Մատչելիության հղումներ

Նոր լարվածություն Իրան-Իսրայել հակամարտությունում. ռազմական գործողությունները վերսկսվել են մի քանի ժամով

Լրացված

Իսրայելն ու Իրանը մի քանի ժամով վերսկսել են ռազմական գործողությունները, երբ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ Բեյրութում «Հեզբոլա»-ի գլխավոր հենակետերից մեկին իսրայելական հարվածներին ի պատասխան:

Իսրայելի բանակը հայտնել է, որ լայնածավալ պատասխան հարվածներ է հասցրել Իրանի պաշտպանական համակարգերին կենտրոնական և արևմտյան շրջաններում։

Ըստ Axios-ի՝ Իսրայելի վարչապետն անտեսել է նույնիսկ ԱՄՆ նախագահի հորդորները՝ զերծ մնալ նոր հարձակումից։

Պայթյուններ են լսվել մայրաքաղաք Թեհրանում, նաև Սպահանում, Թավրիզում։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ վնասվել է Մահշահրի նավթաքիմիական հատուկ տնտեսական գոտում գտնվող «Կարուն» գործարանը, տուժածներ չկան։ Թեհրանի, Շիրազի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները։

Իսրայելի բանակի խոսնակը զգուշացրել է՝ Իրանը «լուրջ սխալ» է թույլ տվել՝ Իսրայելին թիրախավորելով: Գեներալ Էֆի Դեֆրինն ասել է, որ «Հեզբոլա»-ին թույլ չեն տա Լիբանանի հարավն օգտագործել՝ Իսրայելին հարվածելու համար:

«Իրանական ռեժիմը փորձում է ստեղծել նոր իրավիճակ, որտեղ Դահիայում Իսրայելի պաշտպանության բանակի հարձակումներին ի պատասխան՝ ուղղակիորեն հրետակոծում է մեր տարածքը։ Մենք դա թույլ չենք տա», - նշել է նա։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ թիրախավորել է իսրայելական Նևատիմի և Թել Նոֆի ռազմաբազաները, նաև քիմիական նյութերի գործարան՝ Հայֆայում։ Տուժածների մասին չեն հաղորդվում, կան ավերածություններ:

Ըստ իսրայելական կողմի՝ երկրի ուղղությամբ նաև Եմենից է հրթիռ արձակվել՝ առաջին անգամ ապրիլի 8-ից գործող հրադադարի ընթացքում։ Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիները ստանձնել են հարվածի պատասխանատվությունը, նաև զգուշացրել՝ կարգելեն իսրայելական նավերի անցումը Կարմիր ծովով:

Իրանը նշել է, որ հարվածները կշարունակեն, մինչև Իսրայելին չստիպեն դադարեցնել իր գործողությունները։ Կորպուսի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին զգուշացրել է՝ Իրանի տարածքի ցանկացած թիրախավորում ջախջախիչ պատասխանի կարժանանա:

«Սիոնիստական բանակը պետք է դադարեցնի հարավային Լիբանանի և Բեյրութի արվարձանների վրա հարձակումները, իսկ եթե ընդլայնի իր հարձակումները կամ պատասխանի Իրանի գործողություններին, ապա կբախվի ավելի ջախջախիչ և ցավալի հարվածների, և կսկսվեն ավերիչ հարձակումներ ռեժիմի և նրա կողմնակիցների դեմ», - ասել է Զոլֆաղարին։

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ հարձակումից մի քանի ժամ անց Իրանի բանակը հայտարարել է, որ դադարեցնում է հարվածները: Զինուժը, սակայն, նշել է, որ Իսրայելն ու նրա դաշնակիցները պետք է դաս քաղեն այս հարձակումներից: Զինված ուժերը նաև խոստացել է «ավելի կոշտ» պատասխաններ տալ, եթե Իսրայելը վերսկսի հարվածները Լիբանանին։

Իսրայելական Channel 12-ն իր հերթին, Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյային հղումով, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի խնդրանքով Իսրայելը դադարեցրել է Իրանի դեմ հարվածները: Սակայն եթե «Հեզբոլա»-ն շարունակի հարձակումները Իսրայելի վրա, Իսրայելն էլ կվերսկսի հարվածները Բեյրութի հարավային արվարձաններին։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պնդել է, թե Իրանը չի լքել ոչ ռազմի դաշտը, ոչ էլ բանակցությունները: «Մենք կպաշտպանենք ազգի իրավունքները պատշաճ պատասխանատվությամբ և չենք նահանջի որևէ սպառնալիքի առջև»,- սոցցանցում գրել է նա:

Իրանի նպատակահարմարության խորհրդի ղեկավարն էլ հայտարարել է, որ Իրանի հարվածները զուտ ռազմական պատասխան չէին, այլ հստակ ազդակ, որ ցանկացած հարձակում «դիմադրության առանցքի» որևէ հատվածի վրա կհանգեցնի կոշտ պատասխանի: Ամոլի Լարիջանիի խոսքով՝ Թեհրանն այսուհետ իր պաշտպանությունն իրականացնում է ոչ թե սպառնալիքների սպասելով, այլ ակտիվ հարձակողական գործողություններով:

Մինչ այդ Դոնալդ Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ էր արել անհապաղ դադարեցնել կրակը: ԱՄՆ նախագահը, սակայն, սոցցանցում գրել էր, որ Իրանի ծովային շրջափակումը, կշարունակվի այնքան, մինչև գործարք կնքվի: Financial Times-ին Սպիտակ տան ղեկավարն ասել էր, թե Իսրայելի և Իրանի միջև նոր հարվածները չեն ազդի Թեհրանի հետ Վաշինգտոնի բանակցությունների վրա։ NBC-ին տված հարցազրույցում էլ ասել էր, թե մոտ են Իրանի հետ գործարքի:

«Մենք շատ մոտ ենք Իրանի հետ համաձայնության գալուն, և եթե համաձայնության չհասնենք, խնդիրը կլուծենք այսպես, թե այնպես։ Մենք կհաղթենք անկախ ամեն ինչից», - նշել է Թրամփը։

Իրան-Իսրայել նոր լարվածության ֆոնին Կատարի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ, քննարկել են Լիբանանում պատերազմը դադարեցնելու և տարածաշրջանում լարվածությունը թուլացնելուն վերաբերող հարցեր։ Իրավիճակը քննարկել են նաև Սաուդյան Արաբիայի և Կատարի արտգործնախարարները։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG