Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը:
Իշխանության թիրախում հայտնված Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Սուրբծննդյան պատարագը մատուցեց Էջմիածնի Մայր Տաճարում:
Կաթողիկոսի հեռացումը պահանջող վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մի քանի թիմակիցների հետ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էր մասնակցում պատարագի:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն պատարագի ժամանակ հայտարարեց. «Մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների: Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը և խորը վերք հասցված համայնքներին ու հավատացյալներին»:
Տոնի առիթով նախօրեին Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվել է Ճրագալույցի պատարագ։ Պատարագիչն էր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը։
Փրկչի Ծննդյան և Աստվածհայտնության տոնակատարությունների առաջին հիշատակությունները սկսվում են 3-րդ դարից: Արևելյան քրիստոնեական եկեղեցիները մինչև 4-րդ դարը Քրիստոսի Ծննդյան տոնը կապել են Աստվածհայտնության, այսինքն՝ Մկրտության տոնի հետ, որը նշվել է հունվարի 6-ին: Բայց 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես սահմանել է Հիսուս Քրիստոսի Ծննդյան օր՝ այսպիսով հնուց ի վեր հենց այդ օրը տոնվող Միտրայի տոնակատարությունները ժողովրդի համար վերածելով նոր կրոնական իրադարձության:
451 թվականին Քաղկեդոնի ժողովը վերջնականապես դեկտեմբերի 25-ը սահմանեց Փրկչի Ծննդյան տոն: Եվ այդ ժամանակներից ի վեր միայն Հայ Առաքելական եկեղեցին է, որ շարունակում է հունվարի 6-ին նշել Ծննդյան տոնը: Իսկ Փրկչի Մկրտության տոնը, որը խորհրդանշում է Հիսուսի մկրտությունը Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի կողմից, Կաթոլիկ եկեղեցին էլ շարունակում է նշել հունվարի 6-ին: