Մատչելիության հղումներ

Առողջական ապահովագրություն. ովքե՞ր կվճարեն և ինչի՞ց կօգտվեն. հարցազրույց նախարար Ավանեսյանի հետ


2026 թվականից Հայաստանում մեկնարկում է առողջության համընդհանուր ապահովագրությունը: «Ազատության» հետ հարցազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանել է ապահովագրության թեմային առնչվող մի շարք հարցերի:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից, իսկ ամբողջական տարբերակը՝ տեսանյութում:

«Ազատություն» - Հունվարի 1-ից արդյոք բոլորը կունենա՞ն առողջապահական ապահովագրություն, առաջին պահումն աշխատավարձից ե՞րբ է լինելու, և ի՞նչ թվի մասին է խոսքը, քաղաքացին ինչպե՞ս է իմանալու, որ ինքն ընդգրկված է այդ փաթեթում, ի՞նչ ծառայություններից է օգտվելու, որքա՞ն վճար կա հատկացված իր համար։

Անահիտ Ավանեսյան - Առաջին մեկնարկային տարին 2026 թվականի հունվարի 1-ն է, և այս փուլից ներառվելու են համակարգում երկու խումբ քաղաքացիներ։ Առաջինը՝ պետության կողմից ապահովագրվողներ, նրանք մինչև 18 տարեկան, 65 պլյուս տարիքի անձինք, և 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ և սոցիալական անապահովության բալ ունեցող՝ 28 բալից ավելի ունեցողներն են։ Մինչև դեկտեմբերի 20-ը արդեն մենք կունենանք հաստատված ցանկերը, նախօրոք ճշգրտված, և մինչև հունվարի 1-ը արդեն կտեղեկացնենք քաղաքացիներին։

Հաջորդ խումբը ապահովագրավճար վճարողներն են։ Նրանցից էլ պետք է շեշտադրենք, որ առաջին տարում ներառվելու են 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Պահումը աշխատավարձի հունվար ամսին, մենք գիտենք, որ ամեն ամիս վճարվում է նախորդ ամսվա աշխատավարձը։ Այսինքն՝ հունվար ամսի վճարվող ապահովագրավճարի համար պահումը կկատարվի դեկտեմբեր ամսի աշխատավարձից։

«Ազատություն» - Ի՞նչ հաշվարկներով էիք ասում, որ 300 դրամ է լինելու պահումը։

Անահիտ Ավանեսյան - 200-ից մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար ապահովագրավճարը ընդհանուր առմամբ կազմելու է 10 հազար 800 դրամ ամսական։ 10 հազար 800 դրամից պետությունը ոչ սոցփաթեթի շահառուների համար սուբսիդավորելու է 6 հազար դրամը։ Սա այն սոցկրեդիտների գումարն է, որը պետությունը ոչ թե կվճարի 2027 թվականին, այլ 2026 թվականին, հենց կոնկրետ այդ տարում արդեն ամեն ամիս կսուբսիդավորի 6 հազար դրամը։

Սոցփաթեթի շահառուների համար այդ 6 հազար դրամը, գիտեք, որ նրանք ստանում են նաև սոցփաթեթի համար, և նաև կուտակվում են այս գումարները։ Նրանք ևս այդ 6 հազար դրամը կարողանալու են ուղղել առողջության ապահովագրությանը։

Հիմա, երբ որ հանեցինք արդեն, մնացած գումարից՝ 4 հազար 800 դրամից 4 հազար 500 դրամը կկազմի Զինապահին ուղղվող գումարների խնայողությունը։ Մենք այսօր այդ գումարները վճարում ենք, սակայն հունվարի 1-ից հնարավորություն ենք ունենալու դա խնայել և ուղղել առողջության ապահովագրությանը։ Ստացվում է, որ 10 հազար 800-ից հանում ենք 6 հազար դրամ, հանում ենք 4 հազար 500 դրամ, ստացվում է, որ քաղաքացու կողմից աշխատավարձից վճարվող մասը կազմելու է 300 դրամ։

«Ազատություն» - Սա ավտոմա՞տ է արվելու, թե՞ քաղաքացին ինքն է փոխանցումներն անելու։

Անահիտ Ավանեսյան - Գործատուներն են իրականացնելու, միայն սոցփաթեթի շահառուները մեկ անգամ պետք է դիմում գրեն, որպեսզի այս գումարները, որ սոցփաթեթի փոխարեն իրենց բանկային հաշվին նստելու փոխարեն, նստի առողջության ապահովագրությանը։

Հաջորդ խումբը՝ 200-ից 500 հազար դրամ աշխատավարձ ստացողներն են, նրանք կունենան Զինապահ հիմնադրամից խնայողություն 7 հազար 500 դրամի չափով, և այս գումարը արդեն կգնա առողջության ապահովագրությանը։

Մնացած հատվածը նրանք աշխատավարձից կվճարեն, սակայն 2027 թվականի ընթացքում սոցկրեդիտներով ևս 4 հազար դրամի չափով վերադարձ կստանան։

