Նոյեմբերյան համայնքում «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր օգնության տարատեսակ խնդրանքներով իրեն մոտեցած մարդկանց հիշեցնում էր, որ նախընտրական շրջան է չի կարող հատկապես գումարով օգնել՝ կաշառք կդիտարկվի, կբռնեն իրեն:
«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը երեկվանից Տավուշի մարզում է, որտեղ 2024-ին մասնակի սահմանազատում եղավ, 4 գյուղ վերադարձվեց Ադրբեջանին: Խոշորացված Նոյեմբերյանում Գագիկ Ծառուկյանին լսելու էր եկել նաև ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ համայնքապետը, որը դեմ էր սահմանազատման՝ իշխանության ընտրած ձևաչափին՝ այն համարելով միակողմանի զիջում:
Ծառուկյանն երեկ հայտարարել էր, թե Կոտայքի մարզում 52 պարեկ է աշխատանքից ազատվել, միայն այն բանի համար, որ նրանց հարազատներն իր աջակիցներն են: Ներքին գործերի նախարարությունը հերքել է Ծառուկյանի այս պնդումը: Այսօր էլ վարչապետ Փաշինյանն է արձագանքել, նշելով, եթե պարզվի, որ 52 պարեկ իսկապես կապ ունեն Ծառուկյանի հետ, ապա դա կոռուպցիա է, և նրանք կազատվեն աշխատանքից, իսկ չազատողներին ինքը կազատի։
Փաշինյանն այս թեման կապել էր հետախուզման մեջ գտնվող Ծառուկյանի որդու՝ երկրից անարգել հեռանալու հետ՝ ենթադրելով, որ նրան կարող էին աջակցել։ Նա նաև զարմացել, թե ինչպե՞ս է, որ վարչապետի հետ առնչություն ունեցող 52 պարեկ չկա, բայց «օլիգարխի հետ առնչություն կարո՞ղ է լինել»: Ծառուկյանի մամուլի խոսնակը արձագանքելով Փաշինյանին, նրա մտերիմների վեց հոգանոց մի ցուցակ է հրապարակել:
«Այո՛, միգուցե պարեկներ չկան քո շրջապատից, փոխարենը՝ քո դասընկեր Վահե Ղազարյանը մինչև վերջերս ՆԳՆ նախարար էր, քավորդ՝ Հայկ Ղալումյանը ներկայումս Տավուշի մարզպետն է, աներձագդ՝ Հրաչյա Հակոբյանը արդեն երկրորդ անգամ պատգամավորի մանդատ է ստանում նվեր սերիալային փայլուն խաղի համար, ՀԺ-ի նախկին լրագրող՝ Վահագն Հովակիմյանը այժմ ԿԸՀ նախագահն է, եղբորորդիդ՝ Սիփան Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր, հետախուզման մեջ գտնվելուդ ընթացքում քեզ պատսպարած Հակոբ Սիմիդյանը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարն էր։ Այս շարքը դեռ շատ երկար կարող եմ», - նշել է Իվետա Տոնոյանը:
«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը, որ մինչև այս պահը պաշտոնապես չի հայտարարել, թե ով է իր ուժի վարչապետի թեկնածուն, այսօր թեթև ակնարկ արեց. «Ես չեմ ասել, որ վարչապետը ես եմ, որ չասեն՝ Ծառուկյանը վարչապետ լինելու համար գնացել է գյուղից գյուղ, ասում է՝ ինձ ընտրեք: Ես ուզում եմ իմ ժողովուրդը լավ ապրի»:
Բերդ համայնքում տարեց մի կին, որ մինչև խոսքը սկսելն ասաց՝ ՔՊ-ական չէ, Ծառուկյանին հարցրեց՝ վերջին անգամ, ե՞րբ է իրենց համայնքում եղել, ինչ է արել պատերազմի ընթացքում, որ Հայաստանը հաղթի, ի՞նչ պիտի անի Ծառուկյանը, որ կիսատ է թողել այս իշխանությունը:
Ծառուկյանը նախ Արցախի կորուստը հիշեցրեց կնոջը, հետո իր բարեգործությունից խոսեց. «Ես էդ պատերազմի ժամանակ եղել եմ բանտում, երեք միլիոն դոլար տղաներիս ասել եմ, ուղարկել են Արցախ»:
Գագիկ Ծառուկյանը քննադատներին հորդորեց շատ չընկնել իր խոսքի հետևից: ԲՀԿ առաջնորդը լուրջ խնդիր համարեց այն, որ մարզպետներին ոչ, թե ընտրում են, այլ՝ նշանակում: Ծանոթ-բարեկամով պաշտոնի նշանակելն էլ համարեց հենց այդ գործի տապալում:
«Մարզպետը պետք է ընտրովի լինի, ժողովուրդը դա տեսած լինի, որ էդ մարդը կազմակերպում է, մտահոգ է: Իմ մոտ ծանոթ-բարեկամ չկա, կա մարդ, կա մասնագետ, կա արդյունք ցույց տվող մարդ: Ծանոթ-բարեկամով, իմացիր, ամբողջը կքանդվի», - ասաց նա:
Մարզպետը նշանակովի պաշտոն էր նաև 11 տարի առաջ, երբ օրինակ՝ հենց Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը 2015-ին, կառավարության նշանակմամբ, դարձավ Կոտայքի մարզպետ: Այդ ժամանակ վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր՝ Ծառուկյանի խնամին, նրա որդին ԲՀԿ առաջնորդի փեսան է: