Ուկրաինայի զինված ուժերի կազմում կստեղծվի առանձին հրամանատարություն, որը պատասխանատու կլինի Ռուսաստանին հասցվող հեռահար հարվածների համար, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Այդ հրամանատարությունը պետք է կենտրոնացնի առկա ռեսուրսների հարյուր տոկոսը ռուսաստանյան ռազմական ներուժը է՛լ ավելի էականորեն նվազեցնելու համար: Այդ ուղղությամբ հրամանատարը կլինի ուժեղ և անկասկած առավելագույնս փորձառու», - ասել է Զելենսկին երեկ երեկոյան իր ուղերձում:
Ուկրաինայի նախագահը խոսել է նաև Արագ արձագանքման միացյալ ուժերի ստեղծման մասին, որում կընդգրկվեն գրոհային ստորաբաժանումներ, անօդաչու համակարգեր, հրետանի և ռազմաճակատում օպերատիվ արձագանքման համար այլ միջոցներ: Այդ կազմավորման հրամանատար է նշանակվել երկրի դեսանտագրոհային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար Դմիտրի Վոլոշինը:
Բացի այդ, Զելենսկին հայտարարել է գրոհային զորքերում «անհրաժեշտ փոխակերպում» անցկացնելու մասին: