Մատչելիության հղումներ

«Կեղծ, շինծու գործ». Արթուր Օսիպյանի գործը դատարանում է

Լրացված
Արթուր Օսիպյանը դատարանում, Երևան, 16-ը սեպտեմբերի, 2026թ.
Արթուր Օսիպյանը դատարանում, Երևան, 16-ը սեպտեմբերի, 2026թ.

Դատախազն այսօր դատարանում կրկնեց՝ վարչապետի հետ վիճաբանության մեջ մտած արցախցի Արթուր Օսիպյանը մեղավոր է խուլիգանության, բռնության կոչերի ու քարոզարշավին խոչընդոտելու հոդվածներով, որոնցով նրան սպառում է առավելագույնը երեք տարվա ազատազրկում: Նարեկ Մենդիկյանն ընդգծեց՝ գործի հիմքում ոչ միայն Փաշինյանի հետ միջադեպն է, այլև Օսիպյանի՝ Ֆեյսբուքում ավելի վաղ արած գրառումները, որոնք հետո հերթով սկսեց ընթերցել:

«Նիկոլ, քեզ կդնեմ համապատասխան դիրքում և այնպես կարդուկեմ, ողնաշարդ կջարդեմ, անասուն», - դրանցից մեկում գրել էր Օսիպյանը:

Պաշտպան Դավիթ Հովհաննիսյանն, իր հերթին, փաստեց՝ այդ գրառումներն արվել էին Փաշինյանի հետ միջադեպից ու մեղադրանք առաջադրելուց ամիսներ առաջ. ինչո՞ւ այդ ժամանակ իրավապահները դրանցով չէին հետաքրքրվել:

«Նույնիսկ չի կանչվել վարույթն իրականացնող մարմնի հարցաքննության: Այսինքն՝ այստեղ մենք կարող ենք հիմնավոր մտածել հետևյալ կերպ, որ Արթուր Օսիպյանը, փաստորեն, այդ պահին ձերբակալվել է, և հնարավոր բոլոր միջոցները վարույթն իրականացնողը կիրառել է, գործադրել է, որպեսզի մեղադրանքի հիմքում դրված հոդվածները լինեն բազմաթիվ և բազմաբնույթ», - պնդեց փաստաբանը:

Արաբկիրում վարչապետի քարոզչության ժամանակ Արթուր Օսիպյանը մոտեցել, հարց էր տվել Ղարաբաղյան հակամարտության թեմայով, զրույցը բորբոքվել էր, Փաշինյանն անցել էր վիրավորանքների ու բղավոցների:

Միջադեպից ժամեր անց ոստիկանությունը ձերբակալել էր արցախցի տղամարդուն, քննչականն էլ միջնորդել էր կալանավորել: Ազատազրկման առաջին օրից Օսիպյանը բանտում հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրեց երեք շաբաթ անց, երբ նրա խափանման միջոցը փոխվեց՝ հանրային բողոքի ներքո:

Այսօր էլ դատարանում Օսիպյանն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում: «Կեղծ, շինծու գործ է, քաղաքական նպատակներ է հետապնդում, և, միանշանակ, էս գործը մենք ջախջախելու ենք», - հայտարարում էր նա:

Արդեն նիստից հետո ընդգծեց՝ վտահ չէ, որ կհաղթի դատարանում. ասաց՝ անկախ դատարան չունենք: Օրինակ բերեց՝ չնայած Փաշինյանի հրապարակային սպառնալիքներին ու վիրավորանքներին, Դատախազությունը մերժել է նրա դեմ վարույթ հարուցելու՝ իրենց դիմումը. - «Դիմել ենք Դատախազություն, Դատախազությունը ասել է՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կրել է բացառապես ընդհանուր խոսակցական բնույթ»:

Դրան զուգահեռ, Օսիպյանը դիմել է դատարան՝ ընդդեմ վարչապետի. նա պահանջում է ներողություն խնդրել իրեն զրպարտելու համար: Քննությունը կսկսվի մյուս շաբաթ:

Փաշինյանի իշխանավարման ընթացքում նրա դեմ մոտ երեք տասնյակ հայց է ներկայացվել՝ զրպարտության ու բարի համբավն արատավորելու համար, բայց դրանցից և ոչ մեկով չկա ուժի մեջ մտած վճիռ, որը վարչապետին կպարտադրեր հերքել իր խոսքերն ընդդիմախոսների նկատմամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG