Մատչելիության հղումներ

Առողջության ապահովագրությունը մեկնարկել է, բայց պոլիկլինիկաներում չեն հերքում՝ դեռ ամբողջությամբ պատրաստ չեն


«Եկել եմ ռևմատոլոգի մոտ, արձակուրդ է, պետք է տանջվեմ մի 8-10 օր», - առողջական խնդիրներ ունեցող տղամարդն իր պարտադիր ապահովագրությունից օգտվելու համար ստիպված կլինի մի որոշ ժամանակ էլ սպասել, ոչ բժիշկն էր գործի եկել, ոչ էլ համակարգն է ամբողջությամբ պատրաստ:

Թեև առողջության համընդհանուր ապահովագրությունը հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ է մտել, Երևանի թիվ 19՝ Բանգլադեշի պոլիկլինիկայում չեն թաքցնում՝ տեխնիկական ցուցումները նոր - նոր են ստանում:

«Ազատության» այցի ընթացքում բուժհաստատությունում ապահովագրությանն առնչվող փաստաթղթերի մի նոր փաթեթի էին ծանոթանում, որի համար նույնպես ժամանակ է պետք: Պոլիկլինիկայի փոխտնօրեն Զարուհի Հարությունյանն ասում է՝ իրենք այս պահին պատրաստ են 90 տոկոսով, նոր աշխատակիցների կարիք ունեն. «Մի քիչ մարդկային ռեսուրսներ պետք է ավելացնենք, որոնք զբաղվելու են զուտ ապահովագրությունով, տվյալ բաժին կստեղծվի էդպես, որը կզբաղվի ապահովագրությունով»:

Տարեվերջին հրատապ ընթացակարգով ընդունված օրենքով այս տարի առողջության ապահովագրությունից պետք է օգտվեն 65-ն անց մարդիկ, անչափահասները, հաշմանդամություն ունեցող անձինք, նպաստառուները, զոհված զինծառայողների ընտանիքներն ու 200 հազարից բարձր աշխատավարձ ստացողները, շահառուների շրջանակը հաջորդ տարիներին կմեծանա: Համակարգի առանցքային օղակը հենց պոլիկլինիկան է, քաղաքացիները պետք է մոտենան իրենց թերապևտին կամ ընտանեկան բժշկին, զննությունից հետո բժշկները կքննարկեն՝ կարիք կա՞ արդյոք հիվանդանոցային բուժման:

Տեխնիկական զանազան հարցերից զատ առայժմ չեն ընտրել նաև այս համակարգի միասնական օպերատորին, որն էլ պետք է ապահովեր առողջության համապարփակ ապահովագրության թվայնացված գործարկումը: Առողջապահության նախարարությունը միայն մի քանի շաբաթ առաջ է այդ նպատակով մրցույթ հայտարարել: Փորձագետների կարծիքով՝ առանց այս խնդիրները լուծելու համակարգն արդյունավետ չի գործի:



Քաղաքացիներն էլ առայժմ թերահավատ են:

«Ախր էնքան բան են ասում ճիշտ ա, բայց հետո դուրս ա գալիս, որ սուտ ա, թոշակն էլ էին ավելացնում ճիշտ ա, հետո արդեն թոշակն էլ չեղավ...», - ասաց բնակիչներից մեկը:

70-ն անց կինը համակարգի մասին շատ բան չգիտեր, մեզանից էր փորձում էր հասկանալ՝ ինչն ինչոց է. «Ինձ ոչ մեկը ոչ մի բան չի ասել, ոչ ոք, բայց որտե՞ղ պետք ա գնանք, ի՞նչ պիտի անենք...»:

Տարեվերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց հունվարի 1-ից «հիվանդանոցները չգրոհել»:

«Ազատության» փոքր հարցումն այսօր ցույց տվեց՝ որոշ մարդիկ անգամ տեղյակ էլ չեն առողջության ապահովագրության մասին:

Մինչ առաջնային օղակում՝ պոլիկլինիկաներում չեն հերքում՝ դեռ ամբողջությամբ պատրաստ չեն մեծածավալ փոփոխություններին, կառավարությունը հայտարարում է՝ «համակարգը լիարժեք ներդրվել է, հունվարի 1-ից սկսած 771 մարդ արդեն օգտվել է առողջության ապահովագրությունից»:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG