Մատչելիության հղումներ

Տավուշում Գագիկ Ծառուկյանն առաջարկում է սպասել կարևոր փոփոխության՝ առջևում Հիսուսի արձանի բացումն է

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը քարոզարշավի 6-րդ օրը Տավուշի մարզում է: Մինչև այժմ վարչապետի թեկնածուի անունը գաղտնի պահող Գագիկ Ծառուկյանը Աչաջուր համայնքում հավաքված բնակիչներին հավաստիացնում է՝ ունեն լավ թիմ, խոստումնալից ծրագիր, որպեսզի երկիրը հանեն, իր բնորոշմամբ, «ծանր վիճակից»:

Շատ են խնդիրներն Աչաջուրում, նեղսրտում է մի տղամարդ ու կենտրոնանում գյուղատնտեսության վրա. «Տարիներ առաջ ունեինք մինչև 250, 300 հա աշնանացան ցորեն, այս տարվա կտրվածքով ընդամենը կարող է լինի 1-2 հա։ Սա ցավալիորեն եմ նշում, որովհետև Դուք նաև շեշտեցիք, որ գյուղնախարարություն չունենք, եթե գյուղնախարարություն չունենք, ինչի՞ մասին ենք մենք մտածում»։

Գյուղատնտեսության մասին ծավալված զրույցը Ծառուկյանը երկար չի շարունակում, առաջարկում է մարդկանց քայլ անել, որ փոփոխություն լինի: Դժգոհ է, իր տպավորությամբ շուրջբոլորը միմյանց վիրավորում են, նա նկատի ունի նաև վարչապետին:

Նիկոլ Փաշինյանը, որ պարբերաբար պնդում է, թե ինքն իրավապահների աշխատանքին չի միջամտում, երեկ հետախուզման մեջ գտնվող Գագիկ Ծառուկյանի որդուն անվանել էր «լակոտ» և սպառնացել «վզից բռնած» Բելառուսից բերել և ենթարկել պատասխանատվության:

«Էսօր ժողովուրդն արդեն զզվում է. ո՛չ ուզում է հայհոյանք լսի, ո՛չ վիրավորանք։ Ցանկանում են, որ կարողանան իրենց մասին մտածեն, մի քայլ կատարեն, մարդու մատից մի փուշ հանեն, մարդուն հնարավորություն տան, էս կյանքում կարողանա ապրի, վայելի, դեմքին ժպիտ գա, իսկ էդ դատարկ խոսացողները, որ կյանքում քարը չեն դրել քարին, նրանք ո՞նց կարան»,- ասում է Գագիկ Ծառուկյանը։

Ծառուկյանը, որ 2018-ի հեղափոխությանը միացավ այն փուլում, երբ գրեթե հասունացել էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, այսօր հայտարարեց՝ նաև ինքն է մեղավոր եղած խնդիրների համար։ Հավատացել է Նիկոլ Փաշինյանին և նրան ձայն տվել, բայց ութ տարի անց ասաց՝ նրան պետք է հեռացնել:

Հավաքին մասնակցող մեկ այլ տղամարդ Հայաստանի անվտանգությամբ է անհանգիստ, ասում է. «Այսօրվա դրությամբ ոնց մտածում եմ՝ ոչ մի անգամ սենց վտանգավոր չի եղել մեր վիճակը, ըստ ինձ։ Ես ուզում եմ Ձեր ծրագիրը...»։

Երաշխավորված խաղաղության մասին է դարձյալ հիշեցնում Գագիկ Ծառուկյանը: Տալիս է Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, անգամ Պակիստանի անունը: Այս երկրի հետ Հայասատանն ավելի քան երեք տասնամյակ չի ունեցել դիվանագիտական հարաբերություններ: Իրավիճակը փոխվել է ոչ վաղ անցյալում՝ անցած տարվա օգոստոսին:

«Պակիստան, Ռուսաստան, այսինքն՝ մենք Ալիևի հետ պետք է պայմանավորվենք՝ խաղաղություն է, թուղթը ստորագրում ենք, սահմանը գծում ենք, որևիցե մեկը մեկին չի խանգարելու, ինչ եղել է կանգնում ենք, այդ ժամանակ նրանք երաշխավորում են՝ դուք համաձայնեք՝ ով փորձեց խախտել, ուրեմն մենք իրան պատժելու ենք»,- ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Հայաստանում խնդիրները միայն սոցիալական ու անվտանգային չեն, անարդարություններ էլ կան, շարունակում է Ծառուկյանն ու պնդում՝ իշխանությունը նախընտրական այս փուլում ապօրինությունների է դիմում. ասաց՝ իր հայրենի Աբովյանում 52 պարեկի են գործից հանել, որոնց հարազատներն իր բիզնեսներում են աշխատում կամ իր համակիրներն են.

Ծառուկյանի խոսքով.- «52 հատ պարեկի գործից հանել են, որ մարդը քննություններն անցել է...որ հերը իմ աշխատողն է, որ աներն իմ կողմնակիցն է, եղբայրն իմ կողմնակիցն է, հանել են»։

Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունից հերքեցին այս լուրը, Ծառուկյանը, սակայն, շարունակեց պնդել ասածը:

Իսկ պարեկի, դեղորայքի սխալ արտասանությունն ու անգամ իր միանման վերնաշապիկների շուրջ քննարկումներն այս պայմաններում զարմացնում են Հայաստանի հարուստ մարդկանցից մեկին. «Ծառուկյանը երեք գույնի սառոչկա է հագնում, Ծառուկյանի տղան Բելառուսում է, գնացեք դուք մեր գերիներին բերեք, ամոթ է, խայտառակ ենք լինում, խաղաղություն եք բերել, բայց էսօր գրեիներն էնտեղ նստած են, ինչ խաղաղության մասին է խոսքը»,- շեշտում է Գագիկ Ծառուկյանը։

Խնդիրները շատ են ամփոփում է Ծառուկյանն ու առաջարկում զինվել համաբերությամբ, ամենակարևոր փոփոխության համար, ասում է՝ քայլն արված է:

«Կառուցում եմ Հիսուս Քրիստոսի արձանը, որ գոնե մեր հայությունն աշխարհին ասելու բան ունենա, որ ոչ թե պարտվել ես, ոչ մի բան չկա, այլ մենք աշխարհի առաջին քրիստոնյա ազգն ենք, որ մենք ասելու բան ունենանք, նաև թող պահապան լինի մեր ազգին, մեր ժողովրդին, Աստծո կամոք 27 թվականին կբացենք, ամեն ինչ կփոխվի, կզարգանա, շարժ կլինի, ասում եմ՝ միլիոնավոր տուրիստներ են գալու»,- նշեց ԲՀԿ առաջնորդը։

Աչաջուրցի մեկ այլ տղամարդ բառեր չի խնայում, որ շնորհակալություն հայտնի Գագիկ Ծառուկյանին՝ Կոտայքի մարզում Փրկչի արձանը տեղադրելու համար, ասում է.- «Դա Ձեզ աստվածացրել է, երկրային կյանքում Դուք նույն Քրիստոսն եք, երկնայինում մեր Հիսուս Քրիստոսը»։

Գագիկ Ծառուկյանը չի առարկում, ավելին՝ կիսվում է իր նոր գաղափարով. «Բացի դա, դրա կողքը՝ մյուս սարի տակ էլ, Նոյյան տապանն եմ կառուցելու, որ ամբողջ աշխարհը թնդացնենք, որ բոլորը գան տեսնեն՝ մենք ձեռագիր ունեցող, պատմություն ունեցող ժողովուրդ ենք»։

ԲՀԿ առաջնորդն այսօր բուկլետներ չէր բաժանում, ասում է՝ իրենք հենց քաղաքացիներին լսելով են կազմել ծրագիրը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG