Մատչելիության հղումներ

«Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը կվերցնի ԱԺ մանդատները:

«Մեզ համար պատգամավորական կարգավիճակը պաշտոն կամ հարմարավետություն չէ։ Այն լրացուցիչ գործիք է, իրավական ու քաղաքական գործիքակազմ և ամենօրյա հակազդեցության հնարավորություն։ Ուստի կարծում ենք՝ առաջիկա ծանր պայքարում պարտավոր ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ իշխանության հակապետական ծրագրերի դեմ պայքարելու համար։ Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ»,- ասված է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հայտարարությունում:

Նախօրեին էլ միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտնեց Ազգային ժողովի մանդատները վերցնելու մասին:

«Որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է երկու կարևոր բան. փողոցային պայքար և ԱԺ-ում ընդդմիության մեծ ներգրավվածություն: Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության: Մենք պատրաստվում ենք մարդկանց հրավիրել փողոց, այն ժամանակ երբ կտեսնենք մոտ հնարավորությունը փոփոխության: Ճիշտը մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է և ներկայացվածությունն է Ազգային ժողովում, որպեսզի ապահովի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին նաև»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 64 մանդատով, «Ուժեղ Հայաստանը»՝ 29 մանդատով և «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատով:

XS
SM
MD
LG