Գրեթե երեք ամիս տևած բյուրոկրատական քաշքշուկից հետո փաստաբաններին հաջողվել է վերցնել ադրբեջանական բանտում պահվող արցախցի տղամարդու հոգեկան առողջության մասին փաստաթղթերը:
58-ամյա Կարեն Ավանեսյանի բժշկական տվյալների մի մասը պատճենների տեսքով Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո տեղափոխել են Հայաստան, բայց Առողջապահության նախարարությունը մերժում էր տրամադրել դրանք՝ բժշկական գաղտնիքի պատճառաբանությամբ: Փաստաբան Արա Ղազարյանն ասում է՝ իրենք միջազգային դատարանին հայտնել էին առողջական խնդրի մասին, բայց չէին կարողանում ուղարկել բժշկական տեղեկանքը:
«Դա ապացույց է, որը մենք պարտավոր ենք ներկայացնել Եվրոպական դատարան, որովհետև եթե ինչ-որ պնդում ենք ներկայացնում, պետք է դրա վերաբերյալ ապացույց էլ ներկայացնենք: Հիմա մենք ունենք անուղղակի ապացույց, ուղղակի ապացույցները Ստեփանակերտում են՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղազարյանը՝ շարունակելով. - «Ի վերջո, Ադրբեջանը օկուպացրել է այդ տարածքը, և գտնվում է նրա արդյունավետ հսկողության ներքո, այսինքն՝ իրենց համար հասանելի է: Մենք միջնորդելու ենք Եվրոպական դատարան, որպեսզի Ադրբեջանից ուզի ուղղակի ապացույցները առողջական վիճակի մասին»:
Փաստաբանը հույս ունի, որ այս փաստաթղթերը կարող են հետագայում ազդել Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարանի որոշման վրա, որ հոգեկան խնդիր ունեցող մարդուն մեղադրել է ծանր հանցագործության մեջ ու դատապարտել է 16 տարվա ազատազրկման: Ավանեսյանը մեղավոր է ճանաչվել միանգամից 8 հոդվածներով, ըստ Բաքվի՝ նա ահաբեկչություն էր նախապատրաստել անցած տարի Ստեփանակերտ նախագահ Ալիևի այցի օրը:
Փաստաբան Ղազարյանն այժմ զբաղված է Ստրասբուրգի դատարան ուղարկվելիք փաստաթղթերի փաթեթը կազմելով: Այս ամիս դրանք կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանին:
«Ես կարծում եմ՝ դա կօգնի մեզ, որպեսզի մենք ապացույցի բեռը տեղափոխենք Ադրբեջանի վրա՝ ստեղծելով վիճելի հարց: Իսկ մինչև հիմա մենք ներկայացնում էինք, որ այսպիսի հարց կա վիճելի, բայց ապացույց չէինք ներկայացնում: Հիմա մենք արդեն ունենք ապացույց, և կարծում եմ՝ Եվրոպական դատարանը արդեն Ադրբեջանից կպահանջի հերքել մեր ներկայացրածը», - նշեց Արա Ղազարյանը:
Փաստաբանի խոսքով՝ Բաքուն Եվրադատարան է ուղարկել տվյալներ, թե արցախցի տղամարդը առողջական որևէ խնդիր, այդ թվում՝ հոգեկան, չունի: Հայկական կողմի փաստաթուղթը, սակայն, ՄԻԵԴ-ին հնարավորություն կտա ամբողջական իրական պատկերացում ստանալ:
«Մնացածը արդեն փաստերի արժանահավատությունից է կախված: Երբեմն դատավարությունում բանը հասնում է նրան, որ ստիպված պետք է դատարանը ինքնուրույն ուսումնասիրի, թե կողմերից որ մեկի ներկայացրած ապացույցներն են ավելի արժանահավատ, ավելի վստահելի ապացույցներ, ավելի ամբողջական, և այլն, և այլն: Դատավարությունը, ինձ թվում է, այդ ուղղությամբ է առաջնորդվելու», - ասաց Ղազարյանը:
Եվրոպական դատարանում հայաստանցիների շահերը ներկայացնող փաստաբանի կարծիքով՝ Կարեն Ավանեսյանի գործում դատարանի համար կարևոր փաստարկ է նաև Բաքվի պահվածքը: Դեռ հոկտեմբերին դատարանը հրատապ որոշմամբ Ադրբեջանին պարտավորեցրել է Ավանեսյանին հնարավորություն տալ կապ հաստատել փաստաբանի, հարազատների հետ: Բաքուն մինչև հիմա չի կատարել այս որոշումը:
«Այն հանգամանքը, որ այդպես էլ չկատարվեց դատարանի որոշումը՝ Կարեն Ավանեսյանին հնարավորություն տալու զանգելու իր փաստաբաններին կամ հարազատներին, այդ բացթողումը Ադրբեջանի կողմից կարող է հետագայում դեր ունենալ վճռի կայացման առնչությամբ», - ընդգծեց Արա Ղազարյանը:
Որ բժշկական այս տեղեկանքը կարևոր հիմք է ՄԻԵԴ-ի հետագա որոշումների կայացման համար, կարծում է նաև «Արցախ» միության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Այս տեսանկյունից կարևոր կլինի, որ բացվի Կարեն Ավանեսյանի հետ հաղորդակցության մեխանիզմը, և երկարաժամկետ կտրվածքով քննարկել ու գտնել լուծումներ նրան հայրենիք վերադարձնելու համար: Բայց սա բավականին երկար ճանապարհ է, և ես վստահ եմ, որ այդ ճանապարհը հիմնականում ՄԻԵԴ-ի միջոցով պետք է անցնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բեգլարյանը:
Արցախի նախկին օմբուդսմենը լիազորված է ադրբեջանական բանտարկության մեջ գտնվող տղամարդու անունից հանդես գալ Եվրադատարանում: Հույս ունի, որ արցախցի տղամարդու ազատության համար Եվրոպական դատարանը մի դուռ կբացի. - «Հա, միանշանակ, որովհետև մի բան է սովորական անձ, մեկ այլ բան է հոգեկան խնդիրներ ունեցող անձ: Ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանություն ոլորտում հոգեկան խնդիրներ ունեցող անձինք համարվում են ամենախոցելի խմբերին պատկանող անձինք»:
Կարեն Ավանեսյանն այն մի խումբ հայերից է, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո մնացել էին Ստեփանակերտում: Անցած սեպտեմբերին նրան ձերբակալեցին ու պնդեցին, թե Ավանեսյանը «Կալաշնիկով» ինքնաձիգով, լիցքավորված պահեստատուփերով ու հինգ նռնակներով փորձել էր մոտենալ այն վայրին, որտեղ Ալիևի այցի կապակցությամբ միջոցառում էր: Ադրբեջանական իրավապահները նաև պնդում են՝ Կարենը «դիմադրել էր, կրակ բացել, նռնակներ նետել»: Բաքուն Ավանեսյանի վերաբերյալ տեսանյութ էր տարածել ու դա որակել «ահաբեկչության նախապատրաստություն»: Բայց այդտեղ Ավանեսյանը ոչ թե քայլում է դեպի այնտեղ, որտեղ Ալիևն է, այլ՝ հակառակ ուղղությամբ:
Կարեն Ավանեսյանից բացի Բաքվի բանտերում են ևս 19 հայեր, այդ թվում` Ղարաբաղի նախկին ղեկավարները: