Մատչելիության հղումներ

16 օր առանց սննդի. մի քանի հարյուր ստորագրություն՝ Արթուր Օսիպյանի ազատության համար

Նախագահական նստավայրի առջև երրորդ օրն է շարունակվում է բանտում հացադուլ հայտարարած արցախցի Արթուր Օսիպյանի ազատության համար նստացույցն ու ստորագրահավաքը:

Բաղրամյան պողոտայով անցնող Արարատ Գևորգյանն այսօր միացավ այն հարյուրավոր քաղաքացիներին, որոնք ստորագրել են նախագահին ուղղված պահանջի տակ՝ միջնորդել գլխավոր դատախազին, որ ազատ արձակի վարչապետին մի քանի սուր հարց տալուց հետո կալանավորված արցախցի տղամարդուն:

«Խոսքի ազատության արգելափակում է և ցանկացածիս հետ կարող է կատարվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գևորգյանը, - «Ինքը բանավեճին Փաշինյանին հաղթեց, դրա համար Փաշինյանը չի ընդունում էդ ամեն ինչը»:

Արարատ Գևորգյանն ասաց՝ անձամբ չի ճանաչում Օսիպյանին, բայց հետևել է նրա գործունեությանը դեռ Արցախից: Փաշինյանը հունից դուրս էր եկել հենց ղարաբաղյան կարգավորման մասին Օսիպյանի հարցից, վիրավորել էր տուն ու հայրենիք կորցրած տղամարդուն ու հանդիմանել, թե ինչու չի զոհվել պատերազմում:

«Թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ 5 հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք», - բղավել էր վարչապետը:

Դրանից հետո Օսիպյանին ձերբակալեցին, մեղադրանք առաջադրեցին բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով:

Ընդդիմադիր հայացքներ ունեցող Միքայել Մարգարյանն արդեն երկրորդ գիշերն է լուսացնում նախագահականի մոտ: Հետևում է ստորագրահավաքի աճող թվերին:

«Դեպի երեկո երեկ ինտենսիվացավ՝ մարդկանց հատուկ գալ ստորագրելու համար, ոչ թե որպես անցորդ տեսավ, կարդաց, այլ իրազեկված մարդիկ են արդեն գալիս: Երեկոյան հագուստով տիկին մոտեցավ՝ «ո՞րտեղ եմ ստորագրում», ասի՝ «տեղյա՞կ եք», ասեց՝ «ո՞նց, ես դրա համար եմ եկել», - նշեց Մարգարյանը:

Հույս ունի, որ հանրային ճնշումը դրական արդյունք կտա. - «Իրեն անիմաստ տեղն են և անհիմն են ձերբակալել, վաղը սպառնում է դա մնացածին: Եկեք համախմբվենք և ասենք ոչ էն ամենին, ինչ կատարվում է»:

Նստացույցը նախաձեռնած Գեղամ Օհանյանը դեռ երկու օր առաջ է նախագահական նամակ ուղարկել, նրան դեռ չեն արձագանքել: «Ազատություն»-ը ևս հարցում է ուղարկել Վահագն Խաչատուրյանին, թե պատրաստվո՞ւմ է դիմել գլխավոր դատախազին, մենք էլ դեռ պատասխան չունենք:

«Շուրջօրյա անժամկետ նստացույցին արդեն միացել է Միքայելը և Միսկարյան Գարեգինը, ու մենք արդեն երեքով ենք: Ու եթե էլի մարդիկ կան, ովքեր կցանկանան, եկեք քննարկենք, հասկանանք: Սենց թե նենց ձնագնդիկը գնալով մեծանում է, ու հարցը գնալով ավելի արմատական է դառնում, իհարկե դրան նաև նպաստում է էդ հացադուլի բեռը՝ օրերը որ ավելանում են, ու Արթուրի վիճակը ավելի ծանրանում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Օհանյանը:

Նուբարաշենի բանտում պահվող Արթուր Օսիպյանը գնալով հյուծվում է, նա հրաժարվում է դադարեցնել հացադուլը՝ Փաշինյանից պահանջելով ներողություն խնդրել, որ իրեն «փախած» է անվանել ու վիրավորել: Ինքը՝ վարչապետը ևս ներողության է սպասում:

«Այս պարագայում Արթուր Օսիպյանը հանրության հավաքական կերպար նաև կարող է ներկայացվել բոլոր այն անձանց, ովքեր փաստորեն համարձակվում են հակաճառել և բարձրացնել ցավոտ հարցեր», - ընդգծեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության իրավաբան փորձագետ Հասմիկ Հարությունյանը:

Արցախցուն ազատ արձակելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով գլխավոր դատախազին են դիմել նաև ավելի քան երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ և ութ տասնյակից ավելի անհատ գործիչներ: Հասմիկ Հարությունյանը ևս միացել է Աննա Վարդապետյանին ուղղված բաց նամակին:

«Արթուր Օսիպյանի կողմից հնչեցվել են միգուցե սուր, բավականին սուր հարցադրումներ, վիճելի հարցադրումներ, սակայն՝ ամբողջությամբ տեղավորվող ազատ խոսքի պաշտպանության համատեքստում, ինչը, ի դեպ, և՛ Հայաստանի ներպետական օրենսդրության, և՛ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում ենթադրում է պաշտպանություն: Եվ սա ամբողջությամբ հակասում է Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին», - ընդգծեց Հարությունյանը:

Իրավապաշտպանը մտահոգված է՝ Օսիպյանը կալանավոր դարձավ վարչապետին սուր հարցեր տալուց հետո, երբ նրա նախաձեռնած երկխոսությունը ոչ թե կառուցողական շարունակություն ունեցավ, այլ նրան հեռացրեցին տարածքից, ձերբակալեցին ու հիմա պահում են վատ պայմաններով հայտնի Նուբարաշենի բանտում, արգելված են տեսակցությունները: Սա արհեստածին գործ է, ասում է Հարությունյանը:

«Եվ եթե սրան համադրենք այն վիճակը, որում գտնվում է Արթուր Օսիպյանը արդեն 16 օր, և շուտով կլինի նաև ավելին, ապա խիստ մտահոգիչ է նաև նրա կյանքի և առողջության պաշտպանության համատեքստում», - ասաց իրավապաշտպանը:

Գլխավոր դատախազին ուղղված բաց նամակում Օսիպյանի ճակատագրով քաղհասարակության ներկայացուցիչներն ընդգծում են՝ կատարվածը իշխանության չարաշահում է, բռնապետական գործիքակազմով քաղաքացուն լռեցնելու փորձ և ակնհայտ անօրինական, անհիմն ու քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդում, որը պետք է դադարեցվի:

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ ստացել են նամակը, դրան տրվել է ընթացք:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG