Ուկրաինայում կփոխվի նախարարների կաբինետի կազմը, վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն նոր նշանակում կստանա, սոցցանցերում հաղորդում է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ըստ Զելենսկու՝ Սվիրիդենկոն կթողնի վարչապետի պաշտոնը և կզբաղվի առանցքային արտասահմանյան գործընկերներից մեկի հետ Ուկրաինայի փոխհարաբերությունների համակարգմամբ: Թե ով նրան կփոխարինի, նախագահը չի գրել: Նա իր որոշումը հիմնավորել է քաղաքական ռազմավարության փոփոխության պայմաններում կադրային փոփոխությունների անհրաժեշտությամբ:
Յուրաքանչյուր առաջնահերթ արտաքին քաղաքական ուղղության համար պատասխանատու է լինելու կոնկրետ մարդ՝ նշանակալի փորձով, գրում է Զելենսկին՝ առանցքային ուղղությունների թվում նշելով փոխհարաբերությունները ԱՄՆ-ի, Եվրամիության, հարևան երկրների՝ նախ և առաջ Լեհաստանի և Հունգարիայի, Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի երկրների, ինչպես նաև Չինաստանի հետ:
Ուկրաինայի նախագահը հայտնել է նաև իրավապահ մարմինների ղեկավարությունում առաջիկա փոփոխությունների մասին:
Զելենսկին գրել է, թե շնորհակալ է Սվիրիդենկոյից «վարչապետի պաշտոնում հստակ, կայուն և արդյունավետ աշխատանքի համար»:
Սվիրիդենկոն սոցցանցերում գրառմամբ հաստատել է, որ թողնելու է կառավարության ղեկավարի պաշտոնը, և պատրաստակամություն է հայտնել շարունակել ծառայել ուկրաինական պետությանն ու «կատարել ցանկացած աշխատանք՝ ուղղված Ուկրաինայի դիրքերի ամրապնդմանը, մեր ազգային շահերի պաշտպանությանը և արդարացի խաղաղությունը մոտեցնելուն»:
Ուկրաինական լրատվամիջոցների աղբյուրները հաղորդում են, որ վարչապետի պաշտոնում քննարկվում են չորս թեկնածություններ՝ «Նաֆտոգազ»-ի խորհրդի նախագահ և «Ուկրնաֆտի»-ի տնօրեն Սերգեյ Կորեցկու, նախկին վարչապետ, էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալի, պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովի և Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի:
Յուլիա Սվիրիդենկոն գլխավորել է Ուկրաինայի կառավարությունը մեկ տարի առաջ՝ փոխարինելով Դենիս Շմիգալին, որը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է հինգ տարուց ավելի՝ ամենաերկարը Ուկրաինայի անկախության շրջանում: Զելենսկու օրոք, ավելի վաղ, վարչապետի պաշտոնն զբաղեցրել են նաև Վլադիմիր Գրոյսմանը և Ալեքսեյ Գոնչարուկը: