Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումից հետո, որով մերժեց հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ընդդիմության դիմումները և ուժի մեջ թողեց ԿԸՀ որոշումը, ընդդիմադիր 5 ուժեր հայտարարեցին՝ «Սահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը»:
Ընդդիմադիր 5 ուժերի տարածած հայտարարությունում նշվում է, որ Սահմանադրական դատարանի որոշումը «չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը, չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի վերացնում զանգվածային ընտրախախտումները և չի լուծում երկրում առկա խորքային քաղաքական ու իրավական ճգնաժամը»:
Համատեղ հայտարարություն տարածած 5 ուժերն են՝ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան»-ը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրեսը» և «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը:
Այս քաղաքական ուժերը հայտարարում են. «Վերջին իրավական ատյանի կողմից խախտումների արձանագրումից ուղիղ հրաժարվելը խորացնում է երկրում առկա ճգնաժամը, չի նպաստում ներազգային համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և պայքարը տեղափոխում է քաղաքական դիմադրության դաշտ»:
Գործող իշխանության հեռացումը պահանջող ուժերը նաև հայտնել են, թե «ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև անելիքների վերաբերյալ քննարկումները շարունակվում են»:
«Ազատության» տեղեկություններով խորհրդարան անցած ընդդիմադիր երկու խմբակցությունները որոշել են վերցնել մանդատները: Տեղեկությունը փորձեցինք ճշտել այդ ուժերից: «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը միայն ասաց ՝ մանդատներ վերցնել-չվերցնելու վերաբերյալ հայտարարություն կանեն վաղը։
Հինգ ուժերի այսօրվա համատեղ հայտարարությունում նշում են, որ օգտագործելու են «օրենսդրական, հանրային և քաղաքական բոլոր միջոցները՝ թույլ չտալու Մայր օրենքի փոփոխությունը»: