Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա


Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո այդ երկրի տարածքում բրիտանական և ֆրանսիական զորքեր կտեղակայվեն։ Երեկ Փարիզում կայացած բանակցությունների ավարտին նման պայմանավորվածություն են ձեռք բերել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի ղեկավար Էմանյուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Փարիզյան հանդիպման արդյունքները ամրագրվել են նաև հատուկ հուշագրի տեսքով։

«Այսօրվա հանդիպմանը զգալի առաջընթաց է ձեռք բերվել։ Այսօր համաձայնեցված դրույթները պետք է երաշխավորեն, որ խաղաղության պայմանագիրը երբեք չվերածվի Ուկրաինայի կապիտուլյացիայի պայմանագրի», - հայտարարում էր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

AFP գործակալության տեղեկություններով՝ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները Փարիզում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են Կիևին տրամադրվող առանցքային անվտանգային երաշխիքները:

Դրանց թվում են շփման գծում մոնիթորինգի ամերիկյան մեխանիզմի ստեղծումը, ինչպես նաև բազմազգ եվրոպական ուժերի տեղակայումը Ուկրաինայի տարածքում։ Եվրոպացի զինվորականները, սակայն, Ուկրաինայի տարածք պետք է մուտք գործեն միայն ռազմական գործողությունների լիակատար դադարեցումից հետո։

«Հստակեցվել է, թե որ երկրներն են պատրաստ առաջատար դեր ստանձնել ցամաքում, օդում, ծովային տարածքներում անվտանգության ապահովման ժամանակ, որ երկրներն են պատրաստ կենտրոնանալ Ուկրաինայի վերականգնման վրա։ Հստակեցվել է նաև, թե ինչպես են կառավարվելու այդ ուժերը», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Այս պահին, սակայն, Ուկրաինա զորախումբ ուղարկելու պատրաստակամությունը պաշտոնապես փաստաթղթի տեսքով հաստատել են միայն Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։

Լոնդոնում և Փարիզում նշում են, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական կենտրոններ կստեղծվեն։ Դրանց գործառույթները և գտնվելու վայրը դեռ չեն հստակեցվում։

Եվրոպական մյուս առաջատար պետությունները Ուկրաինա զորք ուղարկել դեռ չեն շտապում

Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ գերմանական բանակը պատրաստ է մասնակցել խաղաղապահ ուժերի գործունեությանը, սակայն բացառապես Ուկրաինային սահմանակից և ՆԱՏՕ-ին անդամ հանդիսացող պետությունների տարածքից։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ավելի կտրուկ է։ Նա բացառել է իտալական զորքերի տեղակայումը Ուկրաինայի տարածքում։

Ինչ վերաբերում է ամերիկացիներին, ապա ուկրաինական կարգավորման հարցում առանցքային դերակատարություն ստանձնած Վաշինգտոնն առայժմ գերադասում է կենտրոնանալ բանակցային պրոցեսի վրա։ Այս մասին հայտարարում էր Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

«Մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել։ Կիևն ու դաշնակիցները զգալիորեն մոտեցել են անվտանգության երաշխիքների վերջնական համաձայնեցմանը։ Դրա հետ մեկտեղ ես ցանկանում եմ ընդգծել՝ մենք Փարիզ ենք ժամանել որպես միջնորդներ։ Մենք այստեղ ենք խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը հասնելու համար», - հայտարարում էր Ուիթքոֆը։

«Չեմ կարծում, որ ԵՄ զորքերը մասնակցելու են ռազմական գործողություններին»

Շարքային ուկրաինացիները, սակայն, վստահ չեն, որ եվրոպական ուժերի տեղակայմամբ Ուկրաինայի առջև ծառացած բոլոր հարցերը լուծվելու են։

«Չեմ կարծում, որ ԵՄ զորքերը մասնակցելու են ռազմական գործողություններին։ Նրանք կմնան թիկունքում, իսկ մեր տղաները կշարունակեն կռվել և զոհվել առաջնագծում», - Reuters-ի հետ զրույցում նշում է Կիևի բնակչուհիներից մեկը:

Ուկրաինայի մայրաքաղաքի մեկ այլ բնակչի համոզմամբ էլ՝ վերջին խոսքը միևնույն է Ռուսաստանինն է։

«Ես կարծում եմ, որ շատ բան կախված է Պուտինի որոշումներից։ Մենք կամ եվրոպացիները կարող ենք որոշել, թե ինչ ենք ցանկանում, բայց գոյություն ունի նաև հակամարտության մյուս կողմը», - պնդում է Կիևի բնակիչ Դմիտրի Օվչարենկոն։

Իսկ կիևցի թոշակառու Անատոլի Զելենկոյի կարծիքով՝ եվրոպացիների կողմից օգնության լավագույն ձևը կլիներ զենքի մատակարարումը։ Նրանք, սակայն, ըստ տղամարդու, վախենում են դա անել։

XS
SM
MD
LG