Մատչելիության հղումներ

ՔՊ-ական համայնքապետը պահանջել է Սուրբծննդյան պատարագին իրեն խաչի քավոր ներկայացնել. քահանա


ՔՊ-ական, Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը, որ Մայր տաճարի դեմ պայքարի ակտիվիստներից է, երկու օր առաջ էլ խոչընդոտել է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում Նռնօրհնեքի ծեսը: Նա իշխանության հովանու տակ անցած ու կարգալույծ եղած նախկին քահանայի հետ պահանջել է, որ Նռնօրհնեքի կարգն անցկացնի նախկինը՝ Արամայիս Թախմազյանը, որ միացել է Մայր Աթոռի դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայքարին:

«Մենք ասացինք, որ մեր եկեղեցու կանոններին դեմ է, որ մենք միասին կարգալույծ եղած քահանայի հետ կարգ անենք», - ասաց Տեր Փառենը:

Արագածոտնի հոգևոր հովիվները, որ պետք է սկսեին ծեսը, չեն համաձայնել մասնակցել կարգալույծ Տեր Թադեի արարողությանը:

Արագածոտնի հոգևորականներից Տեր Փառենն ու Թալինի եկեղեցու հոգևոր հովիվը՝ Տեր Հայկը, առաջարկել են, որ կարգալույծ եղած քահանան չանցկացնի ծեսը, չեն համաձայնել: Որ անախորժություն ու բախում չլինի, ասում է՝ դուրս են եկել եկեղեցուց, հավատացյալներն էլ հետևել են հոգևոր հովիվներին, «Ազատությանը» պատմեց Տեր Փառենը: Նախկին Տեր Թադեն, Թալինի համայնքապետն ու իրենց հետ եկած մարդիկ միջոցառումն արել են ու հեռացել: Եկեղեցու օրինական սպասավորները նրանցից հետո են կարողացել Նռնօրհնեքն անկացնել:

«Որպեսզի մենք չասենք՝ մենք ենք անում, իրենք չասեն՝ մենք ենք անում, մենք դուրս ենք եկել, իրենք արել են այդ արարողությունը, հետո դուրս են եկել: Մենք մտել ենք ժողովրդի հետ արարողությունը կատարել ենք՝ նուռը բաժանել ենք, - մանրամասնեց նա՝ հավելելով, - Մենք ուզեցել ենք սկսել, հետո իրենք եկել են, ասել են՝ մենք պիտի անենք, մենք զիջել ենք, դուրս ենք եկել: Սա խոչընդոտել չէ, ի՞նչ է»:

Վարչապետ Փաշինյանի թիմակիցը միայն կրոնական ծեսը խոչընդոտելով չի ավարտել իր օրվա առաքելությունը: ՔՊ-ական համայնքապետը պահանջել է, որ Սուրբծննդյան պատարագին այս եկեղեցում իրեն խաչի քավոր ներկայացնեն ու զեղչեն կաթողիկոսի անունը:

«Պետք է խաչի քավորը լինի հավատավոր զավակ Հայ եկեղեցու, ընդունի եկեղեցու ավանդույթները, նվիրապետությունը, իսկ այս պահին գաղտնիք չէ, իրենք են ասել, որ վեհափառ հայրապետին ավազանի անունով որ դիմում են, արդեն դա նշանակում է՝ չեն ընդունում նվիրապետությունը», - նշեց Տեր Փառենը:

Հայաստանյած Առաքելական սուրբ եկեղեցու օրինական գործունեությունը, կրոնական ծեսը խոչընդոտելը քրեական հանցագործություն է, դեպքի հաջորդ օրը հայտարարել է Արագածոտնի թեմը. «Արագածոտնի թեմը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել սադրիչ նախաձեռնությունների ազդեցությանը»։

Այն, ինչ կատարվել է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում, իրավապահների տիրույթում է, «Ազատությանն» ասաց Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Մայր Աթոռն այստեղ անելիք չունի, կրոնական ծեսը խոչընդոտողների ու հակականոնական պահանջի հեղինակների հետևից իրավապահները պետք է գնան, հավելեց նա:

Ըստ Քրեական օրենսգրքի՝ կրոնական կազմակերպության օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսը խոչընդոտելը պատժվում է ընդհուպ ազատազրկմամբ: Թալինի եկեղեցու միջադեպից երկու օր է անցել: Ի՞նչ են արել Քննչականն ու Գլխավոր դատախազությունը. ՔԿ-ից փոխանցեցին, որ միայն թեմի հայտարարությունը պատճաշ հաղորդում չեն համարում: Պատճաշ հաղորդում ստացել են, թե չէ՝ կասեն հունվարի 5-ից հետո:

Մինչև իրավապահ մարմինները պաշտոնապես կասեն՝ պատրաստվում են ընթացք տալ Թալինի համայնքապետի վարքին ու հակականոնական պահանջներին, վարչապետ Փաշինյանն արդեն ուղերձ հղել է. «Կան մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք տարբեր եկեղեցիներում երբ որ պատարագի են մասնակցում, և հնչում է Կտրիճ Ներսիսյանի անունը, իրենք ցանկություն ունեն իրենց բողոքն արտահայտել հենց այդ պահին, արդյո՞ք նման բան կարելի է և թույլատրելի է, ես կարծում եմ, որ այո»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը Փաշինյանի ելույթից եզրահանգել է՝ չնայած ՔՕ-ում նկարագրվածին՝ Փաշինյանը եկեղեցիներում զանգվածային անկարգությունների կոչ է անում ու այս նույն ելույթով իրավապահներին ուղերձ հղում՝ անկարգություն անողներին հանգիստ թողնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG