Մատչելիության հղումներ

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը կոչ է անում ընտրություններ անցկացնել

Միխայիլ Ֆեդորովը
Միխայիլ Ֆեդորովը

Ուկրաինայում անհրաժեշտ է օրինական և անվտանգ մեխանիզմ գտնել, որը թույլ կտա ընտրություններ անցկացնել նույնիսկ շարունակվող պատերազմի պայմաններում, հայտարարել է երկրի պաշտպանության նախկին նախարարը:

Միխայիլ Ֆեդորովը շեշտել է՝ ժողովրդավարական գործընթացները չեն կարող անորոշ ժամանակով դադարեցվել Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով։

«Ժողովրդավարությունը չի կարող Ռուսաստանի պատանդը լինել։ Մենք հենց նրա համար ենք պայքարում, որ մնանք եվրոպական ազատ պետություն: Մենք պետք է գտնենք օրինական, անվտանգ և իրատեսական մեխանիզմ, որը թույլ կտա Ուկրաինային վերականգնել լիարժեք գործող ժողովրդավարական գործընթացը նույնիսկ երկարատև պատերազմի պայմաններում»,- հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովը:

Ուկրաինայում նախագահական ընտրություններ պետք է անցկացվեին 2024-ին, սակայն 2022-ին Ռուսաստանի ներխուժումից հետո երկրում ռազմական դրություն սահմանվեց, ինչն արգելում է ընտրությունների անցկացումը: Նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ ընտրություններ անցկացնելու համար պետք է փոխվի օրենքը և ընտրողների ու ընտրատեղամասերի անվտանգության հուսալի երաշխիքներ տրվեն, այդ թվում՝ Արևմուտքի կողմից:

Երեկոյան հրապարակած տեսաուղերձում Ֆեդորովն ընդունել է, որ պատերազմի ժամանակ ընտրությունների կազմակերպումը բարդ է: Նա նաև քննադատել է իշխանություններին երկրում կոռուպցիայի և, իր գնահատմամբ, կառավարման համակարգում տիրող ճգնաժամի համար։

Ֆեդորովի խոսքով.- «Մենք բախվում ենք համակարգային կառավարման ճգնաժամի։ Հին համակարգը շատ հաճախ ապրում է իր սեփական կանոններով։ Այն պաշտպանում է իրեն, վախենում է փոփոխություններից, որոշումները կայացնում է դանդաղ և կարող է պատժել նախաձեռնողականությունը՝ միաժամանակ պարգևատրելով հավատարմությունը»:

Ցույցեր՝ Ուկրաինայում ընդդեմ Ֆեդորովի պաշտոնանկության, հուլիսի 31,2026թ.
Ցույցեր՝ Ուկրաինայում ընդդեմ Ֆեդորովի պաշտոնանկության, հուլիսի 31,2026թ.

35-ամյա Ֆեդորովը պաշտպանության նախարար նշանակվեց այս տարվա հունվարին և ազատվեց ուղիղ վեց ամիս անց: Այդ ժամանակ նախագահ Զելենսկին նաև այլ վերադասավորումներ արեց կառավարությունում՝ փոխելով նաև վարչապետին: Սակայն ամենամեծ իրարանցումն առաջացրեց հենց Ֆեդորովի պաշտոնանկությունը. ուկրաինացիներն այդ օրերին ցույցեր արեցին՝ պահանջելով վերականգնել նրան պաշտոնում:

Իր պաշտոնավարման կարճ ընթացքում Ֆեդորովը կարողացավ մի քանի կարևոր բարեփոխումներ անել ռազմաճակատի համար և էապես ավելացնել տարբեր տեսակի և հեռահարության անօդաչուների արտադրությունը։ Հենց նրա օրոք ուկրաինական ուժերն սկսեցին արդյունավետ հարվածել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին և կարողացան մարտի դաշտում իրավիճակը մասամբ շրջել իրենց օգտին։

Ազատումից հետո Ֆեդորովը քննադատեց Զինված ուժերի այդ ժամանակվա հրամանատար Ալեքսանդր Սիրսկիին՝ նշելով, որ ռազմական ոլորտի կառավարման և պատերազմը վարելու շուրջ նրա հետ ունեցած տարաձայնությունները դարձան իր ազատման պատճառը: Զելենսկին ևս բացահայտորեն դժգոհում էր նրանց միջև լարվածությունից։ Արդյունքում Սիրսկին ևս ազատվեց պաշտոնից, իսկ պաշտպանության նոր նախարար նշանակվեց Եվգենի Խմարան, ում թեկնածությունը խորհրդարանը հաստատեց այսօր:

Ուկրաինայում կոռուպցիայի և կառավարման ճգնաժամի մասին նախկին նախարարի հայտարարություններից ժամեր անց իրավապահներն այսօր խուզարկել են նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իրինա Մուդրայի գրասենյակը։ Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը հայտարարել են, որ հատուկ գործողություն են իրականացնում հանցավոր կազմակերպության դեմ: Այլ մանրամասներ իրավապահները չեն ներկայացրել, միայն հայտնել են, որ կազմակերպության գործունեությանը մասնակցել են նաև նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ առանց անուններ նշելու:

Իսկ Զելենսկիի աշխատակազմի ու կառավարության պաշտոնյաների անուններն առաջին անգամ չէ, որ կապվում են կոռուպցիոն գործերի հետ: 2025-ի նոյեմբերին իրավապահները խուզարկեցին նախագահի աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Անդրեյ Երմակի տունը: Նա կասկածվում է փողերի լվացման, մասնավորապես՝ Կիևի մերձակայքում էլիտար շինարարության ընթացքում հանցավոր ճանապարհով ստացված մոտ 10 միլիոն դոլարի օրինականացման մեջ։ Երմակն օրեր անց ազատման դիմում գրեց, իսկ արդեն 2026-ի մայիսին կալանավորվեց, նախքան կազատվեր գրավի դիմաց: Նա հերքում է մեղադրանքները:

Երմակի անունը կապվում էր նաև էներգետիկ ոլորտի կոռուպցիոն սկանդալի հետ: Այս գործի շրջանակում մի շարք պաշտոնյաներ մեղադրվում էին հանցավոր սխեմաներով մոտ 100 մլն դոլարի կաշառք վերցնելու և փողերի լվացման համար: Էներգետիկ ոլորտում պայթած սկանդալի պատճառով աշխատանքից ազատվեցին էներգետիկայի նախարարը, նրա տեղակալը, արդարադատության նախարարն ու էներգետիկ ոլորտի մի շարք մարզային ընկերությունների ղեկավարներ: Ըստ մամուլի հրապարակումների՝ կոռուպցիոն սխեմայի կենտրոնում կանգնած էր գործարար Տիմուր Մինդիչը, որը նախագահ Զելենսկիի վաղեմի գործընկերն է։ Վերլուծաբանները նույնիսկ գրում էին, որ այս սկանդալը վտանգում է նաև նախագահի դիրքերը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG