Հունվարի 1-ից մեկնարկող առողջության համընդհանուր ապահովագրությանն ընդառաջ շատ գործատուներ դեռ ֆեյսբուքյան փակ խմբերում միմյանցից են հետաքրքրվում՝ ինչպե՞ս վճարեն իրենց աշխատակիցների ապահովագրության համար, հատկապես այն դեպքերում, երբ արդեն պայմանագրեր ունեն ապահովագրական մասնավոր ընկերությունների հետ։
«Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրեն Սամվել Խարազյանն «Ազատությանն» ասաց՝ գործատուները կարող են ընտրել մի քանի տարբերակ, օրինակ՝ դիմել մասնավոր ապահովագրականներին և վերանայել իրենց փաթեթները։
«Եթե այդ փաթեթի արժեքը տարեկան 129 հազար 600 դրամից ավելի է, ուրեմն այդ դեպքում պետք է դիմի մասնավոր ապահովագրական ընկերությանը, խնդրի՝ եկեք ձեր փաթեթը վերակառուցեք, որովհետև արդեն իսկ այն փաթեթում, որը իրենք ունեն, ես վստահ եմ, որ ընդգրկված են այն ծառայությունները, որոնք որ մատուցվում են համընդհանուր ապահովագրության շրջանակներում։ Վերակառուցման արդյունքում պետք է արդեն պայմանավորվեն կազմակերպության հետ, թե ինչպիսի փաթեթի կառուցվածք են առաջարկում իրենց», - ասաց նա։
Հայաստանում առողջապահական ապահովագրության փաթեթներ վաճառող 7 ընկերություն կա: Շուկայի մոտ 32 տոկոսը ծածկող «Էֆես» ապահովագրական ընկերությունում ասում են՝ պատրաստ են համագործակցել նախարարության հետ: Հարցին, թե «Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրենի առաջարկած տարբերակի շուրջ քննարկումներ ունեցե՞լ են իրենց շահառու գործատուների հետ, «Էֆես»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանն ասաց՝ նրանք դեռ սպասողական փուլում են:
«Ունենք այդպիսի քննարկումներ, բայց դեռևս վաղ է դրա մասին խոսել, գործատուներն էլ են դա հասկանում, ինչո՞ւ, որովհետև ենթադրել, որ այս պետական բազային փաթեթը կփակի իրենց ցանկությունները 100 տոկոս, դեռ պետք է ապացուցվի: Եթե կա օրինակ՝ կույր աղիքի վիրահատություն, բազային փաթեթում նախատեսված է որպես վիրահատական միջամտություն, և կա այդ նույն վիրահատական ծածկույթը մասնավոր փաթեթներում, համընկնում են, բայց բացի վիրահատության փուլից նաև մասնավոր ընկերությունները որոշակի այլ ծառայություններ են գումարում այդ վիրահատության ընթացքում, և գործատուները ինչքանո՞վ են պատրաստ այդ այլ ծառայությունները չստանալ, ստանան միայն սա՝ ջնջելով այդ տողը, դեռ բաց է», - նշեց նա:
Առաջին փուլում համակարգից կարող է օգտվել 1 միլիոն 600 հազար մարդ: Պետությունը վճարելու է մինչև 18 տարեկան երեխաների, 65 տարին լրացած քաղաքացիների, 18-65 տարեկան հաշմանդամության առաջինից երրորդ խմբերում ընդգրկվածների և անապահովության 28 ու ավելի միավոր ունեցողների համար: 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացողները նույնպես 2026-ից կօգտվեն պետական այս փաթեթից, բայց նրանց համար պետությունը չի վճարի, այլ՝ հենց իրենք:
Սամվել Խարազյանի պնդմամբ՝ գործատուներն իրենց հետ կապի մեջ են, հատկապես փաթեթներ ընտրելու հարցում. «Մենք բազմաթիվ գործատուներից ստացել ենք գրություններ, որոնցով նրանք խնդրել են իրենց ներկայացնել առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթը, որպեսզի նրանք իրենց մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ կնքվող պայմանագրերում փորձեն ներառել այնպիսի ծառայություններ, որոնք այս հիմնական ծառայությունների փաթեթով չեն ներառվելու»։
Առողջության համընդհանուր ապահովագրական փաթեթում ըստ պատասխանատուների, ներառված են Հայաստանում մահացության բարձր թվեր արձանագրած հիվանդությունների կանխարգելումը, նախնական զննումներն ու բուժումները, այդուհանդերձ այն բազային փաթեթ է համարվում: Նախարարը պնդում է՝ թանկարժեք մի շարք այլ բուժումներ, վիրահատություններ ու սքրինինգներ նույնպես կան ցուցակում:
«Ազատություն»-ը «Էֆես»-ի տնօրենից հետաքրքրվեց՝ քանի՞ գործատու է իրենց դիմել, որ ծառայությունների ցանկերում վերանայումներ անեն, հատկապես, եթե կրկնվող ծառայություններ լինելու են երկու փաթեթներում, ասաց. «Գործող պայմանագրերը ոչ մեկը չի դադարացրել «Էֆես» ընկերությունում, բոլորը շարունակում են, և երկրորդ՝ այն ընկերություններում, որ պայմանագրերը ավարտվում էր դեկտեմբերի 31-ին կամ հունվարին, մեծ մասը վերակնքել է արդեն հաջորդ 26 թվականի համար, և ընթացքում կհասկանանք՝ ոնց է ինտեգրվում արդեն պարտադիր բազայինի հետ։ Օրինակ՝ դա ատամնաբուժական ծառայություններն են, ակնաբուժական ծառայություններն են, ծննդօգնության հետ կապված փուլեր, կան ուղղվածություններ, որտեղ կան լիմիտներ, օրինակ՝ քիմիաթերապիան սահմանափակված է գումարով, ստենտավորումը սահմանափակված է երեք ստենտով, այսինքն՝ մարդկանց համար ակտուալ է, և պահանջարկ կա դեռ ձեռք բերել հավելյալ փաթեթներ»։
Իրենց աշխատակիցների համար «Էֆես ինշուրանսից» առողջապահական ապահովագրության փաթեթներ գնած IT ընկերություններից մեկը, որը շուրջ 1000 աշխատակից ունի, որոշել է առայժմ վերանայումներ չանել՝ ըստ բազային փաթեթի: Քանի դեռ 2026-ին պետությունը սուբսիդավորման որոշ ծրագրերով ամսական 10 հազար 900 դրամն ամբողջությամբ չի գանձում, որոշ ընկերություններ որոշել են օգտվելով այդ հնարավորությունից պետական պարտադիրից բացի շարունակել օգտվել մասնավորներից: Խոսքն այնպիսի ընկերությունների մասին է, որոնց աշխատակիցները 500 հազար դրամից ավելի աշխատավարձ են ստանում, այս դեպքում, սուբսիդիաները հանած նրանց մնում է վճարել մինչև 4500 դրամ:
Արևշատ Մելիքսեթյանը, ուսումնասիրելով եվրոպական մի շարք երկրների օրինակներ, ասում է՝ չկա երկիր, որտեղ պետական ապահովագրությունը գործարկելուց հետո մասնավորները փակվեն:
Առողջապահության նախարարությունը պատրաստվում է համագործակցել մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ, օրինակ՝ շահառուների տվյալների բազան նրանց փոխանցելով, եթե վերջիններս համաձայնեն, իհարկե: «Ազատության» տեղեկություններով՝ գործող 7 ընկերություններից միայն երեքն են համաձայնել համագործակցել նախարարության հետ: