Մատչելիության հղումներ

Մեղադրանք՝ վարչապետի հետ բարձր տոնով խոսելու համար. դատարանը քննում է Արթուր Օսիպյանին 2 ամսով կալանավորելու հարցը

Միանգամից երեք հոդվածով մեղադրանք՝ Նիկոլ Փաշինյանին հարց տված արցախցի տղամարդուն: Ընդ որում, ըստ փաստաբան Ռոման Երիցյանի, Արթուր Օսիպյանին մեղադրում են վարչապետի հետ բարձր տոնով խոսելու համար:

Այժմ դատարանը քննում է Քննչականի՝ Օսիպյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը:

Արաբկիրում վարչապետի քարոզչության ժամանակ Արթուր Օսիպյանը մոտեցել, հարց էր տվել Ղարաբաղի թեմայով ու արժանացել կոշտ վիրավորանքների ու բղավոցների: Ժամեր անց ոստիկանությունը նրան ձերբակալել էր, իսկ Քննչականն էլ երեկ խուլիգանություն, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչ որակեց արցախցու վարքագիծն ու միջնորդեց նրան կալանավորել:

«Դրվագը բացառապես վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի հետ Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպին, ուրիշ ոչնչի չի վերաբերում: Այսինքն՝ Արթուր Օսիպյանի կողմից նախկինում ինչ-որ արարք կատարելուն կամ նույնաբովանդակ որևէ այլ գործողության: Ե՛վ բռնության կոչը, և՛ խուլիգանությունը, և՛ նախընտրական քարոզարշավին իբրև թե խոչընդոտելը վերաբերում են բացառապես այդ դրվագներին», - ասաց փաստաբանը:

Օսիպյանը ոչ ձայնն էր բարձրացրել, ոչ էլ վիրավորական խոսքեր ասել Փաշինյանին, փաստաբան Ռոման Երիցյանն ընդգծում է՝ հունից դուրս էր եկել հենց վարչապետն ու անցել վիրավորանքների. «Ասում են բարձր տոնով խոսել է վարչապետի հետ այն դեպքում, երբ մարդը Փաշինյանին առաջարկում է, ասում է՝ մի քիչ, խնդրում եմ, ցածր խոսացեք, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «ցածր չեմ խոսալու, քո հետ հենց էս տոնով եմ խոսալու», մատն էլ թափահարում վերջում ասում է՝ «դու ինչի չես զոհվել»: Արթուր Օսիպյանը համարվում է պատերազմի մասնակից»:

Վարչապետի հետ չստացված երկխոսությունից առաջ Օսիպյանը գրառում էր արել Ֆեյսբուքում: Այն վարչապետին ցույց էր տվել ԱԺ նախագահը: Այդ սքրինշոթում գրված էր, թե Փաշինյանի տեղն է փնտրում, որ «բմբուլները օդ հանի»:

Նույն իրավապահները, սակայն, չեն քննում վարչապետի վերջին օրերի վարքագիծը այն դեպքում, երբ Փաշինյանն օրեր շարունակ ընդդիմախոսներին է դիմում վիրավորական արտահայտություններով ու սպառնալիքներով, թե ինչո՞ւ՝ չեն մանրամասնում:

Ռոման Երիցյանի խոսքով, վարչապետն ատելություն է քարոզում, և իրավապահները պետք է քննեն այս դրվագը:

«Էնտեղ ես իր արաքում ոչ բռնության կոչ, խուլիգանություն կամ որևէ այլ քայլ չեմ տեսել, կոնկրետ վարչապետի արարքի մասին է: Այնտեղ ես Քրեական օրենսգրքով արգելված արարքներից տեսնում եմ ատելության քարոզ, ընդ որում՝ ատելության քարոզ ուղղված արցախցիներին», - ասաց փաստաբանը:

Քարոզարշավի մասնակցող Փաշինյանն օրերս, մասնավորապես, հետևյալ արտահայտություններն էր հնչեցրել ընդդիմադիրների հասցեին. «Ռոբին կզացնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացուն էլ, Սերժին էլ, Գագոյին էլ, չոքցնելու եմ սաղիդ ... Հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղերը, հատ-հատ գտնելու եմ, մասկեքներդ մտցնելու եմ համապատասխան տեղերը։ Էլ չեմ ասում այդ ավտոմատի կոթը, կզելու եք»:


Այսօր հայտարարությամբ են հանդես եկել քաղաքացիական հասարակության մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ՝ խստորեն դատապարտելով Արթուր Օսիպյանի նկատմամբ հարուցված «ակնհայտ անօրինական, անհիմն և քաղաքականապես մոտիվացված» քրեական հետապնդումն ու ազատությունից զրկելը, պահանջելով անհապաղ արգելանքից ազատ արձակել նրան ու դադարեցնել քրեական հետապնդումը:

«Առավել ևս անօրինական, անհամաչափ և դատապարտելի է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը դատարան, որը կիրառվում է անձի հանրային խոսքն ու գործունեությունը սահմանափակելու և նրան պատժելու նպատակով, այլ ոչ թե օրենքով սահմանված հիմքերին համաձայն», - ասված է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների», Երևանի Մամուլի ակումբի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Հելսինկյան ասոցիացիայի և մյուս կազմակերպությունների հայտարարությունում:

Կազմակերպություններն արձանագրում են «իրավապահ մարմինների՝ դատախազության և քննչական կոմիտեի՝ ընտրովի արդարադատության իրականացումը՝ հիմնված քաղաքական նպատակահարմարության վրա՝ ի պաշտպանություն բացառապես կառավարող քաղաքական ուժի ներկայացուցիչների»։ «Հակառակ դեպքում, քրեաիրավական գնահատական կտրվեր կառավարող քաղաքական ուժի և անձամբ Նիկոլ Փաշինյանի՝ առերևույթ ատելության խոսք, հրապարակային բռնության կոչեր և սպառնալիքներ, այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց խոշտանգման ենթարկելու, պարունակող հանրային խոսքին, ինչպես նույն դրվագում, այնպես էլ նախորդած օրերին տեղի ունեցած միջադեպերի համատեքստում», - ընդգծում են հայտարարության հեղինակները:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG