Մատչելիության հղումներ

«Բաքուն լեգենդ է հյուսում». Ստեփանակերտի բնակիչ Ավանեսյանին Բաքվում սպառնում է 18 տարվա ազատազրկում


Ստեփանակերտում անտեր ու անտուն կատուներին կերակրող Կարեն Ավանեսյանը կանգնել է ադրբեջանական դատարանի առջև, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող Կարենին Բաքուն Քրեական օրենսգրքի 8 հոդվածներ է առաջադրել ու ահաբեկիչ դարձրել:

Երեկ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում պետական մեղադրողը պահանջել է Ավանեսյանին 18 տարով ազատազրկել: Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Կարեն Ավանեսյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 14-ին, այդ օրը քաղաքում էր նաև նախագահ Ալիևը:

Ըստ Բաքվի ուժայինների՝ 58-ամյա Ավանեսյանը «Կալաշնիկով» ինքնաձիգով, լիցքավորված պահեստատուփերով ու 5 նռնակներով փորձել է մոտենալ միջոցառման վայրին, բայց աչալուրջ ոստիկանները կանխել են նրան: Կարենը դիմադրել է, կրակ բացել, նռնակներ նետել:

Երեկ դատարանում Էլմար Գուրբանովը պնդում էր, որ միայն իր մարմինը 8 փամփուշտ է ստացել Ավանեսյանից: Գնդացիրից էլ է կրակել ոստիկանների ուղղությամբ, ասել է այս վկան:

Բաքվի դատարանում, դրանից էլ առաջ՝ սեպտեմբերին տեղի ունեցածը ճշտելու, ստուգելու որևէ հնարավորություն չկա, Ադրբեջանի տարածած տեսանյութում ո՛չ «Կալաշնիկով» կա, ո՛չ գնդացիր, մի տղամարդ է Ստեփանակերտի կենտրոնից, այսինքն՝ Ալիևի գտնվելու վայրից հեռու, քաղաքի արվարձանում ուսապարկով քայլում:

«Որոշումը՝ հրատապ ապահովել նրա կապը փաստաբանների, հարազատների հետ, չի կատարվել». Արա Ղազարյան

Բաքուն լեգենդ է հյուսում, վստահ է Ստրասբուրգի դատարանում Ավանեսյանի ներկայացուցիչ Արա Ղազարյանը. «Հիմա մենք հետևում ենք Ադրբեջանում զարգացումներին ու Եվրոպական դատարանին անընդհատ տեղեկացնում ենք այդ զարգացումների մասին, բայց առաջնային որոշումը՝ հրատապ ապահովել նրա կապը Հայաստանի հետ, փաստաբանների հետ, հարազատների հետ, չի կատարվել: Սովորաբար Ադրբեջանը ե՞րբ և ինչո՞ւ չի կատարում այդ որոշումը, երբ ինչ-որ լեգենդ է հյուսում գործի վերաբերյալ»:

Արա Ղազարյանի տեղեկացմամբ՝ Ստրասբուրգի դատարանը դեռ սեպտեմբերին է հրատապ միջոց կիրառել, Ադրբեջանին պարտավորեցնել տեղեկատվություն տալ նրա կյանքի, առողջության, պահման պայմանների վերաբերյալ և ապահովել կապը նրա հարազատների ու փաստաբանների հետ, ստացել են միայն նկարներ, որոնց նրա փաստաբանները չեն հավատում:

«Ադրբեջանը ներկայացրել է տեղեկատվություն, որ իրեն լավ է զգում, բժշկական օգնություն բանտում տրամադրվել է, ընդհուպ լուսանկարներ է ուղարկել, որ Կարենը գիրք է կարդում, ինտերնետով է զբաղվում բանտում, տրինաժորի վրա վարժություններ է անում: Դե, իհարկե, իմանալով Ադրբեջանի ձեռագիրը, հասկանում ենք, որ դա բեմականացում է», - նշեց Ղազարյանը:

Բաքվի տարածած տեսանյութը, որում իբրև թե ահաբեկչության նախապատրաստում է, Արա Ղազարյանը անզգույշ է անվանում,. այդտեղ Կարենը ոչ թե քայլում է դեպի այնտեղ, որտեղ Ալիևն է, այլ բոլորովին հակառակ ուղղությամբ: Այս ու այլ փաստեր են ներկայացրել եվրոպական դատարանին: Ըստ Արա Ղազարյանի՝ անչափ կարևոր է, որ Ստրասբուրգ ուղարկեն նաև Կարեն Ավանեսյանի հոգեկան խնդիրների վերաբերյալ տվյալներ, դրանք Հայաստանում են, բայց ոչ հասանելի:

«Հայաստանի իշխանությունները մեզ պետք է տան Կարենի տվյալները, որոնք չեն տալիս, որովհետև հիմնվում են բժշկական գաղտնիքի վրա: Առողջապահության նախարարությունը մեզ մերժել է», - նշեց ՄԻԵԴ-ում Կարեն Ավանեսյանի ներկայացուցիչը:

նախարարությունը Ավանեսյանի վերաբերյալ բժշկական տեղեկություն տրամադրելու համար փաստաբաններից լիազորագիր է պահանջում, բայց ինչպե՞ս, հարցնում է Ղազարյանը. «Կարենը մեզ լիազորել չի կարող, որովհետև նրան հնարավորություն չի տրվում կապ հաստատել մեզ հետ»:

Այս մերժման պատճառով Ստրասբուրգ չի հասնում տեղեկությունը, որ Կարեն Ավանեսյանը հոգեկան խնդիրներ ունի՝ հակառակ Ադրբեջանի պնդումներին, թե նա լիարժեք առողջ ահաբեկիչ է:

Փաստաբանները տեղեկություն ունեն, որ Ավանեսյանը այս միջադեպից առաջ ցանկացել է Հայաստան տեղափոխվել, բայց նրա ձայնը լսող չի եղել:

Այս հինգշաբթի Կարեն Ավանեսյանի դատավարությունը շարունակվելու է:





XS
SM
MD
LG