«Ազատություն» - Այսինքն՝ 500 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիների արդեն դեկտեմբերի աշխատավարձից որքա՞ն է պահվելու։

Անահիտ Ավանեսյան - 4 հազար դրամի կարգի է պահվելու։ Սա էլ նրանք կստանան վերադարձը արդեն 2027 թվականին, ինչպես ասացի, սոցկրեդիտի վերադարձով։ Մեկ միլիոնից ավելի աշխատավարձ ստացողների համար Զինապահ հիմնադրամի վճարները չեն փոխվելու, նրանք շարունակելու են 15 հազար դրամը վճարել, այսինքն՝ այս մասով խնայողություն չի լինի, և նրանք ամսական 10 հազար 800 դրամը կվճարեն, բայց էլի 2027 թվականին 4 հազար դրամի վերադարձ կստանան։

«Ազատություն» - Ես, օրինակ, ինչպե՞ս եմ տեղեկանալու, այդ առաջին քայլերը որո՞նք են լինելու, կարիքի դեպքում ինչի՞ց ենք սկսում, ե՞րբ է այդ ցանկը վերջնականապես հրապարակվելու, ո՞ր ծառայության դիմաց ինչքան է պետությունը վճարում։

Անահիտ Ավանեսյան - Մեր ապահովագրական փաթեթը ամեն ինչ չի փակում, և ծառայությունների մասով էլ լինելու են համավճարներ։ Եվ այս ամբողջ ինֆորմացիան հասանելի է լինելու Արմեդ հավելվածով և կայքում։ Ամեն մարդ ունի իր օգտահաշիվը։ Եվ Արմեդ հավելվածում տեսնելու է թե՛ ծառայությունների ցանկը, թե՛ իր կցագրման պոլիկլինիկան, և դա էլ կարողանալու է հենց Արմեդում փոփոխել, որ բժիշկի մոտ է ուզում կցագրվել։

Մենք պիտի առողջապահական կազմակերպություններ դիմելու երեք ուղի տարբերակենք։ Առաջինը շտապ անհետաձգելի դեպքերն են, երբ որ կարիք է լինում միանգամից հիվանդանոցային բուժօգնության, էմերջենսի ծառայությունն է, որը ևս էլի դիմում ենք բժշկական կենտրոն, և պլանային դեպքերն են, երբ որ անձը ունի որոշակի գանգատներ, պետք է մոտենա պոլիկլինիկա, ամբուլատորիա, և ուղին սկսվում է այնտեղից։ Արդեն ընտանեկան բժիշկ, թերապևտ և մանկաբույժը կուղղորդեն հաջորդիվ բուժօգնություն ստանալու։

«Ազատություն» -Էլեկտրոնային դեղատոմսի համակարգը կարծես այդպես էլ չի գործում։ Որոշ փորձագետների պնդմամբ՝ ավելին՝ տապալվել է, դեղատները դեռ շարունակում են առանց դեղատոմսի վաճառել, արգելված դեղերը, դա նաև մեզ է հաջողվել։ Ապահովագրությունն ավելի մեծ ռեֆորմ է։ Ի՞նչ վստահություն կա, որ այս նույն ճակատագրին չի արժանանալու, նա ավելի փոքր ռեֆորմ էր սրա համեմատ։

Անահիտ Ավանեսյան - Այո, այդպես է, ցավոք սրտի, բայց մենք հասկանում ենք, որ որևէ բարեփոխում նման ծավալի չի կարող չունենալ ընթացիկ այդ շրջանակի մեջ չմտնող վարքագիծ։ Բայց ես ուզում եմ նշել, որ մենք գնացինք էլեկտրոնային դեղատոմսերի ներդրմանը՝ նաև այս համակարգին պատրաստվելու։ Այսօր չի կարող լինել փոխհատուցվող դեղ, որը դուրս է գրվում առանց էլեկտրոնային դեղատոմսի, որովհետև եթե դեղատունը բաց թողնի առանց էլեկտրոնային դեղատոմսի, ապա այդ դեղի դիմաց վճար չի ստանա։

«Ազատություն» -Դեղատունը չի ստանա վճար։

Անահիտ Ավանեսյան - Դեղատունը չի ստանա։ Այսինքն՝ համակարգը ներդրված է և ամբողջովին տեխնիկական բոլոր առումներով այսօր էլ աշխատում է, և պետական պատվերի շրջանակներում դուք չեք կարող ստանալ դեղ առանց էլեկտրոնային դեղատոմսի թե՛ պոլիկլինիկայի կողմից դուրս գրված և թե՛ դեղատանը բաց թողնված, և սա է լինելու այն հիմքը, որ ապահովագրությունը ևս աշխատելու է միայն էլեկտրոնային դեղատոմսով և չի կարող չաշխատել, որովհետև նորից եմ կրկնում՝ դեղատունը չի ստանա փոխհատուցում, եթե դուրս չգրի էլեկտրոնային դեղատոմս:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG