Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատեց առողջության ապահովագրության ռեգիստրի տվյալների հավաքման կարգը


Հիվանդանոց Երևանում, արխիվ
Հիվանդանոց Երևանում, արխիվ

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց կարգը, թե առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում ինչպես են հավաքվելու, պահպանվելու և փոխանցվելու քաղաքացիների տվյալները:

«Որպեսզի անձը, մեկ անգամ տվյալները տրամադրելով որոշակի կառույցի, արդեն հաջորդ կառույցները իրար միջև փոխգործելիության շրջանակներում կարողանան օրենքի և կարգավորումների տրամաբանությամբ ապահովել այդ տեղեկատվության փոխանակումները», - ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Քաղաքացիներն Armed հավելված մուտք գործելիս կարող են տեսնել՝ ապահովագրվա՞ծ են պետության կողմից, թե՞ ապահովագրավճար վճարող են: Վերջին խումբը 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիներն են, նրանք, ի տարբերություն մյուս խմբերի, իրենք են վճարելու ապահովագրության համար: Հավելվածում կցված են նաև հատուցվող ծառայությունների ու բուժհաստատությունների ցանկերը: Չնայած սրան՝ այս օրերին պոլիկլինիկաներում «Ազատությանը» հանդիպած քաղաքացիներից ոմանք դեռ տեղյակ չէին այս նորամուծություններից, բայց տեղյակներ էլ կային:

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներկայացված փաստաթղթերի շարքում էր նաև ապահովագրության ռեգիստրի աշխատանքի կանոնների նախագծի ամփոփաթերթը: Տարբեր նախարարություններ ներկայացրել էին իրենց դիտողություններն ու առաջարկները։

Օրինակ՝ Պետեկամուտների կոմիտեի համար ընդունելի չի եղել Առողջապահության նախարարության այն առաջարկը, որ 2026-ից հարկային մարմինը տվյալները ռեգիստրին պետք է փոխանցի ոչ թե Կառավարության փոխգործելիության հարթակով, այլ՝ անմիջապես: Կոմիտեն մերժել է այն, նշելով՝ օրենքի ուժի մեջ մտնելուն զուգահեռ տվյալների փոխանցումը պետք է իրականացվի առանց բացառությունների՝ սահմանված կարգով։ Մի քանի կետերի շուրջ անհամաձայնություններ են ունեցել նաև Տարածքային կառավարման ու Արդարադատության նախարարությունները: Այդուհանդերձ, Առողջապահության նախարարության առաջարկն ընդունվեց:

«Մենք պետք է անենք բաներ, որոնք դժվար է, և մենք դժվարություններով, այո, անում ենք այս բանը, որովհետև համոզված ենք, որ դա պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անցած տարեվերջին նախագծի քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավորները, դիմելով առողջապահության նախարարին, պնդում էին՝ համակարգն արագ ու հապճեպ է ընդունվել, հատկապես առաջնային օղակը՝ պոլիկլինիկաները պատրաստ չեն դրան: Այս և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ մի ռեպորտաժ էլ վերջերս վարչապետ Փաշինյանի աչքով էր ընկել: «Ես էդ ռեպորտաժից իմացա, որ առողջապահության համակարգը փլուզվել է, ջախջախվել է և գոյություն չունի այլևս, մենք տենց կատաստրոֆայի առաջ ենք կանգնած: Ճիշտն ասած՝ վախից անջատեցի հեռուստացույցը: Կարող է՞ մի բան կա՝ մեզ չեք ասում, մենք տեղյակ չենք», - ասաց նա:

Ավանեսյանը, որ խորհրդարանում էլ չէր ընդունում ընդդիմադիրների պնդումները, թվերով արձագանքեց վարչապետի հարցին՝ այսօր առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ, ասաց, արդեն 16 հազար 266 մարդ սպասարկվել է ապահովագրության շրջանակներում:

«Երբ որ էդ ռեպորտաժներից գնում ես կոնկրետ պացիենտի սենյակ ու տեսնում ես վիրահատված 80-ամյա մեր քաղաքացին, ով մինչև այդ, եթե էդ խնդիրը ունենար դեկտեմբերի 31-ից առաջ, լրջագույն խնդրի առաջ էր կանգնելու, որովհետև հասանելի չէր լինելու էդ ծառայությունը սրտի ռիթմավարի, երկու օր առաջ վիրահատվել է և երեկ երեկոյան տուն է գնացել», - ասաց նախարարը:

Փաշինյանը հարցրեց՝ այս մի քանի օրերին համակարգի գործարկման որակը 10-բալլանոց սանդղակով որքա՞ն է գնահատում Ավանեսյանը, նախարարն ասաց՝ 6-6.5 բալլ, ինքն ավելի լուրջ խնդիրներ էր սպասում:

Իսկ արդյո՞ք խնդրահարույց չէ, որ թեև առողջության համընդհանուր ապահովագրությունն արդեն գործում է, բայց ռեգիստրի տվյալների հավաքման կարգը նոր է հաստատվում: Առողջապահության նախարարությունից ասացին՝ դրանք իրար լրացնող քայլեր են:

Համակարգի գործարկման համար առանցքային նշանակություն ունեցող ինտեգրված օպերատորի մրցույթն ինչո՞ւ է հայտարարվել, եթե նախարարությունից պնդում են, որ Armed-ն է իր վրա վերցրել օպերատորի հիմնական աշխատանքը: Կամ ինչո՞ւ է համակարգն ուժի մեջ մտել առանց ինտեգրված օպերատորի վերջնական ընտրության: Նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանն ասաց. - «Ապահովագրության ներդրման և գործարկման այս փուլի համար Armed-ը լիովին պատրաստ է այդ ծառայությունները մատուցել: Սխալ պնդում եք անում, երբ ասում եք՝ օրենքը կա, բայց օպերատորը չկա. բա եթե չկա, ինչպե՞ս ենք այսքան ժամանակ աշխատել կամ ինչպե՞ս ենք հենց այս պահին սպասարկում քաղաքացիներին: Այո, Armed-ը կա, բայց ապահովագրության հետագա փուլերի ներդրման, ավելի շատ շահառուների սպասարկման համար մենք տեխնոլոգիական նոր լուծումների ինտեգրման հնարավորությունները դիտարկում ենք: Դրան է միտված նաև մրցույթի հայտարարումը, որը ընթացքի մեջ է, ըստ փուլերի կիրականացվի»:

Ի դեպ, ինտեգրված օպերատորի ընտրության համար հայտարարված մրցույթի առաջին՝ նախաորակավորման փուլի ժամկետն ավարտվել է: Քանի՞ ընկերություն է դիմել, միջազգայի՞ն են դրանք, թե՞ տեղական, հաջորդ փուլ ո՞ր ընկերությունը կամ ընկերություներն են անցել, այս հարցերի պատասխաններն այսօր «Ազատություն»-ը նախարարությունից չստացավ:

Տարիներ շարունակ Առողջապահության նախարարությանը չի հաջողվել գործարկել նաև էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը, դեղատները դեռ շարունակում են հակաբիոտիկներ և այլ դեղեր վաճառել առանց դեղատոմսի: Նախարար Ավանեսյանն «Ազատության» հետ զրույցում պնդել էր՝ ապահովագրության համակարգը կլուծի այդ հարցը, դեղատները չեն ստանա դուրս գրված դեղերի համար պետությունից հատկացված գումարները, եթե պատշաճ չլրացնեն:

Այս օրերին նաև համացանցում են տարբեր օգտատերեր շարունակում հարցուփորձ անել՝ ինչպե՞ս օգտվեն համակարգից: Շատերն էլ իրենց Armed հավելվածում չեն գտնում, օրինակ, վերջին հետազոտությունների ամբողջ ցանկը, դրանք հատուկենտ են ներառվել հիվանդանոցների կամ բժիշկների կողմից:

Կառավարության նիստում նախարարն ու վարչապետն վստահեցրեցին՝ դիտողությունները լսում են, խնդիրներից տեղյակ են ու լուծելու են դրանք:

«Շահառուներին մենք անուն-ազգանուններով, հեռախոսի համարներով գիտենք: Պետք է անընդհատ հարցումներ անցկացնել, որպեսզի հենց առաջին ձեռքից իմանանք՝ մարդիկ ինչ պրոբլեմների են հանդիպում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG