Մատչելիության հղումներ

Ծառուկյանը բացառում է ՔՊ-ի հետ հետընտրական համագործակցությունը՝ նախորդ փորձից ելնելով

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բացառում է «Քաղաքացիական պայմանագրի» հետ հետընտրական համագործակցությունը՝ նախորդ փորձից ելնելով, պարզաբանեց գործարարը՝ պատասխանելով «Ազատության» հարցին՝ եթե ընդդիմադիր ուժերը չստանան այնքան ձայն, որ կարողանան իշխանություն ձևավորել, ու «Քաղաքացիական պայմանագրին» իշխանություն դառնալու համար անհրաժեշտ լինի ԲՀԿ-ի ձայները, Գագիկ Ծառուկյանը կմիանա՞ Նիկոլ Փաշինյանին:

2018-ին միացել է՝ հավատալով Փաշինյանի խոստումներին, բայց դրանցից ոչ մեկն, ըստ Ծառուկյանի, չի իրագործվել:

«Ասում էր՝ ժողովուրդը տուգանելու մատերիալ չի, «Ղարաբաղը Հայաստան է ու վերջ», և այլն: Նիկոլ Փաշինյանն 8 տարի վարչապետ է, խոսքեր է տվել, ասել է՝ ինչեր է անելու, մինչև այսօր իր ասածներից կա՞ մեկը արած լինի», - ասաց Ծառուկյանը:

Խաղաղության պայմանագրի մասին

Այլ ուժերի հետ հետընտրական համագործակցությունից ընտրություններին մասնակցող ԲՀԿ-ի առաջնորդը չխոսեց, ավելի վաղ բացառել էր նաև Ռոբերտ Քոչարյանին միանալը: Շարունակեց քննադատել գործող իշխանությանը, թե Ադրբեջանի հետ նախաստորագրած խաղաղության պայմանագիրը սևագրություն է, անվտանգության ոչ մի երաշխիք չկա:

Նախկին պատգամավորը, որ Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնություններով երբեք աչքի չի ընկել, վստահեցնում է, թե գիտի ինչպես պետք է ապահովել պետության անվտանգությունն ու կայուն խաղաղությունը՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի երաշխավորմամբ: Այսօր մեկն էլ ավելացրեց՝ «Հնդկաստանի»:

Ինչպե՞ս է հակառակորդ գերտերություններին մի սեղանի շուրջ հավաքելու որպես Հայաստանի խաղաղության երաշխավոր, դիվանագիտական ի՞նչ ճանապարհներ գիտի Ծառուկյանը, հարցրինք նրան:

«Ծառուկյանը էնքան գիտի, որ որևցէ մեկն էդքան ոչ գիտի, ոչ էլ պատկերացնում է, ես իմ երկրի, ժողովրդի անվտանգությունը պետք է ապահովեմ, կապն էլ, հնարավորությունն էլ ունեմ՝ և՛ Չինաստանով, և՛ Հնդկաստանով, և՛ Ռուսաստանով, պետք է մենք կարողանանք էդ հարցը կարգավորենք երաշխավորած», - պատասխանեց ԲՀԿ առաջնորդը:

Իր անձնական կապերով է պատկերացնում Ռուսաստանին ու Ամերիկային, Չինաստանին ու Հնդկաստանին Հայաստանի խաղաղության երաշխավոր դարձնելու իր ծրագիրը: Ծառուկյանը զայրացավ, որ կասկածող կա. «Ուրեմն աշխարհում ոչ մի բան հեշտ չի, պիտի կապ ունենաս, հնարավորություն ու ծանոթություն: Ես Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ համագործակցում եմ արդեն 20 տարի, Ռուսաստանի «Եդինայա Ռոսիայի» հետ մենք համագործակցում ենք 20 տարի: Նրանցից հասնում է միայն երաշխավորությունը, եթե ես ու Ալիևը պայմանավորվում ենք, որ ինչ եղավ անցած լինի, համարենք պետք է չլիներ, բայց այսօր մեր սահմանը մերն է, քոնը՝ քոնը, ով խախտեց պետք է պատժվի, արի ստորագրենք, կողքի պետություններն էլ իրենց երաշխավորությունը տալիս են»:

Նախաստորագրված հայ - ադրբեջանական պայմանագիրը փխրուն որակող Ծառուկյանը կարծում է, որ Փաշինյան ու Ալիևն էլ կարող են երաշխավորված խաղաղություն ստորագրել, եթե ամեն ինչ հանրության աչքի առաջ պայմանավորվեն:

«Երաշխավորված խաղաղությանը կարան Ալիևն ու մեր վարչապետ Փաշինյանը իրար հետ ստորագրեն, հանրության առաջ նստեն, ասեն ինչ եղել է, համարում ենք անցած լինի, որ կարողանանք իրար կողքի աշխատել, մեկս մեկին օգնի, ստորագրեն՝ եթե մեր սահմանները սա է, Ադրբեջանինը՝ սա: Եթե որևէ մեկը խախտի, ուրեմն էսքան տուգանք պետք է վճարի կամ էսքան տարածք պետք է զիջի: Այդ ժամանակ ես կհամարեմ, որ արդեն կա խաղաղություն», - ասաց Ծառուկյանը:

Արտաքին քաղաքականության մասին

Իսկ ինչպե՞ս է պատկերացնում Գագիկ Ծառուկյանը Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այնպես, ինչպես իր ընկեր Լուկաշենկոյի ղեկավարած Բելառուսն է Ռուսաստանի հետ դաշնակցո՞ւմ, թե՞ այլ պատկերացում ունի: Իշխանությանը ձգտող գործարարը այս հարցին չպատասխանեց, փոխարենը պնդեց, թե Բելառուսի նախագահը ինչքան է սիրում հայերին ու որ հարցով դիմել է, աջակցել է: Մինչդեռ 44-օրյա պատերազմից հետո Լուկաշենկոն շնորհավորել էր Ալիևին՝ «Ադրբեջանի ազգային նպատակներն իրագործելու համար»:

«Ի՞նչ հարց է եղել, որ Լուկաշենկոն պատրաստ չի եղել Հայաստանի համար, 100 անգամ ասել եմ՝ կարաք Անդրանիկին, Քոչարյանին հարցնեք, ասել եմ՝ ինչ զենք պետք է՝ տալիս է, որ Բելլային ձերբակալել էին, պետք է ուղարկեին Ադրբեջան, կես բերան ասել եմ՝ իմ հայն է, խնդրում եմ պատժեք, թող մնա Բելառուսում, ասել է՝ «ես հայերին էնքան եմ սիրում, հարց չկա, տար Հայաստան», - ասաց Ծառուկյանը:

30 տարի անընդմեջ Բելառուսը ղեկավարող Լուկաշենկոյին գովերգող Գագիկ Ծառուկյանը քննադատեց Փաշինյանին Ֆրանսիայի նախագահի հետ հույսեր կապելու համար: Զարմանում է, որ մարդիկ խոսում են Եվրասիական տնտեսական միությունը Եվրամիությունով փոխելու մասին:

«Ի՞նչ ենք անելու, գազը դարձավ Եվրոպայի գնինի՝ 600-800 դոլար, ի՞նչ ենք անելու: Մի հատ Եվրոպան եկավ օդի մեջ... Մակրոնն էսօր կա, վաղը չկա, նա արդեն 7 տոկոսանոց մարդ է, Մակրոնի վրա մենք հույս ենք դնո՞ւմ: Ինքն իր երկրում՝ 7 տոկոս, չի ընտրվելու, մենք հույսն ո՞ւմ վրա ենք դնում», - ընդգծեց նա:

Ի՞նչ ակնկալիքներ ունի այս ընտրություններից Գագիկ Ծառուկյանը, որ նախորդին չհաջողվեց անգամ անցողիկ շեմը հաղթահարել. «Կարող է երևի չհաղթահարենք էլ»:




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG