Իսրայելական բանակը Լիբանանի հարավում գտնվող Տյուրոս քաղաքի և մերձակա տարածքների բնակչությանը տարհանվելու կոչ է արել, հայտնում է Reuters գործակալությունը։
ՑԱՀԱԼ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Լիբանանի կողմից Իսրայելի օդային տարածք ներխուժած երկու արկ է խոցել։ Այդ ընթացքում միացվել էին իսրայելական երկու բնակավայրի օդային շչակները։
Արձակված արկերի համար լիբանանյան «Հեզբոլա» խմբավորումը պատասխանատվություն չի ստանձնել։
Չնայած հրադադարի ռեժիմին՝ իսրայելական ուժերը և «Հեզբոլա»-ի զինյալները գրեթե ամեն օր փոխադարձ հարվածներ են հասցնում։
ԱՄՆ-ի հետ խաղաղության փաստաթուղթ կնքելու համար Թեհրանը նախապայման է ներկայացնում՝ Լիբանանում պետք է հրադադար հաստատվի։
Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության:
«Հեզբոլա»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային և օդային նոր հարձակմանը։
Լիբանանի առողջապահության նախարարության հունիսի 6-ի տվյալներով՝ իսրայելական հարվածները մարտի 2-ից ի վեր առնվազն 3,593 մարդու կյանք են խլել, վիրավորել 10,990-ի։