Մատչելիության հղումներ

Արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրենքն ընդունվեց, ընդդիմությունը մտադիր է վիճարկել ՍԴ-ում

Լրացված
Ազգային ժողովի նիստ, արխիվ
Ազգային ժողովի նիստ, արխիվ

Խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է Սահմանադրական դատարանում վիճարկել արտասահմանում ապրող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը: Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը միացել են «Պատիվ ունեմ»-ն ու «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը:

Ազգային ժողովը Ընտրական օրենսգրքում այս փոփոխությունն արեց հրատապ ռեժիմով, երեկ պատգամավորների սեղանին դրված փաստաթուղթն այսօր արդեն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Օրենքը, որով հարյուր հազարավոր քաղաքացիներ կարող են զրկվել ընտրելու հնարավորությունից, հեղինակավոր Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը չի ստացել. հեղինակները չեն դիմել:

Աշխատանքն ավարտող խորհրդարանի վերջին նիստում քվեարկեցին միայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն ու «Հայաստան» դաշինքից հեռացած Գեղամ Նազարյանը։

«Կողմ՝ 63, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0, որոշումը ընդունվել է», - հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ըստ ընդունված փոփոխությունների՝ քվեարկելու իրավունքից զրկվում են Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ընտրացուցակները հրապարակելուց առաջ վերջին երկու տարվա առնվազն կեսը՝ մեկ տարին հայրենիքում չեն եղել։ Բացառություն է միայն ուսման մեկնածների և պետական գործուղումների համար։

«Նախագիծը միտված է վերջին ընտրությունների ժամանակ արձանագրված իրողությունների շտկմանը, այսպես ասած, և հանրային պահանջ է ներկայացնում», - հայտարարեց իշխանական խմբակցությունից Արուսյակ Ջուլհակյանը՝ նկատի ունենալով տեղեկությունները, որ քվեարկելու համար հունիսին Ռուսաստանից Հայաստան են տեղափոխվել մեծ թվով հայեր:

Սակայն Սահմանադրական դատարանում քննվող գործի շրջանակում հրապարակված պաշտոնական տվյալներն արտառոց պատկեր չեն արձանագրել՝ ընդամենը 3 հազարով ավելի Հայաստանի քաղաքացի է հատել սահմանը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընդդիմադիրները համոզված են, որ իշխանությունները պատրաստվում են խոստացած Սահմանադրական հանրաքվեին:

«Հիմա իրենք հաշվարկել էին, որ այս ձայների քանակով իրենք կհավաքեն 65 տոկոսից ավել ձայն, բայց քանի որ մեր հայրենակիցները քաղաքացիական պատասխանատվության զգացումով եկել են, մասնակցել են ընտրություններին, իրենց ձայները տարրալուծվել են, պակասել են: Հիմա որպեսզի դա չլինի, իրենք փորձում են սահմանափակել ընտրությունների մասնակիցների թվաքանակը», - հայտարարեց «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, սակայն, կտրուկ հերքում է կապը այսօր ընդունված փոփոխությունների ու հնարավոր սահմանադրական հանրաքվեի միջև:

«Բացարձակապես: Ուղիղ նպատակն է Հայաստանի Հանրապետությանը ապահովագրել այն իրավիճակից, երբ, օրինակ, արտերկրում մասսայական ընտրակաշառք կբաժանեն և կփորձեն ապօրինի կերպով ազդել Հայաստանի ընտրությունների վրա: Եվ ակնհայտ է, որ երբ որ տալիս են ընտրակաշառքը արտերկրում, մեր իրավապահ մարմինների համար շատ ավելի դժվար է դա բացահայտել», - հայտարարեց ԱԺ փոխխոսնակը:

Ռուբինյանը չի ընդունում, թե խախտվում է Սահմանադրությունը, որտեղ նշված է՝ 18 տարեկան Հայաստանի բոլոր քաղաքացիներն ունեն ընտրելու իրավունք, ասում է՝ ընդամենը պետք է պայմանին համապատասխանեն: Մինչդեռ ընդդիմադիրներից բացի այս օրենքը հակասահմանադրական են որակել նաև մի շարք հասարակական կազմակերպություններ՝ պնդելով, որ ապօրինի և անհամաչափ սահմանափակվում է ընտրական իրավունքը՝ վտանգելով ժողովրդավարության սկզբունքները։

«Սահմանափակվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները՝ ձևավորել իշխանություն», - պնդեց Արթուր Խաչատրյանը:

«Շատ լավ, եթե պարզվի՝ հակասահմանադրական է, Սահմանադրական դատարանի կասի հակասահմանադրական է», - ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը:

Եթե այս օրենքն ուժի մեջ էլ մտնի, միևնույն է «Քաղաքացիական պայմանագիր»-ը նոր խորհրդարանում չունի բավարար ձայներ՝ նախաձեռնելու սահմանադրական փոփոխություններ: Դա «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական խոստումն է, ինչպես նաև Ադրբեջանի նախապայմանը՝ խաղաղաղության պայմանագիրը ստորագրելու համար: Վարչապետը նույնիսկ ասում էր, որ եթե իրենք սահմանադրական մեծամասնություն չստանան, պատերազմ կսկսվի:

Իշխանությունը դեռ չի մանրամասնում՝ ինչպե՞ս է լուծելու այս հարցը

«Կքննարկենք, կհասկանանք», - ասաց Ռուբինյանը:

«Նիկոլ Փաշինյանը ինքն է մի քանի անգամ ասել, չէ՞, «դնենք հանրաքվեի՝ չանցնի, էլի կդնենք, էլի կդնենք, էլի կդնենք»: Հետո էլ վերջում օրենսդրական փոփոխություն կմտցնեն, կասեն՝ Նիկոլ Փաշինյանի խոսքը օրենք է», - նշեց Խաչատրյանը:

Ընտրությունների արդյունքները ուժի մեջ չմտած՝ գործող խորհրդարանը արդեն հաջորդ ընտրությունների համար խստացնում է խաղի կանոնները նաև այսօր ընդունված մեկ այլ օրենքով, որով մեկից երկու տարով երկարացվեց ընտրակաշառքի հետ կապված հանցագործությունների պատժաչափը, իսկ դրա համար դատվածներն անգամ պատիժը կրելուց հետո տևական ժամանակ կզրկվեն պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG