Մատչելիության հղումներ

Մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների. Գարեգին Բ


Մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների, Էջմիածնի Մայր Տաճարում Սուրբ Ծնունդի պատարագի ժամանակ հայտարարեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ հավելելով. «Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը և խորը վերք հասցված համայնքներին ու հավատացյալներին»:

«Քրիստոսի ուղենշած ճանապարհից խոտորվելը աշխարհը դարձնում է անարդարության, թշվառության ու դժբախտությունների թատերաբեմ, ընկղմվում մոլորությունների խավարի մեջ, հանգեցնում անձնական ու հասարակական կյանքի խեղման, արժեքների աղավաղման ու ոչնչացման, որոնց դրսևորումները տեսնում ենք նաև մեր իրականության մեջ: Այսօր մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը, որպես քաջություն է ընկալվում անհարգալից ու անզուսպ պահվածքը, խոսքի ազատությունը հակադարձվում է այլակարծությամբ, անհանդուրժողությամբ», - հայտարարեց կաթողիկոսը:

Գարեգին Բ-ն ընդգծեց՝ «հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների» եկեղեցին «ամուր է ու անսասան»:

«Առաքելական մեր Մայր Եկեղեցին պատմության հոլովույթներում ենթարկվել է բազում հարձակումների, անցել սոսկալի նեղությունների ու տառապանքների միջով, մարտիրոսվել ու նահատակվել, բայց երբեք հուսահատության գերի չի դարձել, քանզի գիտակցել է, որ ճշմարիտ ազատությունը և փրկությունը Քրիստոսին հնազանդվելու, Նրան ապավինելու մեջ է։ Քրիստոսով կյանքը լցվում է սիրով ու ողորմությամբ, ազնվությամբ ու արդարությամբ։ Քրիստոս Ճանապարհն է խավարից դեպի լույս, մեղքից դեպի սրբություն», - հայտարարեց կաթողիկոսը։

Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացումը պահանջող վարչապետ Նիկոլ Փաշինյանը սուրբծննդյան պատարագին մասնակցում էր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Պատարագը մատուցում էր Փաշինյանին միացած Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG