Արցախցի Կարեն Ավանեսյանն Ադրբեջանում դատապարտվեց 16 տարվա ազատազրկման: Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի որոշումը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ավանեսյանն այն մի խումբ հայերից է, որ Արցախի հայաթափումից հետո մնացել էր Ստեփանակերտում: Սեպտեմբերի 14-ին, երբ Ադրբեջանի նախագահը ժամանել էր Արցախ, Ավանեսյանին ձերբակալել էին: Ըստ Բաքվի՝ արցախցի տղամարդը ««Կալաշնիկով» ինքնաձիգով, լիցքավորված պահեստատուփերով ու 5 նռնակներով փորձել էր մոտենալ միջոցառման վայրին», բայց ոստիկանները հասցրել էին կանխել: Ադրբեջանական իրավապահները նաև պնդում են՝ Կարենը «դիմադրել էր, կրակ բացել, նռնակներ նետել»:
Բաքուն Ավանեսյանի վերաբերյալ տեսանյութ է տարածել ու դա որակել «ահաբեկչության նախապատրաստություն»: Բայց այդտեղ Կարեն Ավանեսյանը ոչ թե քայլում է դեպի այնտեղ, որտեղ Իլհամ Ալիևն է, այլ՝ հակառակ ուղղությամբ: Այդ տեսանյութում որևէ զենք, գնդացիր չի երևում, մի տղամարդ է Ստեփանակերտի կենտրոնում՝ Ալիևի գտնվելու վայրից հեռու՝ քաղաքի արվարձանում, ուսապարկով քայլում:
Հայերի դատավարություններն Ադրբեջանում ընթանում են առանց անկախ դիտորդների ու լրատվամիջոցների: Հայաստանյան և միջազգային հանրությունը տեղեկություններ է ստանում միայն խիստ վերահսկվող պետական լրատվամիջոցներից, ու նրանց հրապարակումները հնարավոր չէ ստուգել: Նույնկերպ նաև հնարավոր չէ պարզել Կարեն Ավանեսյանի հետ տեղի ունեցածի իրական մանրամասները: