Մատչելիության հղումներ

Առաջին փուլում՝ 1 միլիոն 600 հազար մարդ. ինչպես է սկսելու գործել առողջության ապահովագրությունը


Կառավարությունն այսօր հաստատեց առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթի ձևավորման կարգն ու բժշկական օգնության և ծառայությունների ցանկը: Առաջին փուլում համակարգից կարող է օգտվել 1 միլիոն 600 հազար մարդ:

Պետությունը կվճարի հետևյալ խմբերի համար՝ մինչև 18 տարեկան երեխաների, 65 տարին լրացած քաղաքացիների, 18-65 տարեկան հաշմանդամության առաջինից երրորդ խմբերում ընդգրկվածների և անապահովության 28 ու ավելի միավոր ունեցողների համար: 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացողները նույնպես 2026-ից կօգտվեն պետական այս փաթեթից, բայց նրանց համար պետությունը չի վճարի, այլ՝ հենց իրենք:

«Սիրելի՛ 1 միլիոն 600 հազար հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի մեկից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Սա առողջապահության համակարգի «սև ուրբաթ» չէ, որ հունվարի 5-ին ինչ հասցրինք, առնենք, առնենք, էլ հետո չի լինելու, ո՛չ, սա լինելու է այլևս միշտ», - կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պետական այս փաթեթից օգտվելու համար շահառուները նախ պոլիկլինիկա պետք է գնան: Առաջնային այս օղակը կդիմանա՞ մարդկանց հոսքին՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է՝ պատրաստ է, բայց չի հերքում, որ հերթեր կլինեն:

Վարչապետ Փաշինյանը հորդորեց՝ միանգամից չծանրաբեռնել բուժօղակները: Հավելեց՝ համակարգը ներդրվում է, որ անգամ բջջային մակարդակով հետազոտեն, խնդիրը հայտնաբերեն ու արագ կանխարգելեն, և դրա համար, ըստ նրա, պետությունը 200 միլիարդ դրամ է ծախսում. «Համակարգը գնահատելու է, եթե այս մարդու վիրահատությունը մենք անենք երեք ամիս հետո, իր առողջությանը անվերականգնելի վնաս չի պատճառվի, այդ վիրահատությունը լինելու է ոչ թե այսօր, այլ երեք ամիս հետո, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում տվյալ բուժառուին այսօր օգնել, այլ այսօր կան ուրիշ մարդիկ, որոնց վիրահատությունը այսօր չանելը իրենց առողջության համար կառաջացնի անվերականգնելի հետևանքներ»։

Մասնավոր ապահովագրություն ունեցող քաղաքացիները առողջապահական ծառայություններից օգտվելու համար հիմնականում գերադասում են հիվանդանոցներ գնալ: Բայց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից օգտվողները պոլիկլինիկայից հիվանդանոց կգնան միայն այն դեպքում, եթե այնտեղ չկարողանան լուծել խնդիրը: Պոլիկլինիկայում կտրվի բաց ուղեգիր, ըստ որի՝ բուժառուն կկարողանա ընտրել համակարգում ընդգրկված հիվանդանոցներից որևէ մեկն ու անգամ բժշկին։

«Ազատությունը» փոքրիկ հարցում արեց Երևանի փողոցներում՝ հիմնականում պոլիկլինիկա՞, թե՞ հիվանդանոց են գերադասում գնալ: Պատասխանները տարբեր էին:

Ֆեյսբուքում արված հարցումը ցույց տվեց՝ այստեղ նույնպես պոլիկլինիկաներից օգտվողներ կային ու գոհ էին ծառայություններից, բայց նաև դժգոհողներ կային, հատկապես սպասարկման որակից ու մասնագետներից:

Նախարար Ավանեսյանը կառավարության նիստում հիշեցրեց՝ շատերի մոտ «Արմեդ» հավելվածն արդեն ակտիվ է, ծառայությունների ցանկը՝ հրապարակված։ Թեև քաղաքացիները հայտնում են տեխնիկական խնդիրների մասին, պաշտոնյաները վստահեցրին՝ դրանք պայմանավորված են մեծ հոսքով և շուտով կշտկվեն։

XS
SM
MD
LG