Մատչելիության հղումներ

Ադրբեջանում դատվող Ավանեսյանի առողջության տեղեկանքը՝ փակի տակ. փաստաբանները չեն կարողանում այն ստանալ՝ ուղարկելու ՄԻԵԴ


Ադրբեջանական դատարանում 8 ծանր հոդվածներով դատվող արցախցի Կարեն Ավանեսյանի փաստաբանները չեն կարողանում Հայաստանից վերցնել նրա առողջության մասին տեղեկանքը, որ ուղարկեն Եվրոպական դատարան:

Առողջապահության նախարարությունն Ավանեսյանի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկություն տրամադրելու համար լիազորագիր է պահանջում, բայց Արցախից ձերբակալված և ադրբեջանական բանտում պահվող տղամարդուց փաստաբանները չեն կարող այն վերցնել: Այս մերժման պատճառով հնարավորություն չունեն Ստրասբուրգին տեղեկացնել, որ Կարեն Ավանեսյանը հոգեկան խնդիրներ ունի՝ հակառակ Ադրբեջանի պնդումներին, թե նա լիարժեք առողջ «ահաբեկիչ է»:

«Ինքը խոցելի կալանավոր է։ Ինքը բուժվել է այնտեղ, նրա վերաբերյալ բժշկական տվյալներ կան», - «Ազատությանն» ասաց նրա շահերը Եվրոպական դատարանում պաշտպանող փաստաբան Արա Ղազարյանը:

58-ամյա Ավանեսյանի բժշկական տվյալներն Արցախի հայաթափումից հետո տեղափոխել են Հայաստան, բայց Արա Ղազարյանն ասում է՝ խնդրի առջև են կանգնել. «Դա խնդիր է, մենք ուզում ենք տարբեր եղանակներով ստանալ»:

Ինչո՞ւ Առողջապահության նախարարությունը չի տրամադրում անհրաժեշտ տեղեկանքը, թեկուզ առանց լիազորագրի, հատկապես, երբ այն անհրաժեշտ է Եվրոպական դատարանում նրա շահերը պաշտպանելու համար: Գերատեսչությունից հրաժարվում են պատասխանել այս հարցին, հորդորեցին գրավոր հարցում ուղարկել:

Օրերս Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում պետական մեղադրողը պահանջել է Ավանեսյանին 18 տարով ազատազրկել:

Ավանեսյանն այն մի խումբ հայերից է, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո մնացել էր Ստեփանակերտում: Սեպտեմբերի 14-ին, երբ Ադրբեջանի նախագահը ժամանել էր Արցախ, Ավանեսյանին ձերբակալել էին: Ըստ Բաքվի՝ արցախցի տղամարդը ««Կալաշնիկով» ինքնաձիգով, լիցքավորված պահեստատուփերով ու 5 նռնակներով փորձել էր մոտենալ միջոցառման վայրին», բայց ոստիկանները հասցրել էին կանխել: Ադրբեջանական իրավապահները նաև պնդում են՝ Կարենը «դիմադրել էր, կրակ բացել, նռնակներ նետել»:

Գյանջայի դատարանում օրերս վկա ներկայացված Էլմար Գուրբանովն էլ պնդել էր, թե «միայն իր մարմինը 8 փամփուշտ է ստացել Ավանեսյանից»: Գնդացիրից էլ է կրակել ոստիկանների ուղղությամբ, ասել է վկան:

Կհորդորեի կառավարությանը երրորդ անձ ներգրավվել այս վարույթում. իրավապաշտպան

Հայ գերիների դատավարություններին հետևող Միջազգային իրավունքի մասնագետ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության իրավապաշտպան Աննա Մելիքյանն այս հարցում կարևորում է Հայաստանի կառավարության դերը:

«Եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նախաձեռնված գործընթացի շրջանակներում անհրաժեշտ է ցույց տալ խոցելիությունը անձի, այսինքն՝ ոչ միայն այն հանգամանքը, որ նա կալանավորված է, ազատությունից զրկված է և գտնվում է Ադրբեջանի հսկողության ներքո, այլ նաև խոցելի է՝ հաշվի առնելով հոգեկան առողջության վիճակը, դրա համար էլ է շատ կարևոր համապատասխան փաստաթղթերի առկայությունը, - ասաց նա, շարունակելով, - Կառավարությունը պետք է, իր նախաձեռնությամբ, ես, օրինակ, կհորդորեի, որպեսզի երրորդ անձ անպայման ներգրավվի այս վարույթում, և համապատասխան այն փաստաթղթերը, որոնք, եթե իհարկե գտնվում են Հայաստանի իշխանությունների տիրապետության ներքո, այս դեպքում սկսվում են բացառիկ տիրապետության տակ են, այդ դեպքում տրամադրի դատարանին, որպեսզի լավագույնս ապահովվեն անձի իրավունքները կոնվենցիայով երաշխավորված»։

Աննա Մելիքյանը շեշտեց՝ բժշկական գաղտնիքի հարցը ևս կլուծվի, եթե պետությունն ինքը Եվրոպական դատարանում որպես երրորդ կողմ ներգրավվի ու ներկայացնի այդ տեղեկությունը: Միջազգային դատարաններում Հայաստանը ներկայացնող Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը, սակայն, Ավանեսյանի հարցով չի զբաղվում: Այս գրասենյակից էլ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել:

«Ընթացակարգը պահանջում է, որ անձի անունից լիազորագիր լինի: Սա այն դեպքն է, երբ հստակ ունի ընթացակարգեր, որոնցով չափանիշներ են մշակվել, թե որ դեպքերում ընդունելի են համարում առանց լիազորագրի գանգատ ներկայացնելը: Ու դա հենց հաշվի առնելով բացառիկ դեպքերը՝ անձի խոցելի վիճակը, նրա իրավունքների՝ այլ կերպ պաշտպանելու բացակայությունը», - հավելեց մասնագետը:

Մելիքյանի խոսքով՝ նման նախադեպ եղել է, երբ գերեվարվածներից մեկի դեպքում ևս լիազորագիր չի եղել, ու Հայաստանի կառավարությունը ներգրավվել է այս գործում: Միևնույն ժամանակ, եթե միջազգային հեղինակավոր դատարանը առանց գերու լիազորագրի ստանձնել է նրա իրավունքների պաշտպանության համար իրեն դիմած փաստաբանների դիմումի քննությունը՝ այն համարելով հրատապ գործ, ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը նույն հրատապությունը չի դրսևորում, ինչո՞ւ է Առողջապահության նախարարությունը նեղ մեկնաբանում այս դեպքը, հարցնում է իրավապաշտպանը:

«Ավելի շատ սա մեկնաբանում եմ ընդհանուր ՀՀ կառավարության դիրքորոշման լույսի ներքո, որը բխում է նաև խաղաղության պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններից, և մենք միտում ենք նկատել, որ ըստ էության ՀՀ կառավարությունը պատրաստ է դադարեցնել Ադրբեջանի դեմ որևէ գործընթաց, ուստի պասիվություն է ցուցաբերում, որը անթույլատրելի է այս դեպքում»:

Ըստ միջազգային իրավունքի մասնագետի՝ ստացվում է Եվրոպայի խորհրդի տարածքում խախտվում է Կարեն Ավանեսյանի իրավունքը, իսկ այդ խորհրդի անդամ Հայաստանը, որ կարող է օգնել նրա իրավունքների պաշտպանության հարցում, չի շտապում քայլեր ձեռնարկել:

Փաստաբանները տեղեկություն ունեն, որ Ավանեսյանն այս միջադեպից առաջ ցանկացել է Հայաստան տեղափոխվել, բայց լսող չի եղել:

Բաքուն Ավանեսյանի վերաբերյալ տեսանյութ է տարածել ու դա որակել «ահաբեկչության նախապատրաստություն»: Բայց այդտեղ Կարենը ոչ թե քայլում է դեպի այնտեղ, որտեղ Ալիևն է, այլ՝ հակառակ ուղղությամբ: Այդ տեսանյութում որևէ զենք, գնդացիր չի երևում, մի տղամարդ է Ստեփանակերտի կենտրոնում գտնվող Ալիևի գտնվելու վայրից հեռու՝ քաղաքի արվարձանում, ուսապարկով քայլում:

Հայերի դատավարություններն Ադրբեջանում ընթանում են առանց անկախ դիտորդների ու լրատվամիջոցների: Հայաստանյան և միջազգային հանրությունը տեղեկություններ է ստանում միայն խիստ վերահսկվող պետական լրատվամիջոցներից, ու նրանց հրապարակումները հնարավոր չէ ստուգել: Նույնկերպ նաև հնարավոր չէ պարզել Կարեն Ավանեսյանի հետ տեղի ունեցածի իրական մանրամասները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG