«Մենք այսօր քայլում էինք՝ Հիսուս Քրիստոսին ասելու, որ գնում ենք քո պատգամի հետևից և ստեղծում ենք խաղաղություն», - Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մեկնարկած քայլերթի ավարտին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնելով պատարագի կարգում հնչեցվող «և խաղաղության համար Աստծուն աղաչենք» նախադասությունը՝ Փաշինյանը հայտարարեց, թե «եկել է այն պահը, երբ մենք հասկացել ենք, որ խաղաղության համար Աստծուն աղաչելուն զուգահեռ ինքներս պետք է մեր որոշումներով, մեր քայլերով ստեղծենք այդ խաղաղությունը»:
Փաշինյանը պնդեց՝ այսօր Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին ոմանք փորձում են օգտագործել որպես հենման կետ՝ ՀՀ-ի դեմ գործելու համար։ Կոնկրետ փաստեր չմատնանշեց, փոխարենը Ամենայն Հայոց կաթողիկոսին կրկին դիմեց որպես «եկեղեցու փաստացի պետ» և պնդեց, թե Գարեհգին Բ-ն ու եկեղեցու վերնախավն աղանդավորության տրամաբանության մեջ են։ «Սա նշանակում է, որ եկեղեցին պետք է ազատենք հերձվածից, վերադարձնենք ժողովրդին», - ասաց նա։
Փաշինյանն ավելի վաղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել է սուրբծննդյան պատարագին:
Ամենայն Հայոց կաթողիկոսն էլ պատարագ մատուցեց Էջմիածնի Մայր Տաճարում: Իր ուղերձում կաթողիկոսը հայտարարեց. «Մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների: Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը և խորը վերք հասցված համայնքներին ու հավատացյալներին»: