Մատչելիության հղումներ

Առողջության ապահովագրությունը ուժի մեջ է արդեն մեկ շաբաթ, «գրոհ» Գյումրիի պոլիկլինիկաներում դեռ չկա


Հայաստանում արդեն 7 օր է պաշտոնապես ուժի մեջ է առողջության համընդհանուր ապահովագրությունը: Վարչապետի կանխատեսած գրոհը Գյումրիի պոլիկլինիկաներում այսօր չկար: Մի քանի բուժհաստատություններում «Ազատության» շրջայցի ժամանակ հատուկենտ բուժառուներ էին: Ոմանք տեղյակ էին, ոմանք էլ՝ ոչ, որ իրենց տարիքային խումբն ընդգրկված է ապահովագրությունից անվճար օգտվողների ցանկում:

Այս տարի առողջության ապահովագրությունից կարող են օգտվել 65-ն անց տարիքի մարդիկ, անչափահասները, հաշմանդամություն ունեցող անձինք, նպաստառուները, զոհված զինծառայողների ընտանիքներն ու 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողները: Վերջին խումբը, ի տարբերություն մյուսների, ամսական վճարում է պետությանը՝ 4 800 -10 800 դրամի չափով:

Գյումրիի Էնրիկո Մատտեի անվան իտալական պոլիկլինիկայի տնօրեն Արթուր Մանուկյանն ասաց՝ արդեն հասցրել են ապահովագրությամբ պացիետների ուղեգրել բուժհաստատություններ:

«Դիմել են և՛ մինչև 18 տարեկան երեխաներ իրենց հերթական պլանային այցերով, դիմել են նաև հաշմանդամություն ունեցող անձինք, բոլոր դիմածներն էլ սպասարկվել են, նույնիսկ ուղեգրեր ենք արդեն ուղարկել որոշակի գործիքային հետազոտությունների, դժվարամատչելի հետազոտությունների՝ էլեկտրոնային եղանակով ուղեգրվել են», - «Ազատությանը» փոխանցեց Մանուկյանը:

Ապահովագրական համակարգով նաև դեղորայք է տրամադրվելու, բայց այսօր հին կարգով են դրանք հատկացրել: Առողջապահության նախարարությանը անցած տարիներին չհաջողվեց լիարժեք ներդնել էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը:

«Դեղորայք է որոշակի տրամադրվել համավճարային սկզբունքով, ոնց որ նախկինում, բայց կոնկրետ համընդհանուր ապահովագրության շրջանակներում իրենց հասանելի դեղորայքի համար դեռևս այս պահի դրությամբ քաղաքացիներ չեն դիմել», - ասաց Էնրիկո Մատտեի անվան իտալական պոլիկլինիկայի տնօրենը:

Թիվ 1 պոլիկլինիկայում «Ազատության» նկարահանման պահին պացիենտներ չկային, թեև տնօրեն Խաչիկ Գալստյանն ասաց, որ բուժառուների ընդունել են ու ուղեգրել: Եղել են դեպքեր, երբ պացիենտը առաջնային բուժհաստատություն է դիմել՝ ցանկանալով այս կամ այն բժշկական հետազոտությունն անցնել ապահովագրության շրջանակում:

«Այդ հետազոտությունը անցնելը պացիենտի ցանկությամբ չի, պացիենտը եթե ունի ինչ-որ գանգատ, այդ գանգատներով հանդերձ պետք է մոտենա համապատասխան մասնագետի՝ կլինի դա նյարդաբան, կլինի վիրաբույժ, և ըստ մասնագետի ցուցման եթե կարիքը լինի, իհարկե, կգնա հետազոտության», - նշեց Գալստյանը:

Ապահովագրության համակարգը նոր է, և իրենք՝ բուժաշխատողներն էլ են դեռ նոր ծանոթանում դրան:

«Ազատությանը» հանդիպած քաղաքացիներից շատերը տեղյակ չէին, որ համընդհանուր ապահովագրության համակարգ է ներդրվել, որից կարող են անվճար օգտվել:

Ապահովագրությունը լավ բան է, բայց կարևոր է, թե ինչպես է այն թղթից իրականություն դառնալու, ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը, նա դեռ որոշակի կասկածներ ունի:

Թոշակառու կինն ասում է՝ թեև առաջնային օղակից հնարավորություն ունեցել է անվճար օգտվելու, բայց ավելի շատ վճարովի ծառայություններից է օգտվել:

Ըստ առողջապահության նախարարի՝ 7 օրվա ընթացքում երկրում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով ավելի քան 11 հազար այց է գրանցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG