոստումներ կան, որոնց անգամ աշխարհի ամենազարգացած երկրները չեն հասել: Ծառուկյանը սոցիալական հարցերի էլ է անդրադառնում՝ վարկային համաներում մինչև 3 միլիոն պարտք ունեցողներին, թե ինչպես է գործարարը պատկերացնում պետական բյուջեի վրա այդչափ բեռի ավելացումը, պարզ չէ.
«Ինչքա՞ն ա վարկդ ...10 հազար դոլար ... դրա համար պետությունը պետք է մինչև 3 միլիոն դրամ ներում շնորհի իր ժողովրդին՝ բոլորին. 2 միլիոն 200 հազար մարդ ճահիճից գոնե մարդն իր վաստակածով ինքը կարողանա իր ընտանիքին կերակրի կամ փողոցում չմնա»:
Ի դեպ, մինչ այս պահը վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը բացառող Գագիկ Ծառուկյանն արդեն այլ կերպ է պատասխանում հարցին. - «Ունեմ 3-4 հոգի մարդ. փորձն ունեն, արդյունքը ցույց են տվել, որ իրանք կարող են կառավարել, եթե նրանց միջից չեղավ, իմ ժողովուրդը, իմ թիմակիցները չհամաձայնեցին, էն ժամանակ նոր իմ հարցը կքննարկենք»: