Մատչելիության հղումներ

Փաշինյանը հրաժարվում է ներողություն խնդրել Օսիպյանից. ըստ փաստաբանի՝ նրա «կալանավորումը անձնական վրեժխնդրություն է»

Վարչապետը չի պատրաստվում ներողություն խնդրել արցախցի Արթուր Օսիպյանից, ով կալանավորվել է Նիկոլ Փաշինյանին հարցեր տալուց հետո: Օսիպյանը ութերորդ օրն է բանտում հացադուլ է անում, պահանջում, որ Փաշինյանը ներողություն խնդրի իրեն «փախած» անվանելու ու արժանապատվությունը վիրավորելու համար:

«Նա պիտի ներողություն խնդրի ու իր նման պսևդոէլիտայի ներկայացուցիչները: Գիտեք՝ մենք չգիտե՞նք նրա և Ղարաբաղի իշխանության կապերի մասին, թվում է, որ մենք տենց միամի՞տ ենք», - ասաց Փաշինյանը:

Արթուր Օսիպյանը ազատությունից զրկվեց տասն օր առաջ, նա քարոզարշավի ժամանակ մոտեցել էր Փաշինյանին ու պահանջում էր՝ հիմնավորի՝ ո՞ր փաստաթղթերով էր կանխորոշված, որ Արցախը լինելու էր Ադրբեջանի կազմում: Հետո զրույցը թեժացավ, Փաշինյանը վիրավորեց նրան ու այն աստիճան հունից դուրս եկավ, որ մեղադրեց պատերազմում չզոհվելու համար:

Նույն օրը արցախցի գործչին ազատությունից զրկեցին: Ու թեև Փաշինյանը հաճույքով համաձայնել էր նրա հետ խոսել, Օսիպյանն էլ վարչապետին ոչ մի վիրավորական բառ չէր ասել, ավելին, հորդորում էր հանգիստ խոսել, նրան խուլիգանություն, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչի հոդվածներով մեղադրանք առաջադրեցին:

Արթուր Օսիպյանը Արցախում ընդդիմադիր գործիչ է եղել ու Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի ժամանակ էլ նրան մեղադրում էր նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին սատարելու համար, ում դեմ ինքը պայքարել է: Վարչապետը շարունակում է պնդել, թե Օսիպյանը Արցախի ղեկավար կազմի հետ կապեր ունի:

«Ինձ համար Սամվել Շահրամանյանն ու Արթուր Օսիպյանը նույն կատեգորիայի մարդիկ են: Ինքը և պսևդոէլիտայի մյուս ներկայացուցիչները պետք է ներողություն խնդրեն մեր նահատակների ընտանիքներից, որ ուզում են շարունակել այդ պրոցեսն ու Հայաստանը վերադարձնել կոնֆլիկտի խորխորատի մեջ: Որտե՞ղ է Արթուր Օսիպյանը կռվել, որ մի հատ էլ եկել է Ղարաբաղի հարց է առաջ տանում, որտե՞ղ է եղել ընդհանրապես պատերազմի ժամանակ», - ասաց Փաշինյանը:

Ի՞նչ կապ ունի կապերն ու կռվել-չկռվելը իրեն հարցեր տված Օսպյանին ազատությունից զրկելու հետ, Փաշինյանը բացատրություններ չի տալիս: Իսկ որ Օսիպյանը 44-օրյա պատերազմի ժամանակ դիրքերում է եղել, նրան ճանաչողներն են պնդում: Արցախցի Հարութ Մնացականյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Օսիպյանն իր մարտական ընկերներից է ու հենց պատերազմի սկզբից է նրան դիրքերում տեսել:

«Պատերազմը սկսելու հենց առաջին իսկ օրերին կամավոր մեկնել է պատերազմ Եղնիկներ: Ես նրան տեսել եմ մարտական դիրքում, այդ դիրքի նկատմամբ հակառակորդը բազմաթիվ ոտնձգություններ է կատարել, որը Արթուրի մասնակցությամբ, ժամկետայինների, կամավորների մասնակցությամբ հաջողությամբ հետ են մեղել ու մինչև պատերազմի վերջին օրերը այդ դիրքը եղել Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո», - ասաց Մնացականյանը:

Իսկ Փաշինյանը մեղքի զգացում չի՞ ունենա, եթե Օսիպյանի ծայրահեղ քայլը անդառնալի հետևանքներ ունենա: Օրերս անդառնալի հետևանքով ավարատվեց Արմեն Հովհաննիսյանի բանտարկությունը: Նրան կալանավորվել էին Փաշինյանի կուսակցության պաստառը պոկելու համար ու հետո տեղափոխել հոգեբուժարան, որտեղ էլ նա ինքնասպանություն գործեց: Մեղքի զգացում ունենալուն Փաշինյանը չպատասխանեց:

Օսիպյանը բանտում է խիստ ռեժիմով, նրան տեսակցել չեն կարող նրա կալանավայրերում մուտք ունեցող հասարակական դիտորդները, ասում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

«Քննիչի կողմից արգելանք է նշանակված, որի պատճառով դիտորդների խումբը չի կարող տեսակցել նրա հետ: Մի քանի անգամ փորձեցինք աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի արգելանքի պարագայում ևս հասանելիություն ունենանք, սակայն քրեակատարողական համակարգում այդ հասանելիությունը ունի միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը», - նշեց փաստաբանը:

Առաջին օրը ՄԻՊ գրասենյակից այցելել են, բայց Օսիպյանը հրաժարվել է հանդիպել: Դրանից հետո պաշտպան Մանասյանը փորձե՞լ է անձամբ հանդիպել, նրա խոսնակը խոստացավ պարզել ասել, բայց այդպես էլ չզանգեց:

«Արթուր Օսիպյանի նկատմամբ վարույթի իրականացումն ու հարուցումը, առավել ևս կալանքը, որը կիրառվել է այսպիսի պայմաններում ու ռեժիմում, չունի իրավական ու օրինական հիմքեր», - ասաց Հովհաննիսյանը:

Արթուր Օսիպյանին ազատությունից ապօրինի են զրկել, նրա արարքում հանցակազմ չկա, պնդում է իրավապաշտպանը: Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ նա բանտում է Փաշինյանի անձնական վրեժխնդրության պատճառով:

«Նաև այն, որ վարչապետը հստակորեն խղճի խայթի հետ կապված որևէ արձագանք չի ներկայացնում ու չի արձագանքում այդ հարցին ևս կարող է ապացուցել, որ դա հենց անձնական վրեժխնդրության արդյունք է», - ընդգծեց փաստաբանը:

Հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները Օսիպյանի կալանավորումը ապօրինի են որակում ու պնդում, որ դա քաղաքական է:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG