Մատչելիության հղումներ

Ուկրաինայում շարունակվող կոռուպցիոն սկանդալը վտանգում է նաև Զելենսկու դիրքերը

Վլադիմիր Զելենսկի և Անդրիյ Երմակ, արխիվ
Վլադիմիր Զելենսկի և Անդրիյ Երմակ, արխիվ

Ուկրաինայի նախագահ Զելենսկիին անցյալ տարվանից հետապնդող սկանդալը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ լուրեր են տարածվել, որ հակակոռուպցիոն մարմինները նախագահի աշխատակազմի նախկին երկարամյա ղեկավար Անդրիյ Երմակին որպես կասկածյալ ներգրավելու ծանուցագիր են ներկայացել՝ բազմամիլիոն դոլարների լվացման գործով։

Ծանուցագիրը, որը դեռևս պաշտոնական մեղադրանք չէ, 2025 թվականին սկսված հետաքննության վերջին՝ ամենանշանակալի զարգացումն է։ Այս հետաքննությունն արդեն հանգեցրել էր մի շարք պաշտոնանկությունների ու հրաժարականների։ Պաշտոնից հեռացել էր նաև Երմակը՝ Զելենսկու վաղեմի մերձավորներից մեկը։

Երմակը իրավապահների կողմից ուղարկված ծանուցագիրը երեկ տելեգրամյան գրառման մեջ «անհիմն» է անվանել։

Իրադարձությունները ծավալվում են Ուկրաինայի համար շատ զգայուն ժամանակաշրջանում, երբ չորս տարուց ավելի շարունակվող ռուսական պատերազմը դադարեցնելու՝ Վաշինգտոնի հովանու ներքո ընթացող խաղաղ բանակցությունները փակուղի են մտել՝ Մերձավոր Արևելքում շարունակվող ոհակամարտությունների ֆոնին։

Ինչպե՞ս կարող է այս զարգացումը ազդել Զելենսկիի և Ուկրաինայում տիրող իրավիճակի վրա։

«Գրեթե մեկ սուբյեկտ է»

Շատ ուկրաինացիների ընկալմամբ՝ Զելենսկին և Երմակը շարունակում են մնալ միասնական, չնայած Երմակն անցյալ տարվա նոյեմբերին հեռացավ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Նրանց կապերը սկսվել են մոտ մեկ տասնամյակ առաջ՝ նախքան կատակերգու դերասան և քաղաքական նորեկ Զելենսկին կհաղթեր 2019 թվականի նախագահական ընտրություններում։ «Նրանք միաձուլվել են» և «դարձել գրեթե մեկ մարմին», - նոյեմբերին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Կիևի «Պենտա» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ֆեսենկոն։

Այդ սերտ հարաբերություններն ու Երմակի ազդեցությունը՝ որպես աշխատակազմի ղեկավար, ամուր հիմք են ստեղծում, որ նրա համբավի վրա գցված ցանկացած ստվեր տարածվի նաև Զելենսկու վրա։

«Ի տարբերություն Վլադիմիր Զելենսկիի՝ Անդրիյ Երմակը մի անձնավորություն էր, որի օգտին ոչ ոք չէր քվեարկել», - մայիսի 12-ին Current Time-ի հետ զրույցում ասել է Կիևի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Եվհեն Մահդան։ «Նրան վարչակազմի ղեկավար նշանակելու և նրա կողմից հետագայում գործադրված բոլոր լիազորությունները նրան տրամադրելու պատասխանատվությունն ուղղակիորեն ընկնում էր Զելենսկիի վրա», - հավելել է նա։

«Վովա»

Մայիսի 11-ին Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն (ՈւԱՀԲ) և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը (ՄՀԴ) հայտարարեցին, որ «բացահայտել են կազմակերպված խումբ, որը ներգրավված է Կիևի մոտակայքում շքեղ բնակելի շենքերի կառուցապատման շրջանակներում 460 միլիոն գրիվնայի (10.5 միլիոն դոլարի) օրինականացման՝ լվացման մեջ»։

Խոսքը վերաբերում է «Դինաստիա» անվամբ էլիտար բնակարանային համալիրին, որը, ըստ հակակոռուպցիոն մարմինների, մասամբ կառուցվում էր էներգետիկ ոլորտում կոռուպցիոն եղանակներով գոյացած 100 միլիոն դոլարի շնորհիվ։ Այս գումարի մի մասը գոյացել է կաշառքների տեսքով, որոնք կասկածյալները ենթադրաբար պահանջում և ստանում էին «Էներգոատոմ» պետական ատոմային էներգետիկ ընկերության ենթակապալառուներից։

Կային նշաններ, որ կոռուպցիոն այդ սխեմաներում ներառված են եղել նաև այն ծրագրերը, որոնցով նախատեսվում էր ամրապնդել պատերազմի մեջ գտնվող երկրի էներգետիկ օբյեկտների պաշտպանությունը։Դա է՛լ ավելի խորացրեց հանրային զայրույթը։

Սկանդալի կենտրոնում աուդիոձայնագրությունների մի շարք է, որոնցում կասկածյալներից մի քանիսը, օգտագործելով «Վիրաբույժ» և «Ալի Բաբա» կոդային անունները, քննարկում են տարբեր հարցեր, այդ թվում՝ «Դինաստիա» նախագիծը: Այդ քննարկումներից մեկի մասնակիցները, ըստ տեղեկությունների, ասում են, որ համալիրի տներից մեկը կլինի «Անդրիյի», իսկ մյուսը՝ «Վովայի» համար։ «Վովա»-ն Զելենսկու անվան կրճատ տարբերակն է, և այս հանգամանքը ենթադրություններ է առաջացրել, որ խոսքը կարող էր վերաբերել հենց նրան։

Երեկվա ասուլիսում Հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Սեմեն Կրիվոնոսը հայտարարել է, որ Զելենսկին «այս գործով չի անցնում», միաժամանակ փաստել, որ «հետաքննության շրջանակներում ուսումնասիրվում են տարբեր վարկածներ՝ կապված որոշակի ակտիվների սեփականության հետ»։

Զելենսկիի խորհրդական Դմիտրո Լիտվինն էլ ավելի վաղ ասել էր, որ դեռ վաղ է մեկնաբանել այս մեղադրանքները, հղում անելով ընթացիկ դատական գործընթացին։

Երմակը լրագրողներին ասել է, որ իր միակ անշարժ գույքը Կիևի բնակարանն է։ Նրա փաստաբան Իհոր Ֆոմինը «Սուսպիլնե» հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հերքել է, թե Երմակը ներգրավված է եղել փողերի լվացման ենթադրյալ սխեմայում։

Պատերազմը և Արևմուտքը

Չնայած հավաստիացմանը, որ նախագահը չի գտնվում հետաքննության տակ, Զելենսկին հավանաբար մտահոգված է Արևմուտքում իր հեղինակության հնարավոր անկմամբ։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ այս գործը կարող է բացասաբար ազդել նաև Ուկրաինային օգնելու՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների ծրագրերի վրա։

Կոռուպցիան՝ թե՛ իրական, թե՛ ընկալվող, մինչ օրս խոչընդոտել է, որ Ուկրաինան է՛լ ավելի խորացնի հարաբերությունները Արևմուտքի հետ։ Ներկայիս սկանդալը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ Ուկրաինան ձգտում է անդամակցել Եվրամիությանը։

Մյուս կողմից, գոնե այս պահի դրությամբ Զելենսկին կարող է պնդել, որ Երմակի նկատմամբ հետաքննությունն ու կասկածի մասին ծանուցագիրը վկայում են՝ Կիևը ձգտում է պայքարել կոռուպցիայի դեմ՝ անկախ նրանից, թե որքան մոտ է դա իրեն ու իշխող վարչակազմին։

Ավելի վաղ՝ նոյեմբերին, Ուկրաինայից հեռացել էր այս գործով անցնող առանցքային դեմքերից մեկը՝ մագնատ Թիմուր Մինդիչը, ով Զելենսկիի վաղեմի ընկերը և գործընկերն է։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության «Սխեմաներ» հետաքննող բաժնի` խուզարկությունից մի քանի ժամ առաջ նա երկրից փախուստի է դիմել՝ տաքսիով հատելով Լեհաստանի հետ սահմանը։

Մեկ այլ առանցքային դեմք՝ էներգետիկայի նախկին նախարար Հերման Հալուշչենկոն, ձերբակալվել է փետրվարին՝ գնացքով Ուկրաինայից հեռանալու փորձի ժամանակ, և հաջորդ օրը նրան փողերի լվացման հետ կապված մեղադրանք է առաջադրվել։

Անկախ Երմակի դեմ մեղադրանքների հետևանքներից՝ առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում, առայժմ Զելենսկին պաշտպանված է հնարավոր քաղաքական հետևանքներից՝ ռազմական դրության շնորհիվ։ Այն ուժի մեջ է մտել Ռուսաստանի 2022 թվականի լայնածավալ ներխուժումից ի վեր և արգելում է երկրում ընտրություններ անցկացնել։



XS
SM
MD
LG