Մատչելիության հղումներ

«Վիրավորում է, քանի որ ծրագիր չունի, 8 տարի ժողովրդին խաբել ա». Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին

Այսօր Սիսիանում ընտրողների հետ հանդիպմանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքներին ու վիրավորանքներին՝ ուղղված ընդդիմադիր ուժերի առաջնորդներին:

«Կարձագանքեմ ինչպես 2 օր առաջ: Ես թույլ չտվեցի իմ կլասը գցեմ, իմ բարձունքից իջնեմ, հիմնականում ինքը վիրավորում է, որովհետև ասելու բան չունի, ծրագիր չունի: 8 տարի ժողովրդին խաբել ա՝ էն առաջին օրվանից, ինձ էլ ա խաբել, մինչև էսօր: Եթե նա ծրագիր ունենար, ժողովրդին կներկայացներ իրա ծրագիրը շատ հանգիստ»,- ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արաբկիրում էր քարոզարշավ անցկացնում, որտեղ քաղաքացիներից մեկի հետ բուռն վեճ սկսվեց, մթնոլորտը լարվեց, վարչապետն ասաց. «Եթե Դուք Ռոբն եք, Ռոբին կզացնելու եմ, Ռոբը նստելու է, Ռոբին սատկացնելու եմ, կալուգացուն էլ եմ կզացնելու, սատկացնելու, Սերժին էլ, Գագոյին էլ»:

Այս միջադեպից հետո «Ազատության» հետ զրույցում վարչապետն ասաց. «Մրցակիցներին սպառնում եմ ՀՀ օրենսդրությամբ և արդարադատությամբ, սպառնում եմ 5000 զոհ ասելու համար, կոնկրետ սպառնում եմ՝ Ռոբիկ, կալուգացի, Սերժ, Գագո, բոլորիդ սպառնում եմ»:

ԲՀԿ առաջնորդն այսօր պատմեց, թե հանդիպումների ընթացքում իրեն մոտենում են քաղաքացիներ, ովքեր ՔՊ-ի դիրքորոշումն ունեն, ասաց. «Մոտենում են, եթե քննադատեն ու տեղին, ես կընդունեմ, դա ամոթ չէ, բայց ոչ թե կգոգոռամ կամ կներվայնանամ: Մեր դաշնակիցների, մեր թշնամիների հետ այդ ձև է բանակցել, որ էսօր էս օրին ենք՝ զոհերը տվել ենք, տարածքները կորցրել ենք և էս էլ կորցնելով գնում ենք: Երեկ էլ հայտարարեց որ 3 շրջան դեռ պետք է հանձնենք և այդպես գնալու է: Դա խաղաղություն չի: Խաղությունը, երբ փաստաթուղթ լինի, ստորագրություն լինի, որ դա երաշխավորած լինի, որ մենք պատերազմի դուռը փակենք»:

Գագիկ Ծառուկյանը շարունակեց, թե «Հիմա պետք է այնպես անենք մեր ժողովրդի հետ միասին, որ ինքը հունիսի 7-ից հետո գնա հանգստի, թե չէ էս վիճակը շարունակելը նույնը ճակատագիրը Հայաստանն է արժանանալու, ինչ Արցախը արժանացավ»:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG