Իրանի հարցում որոշում կարող է կայացվել շաբաթների ընթացքում, Ժնևում այսօր Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից առաջ Թել Ավիվում երեկ հայտարարել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը:
Հանրապետական սենատորը, սակայն, չի մանրամասնել, թե որտեղից նման տեղեկություն: Գրեհեմը միայն նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև որևէ տարակարծություն չկա, թե Իրանի միջուկային խնդրի կարգավորման դեպքում ինչ է պետք անել և երբ: Սենատորը նշել է, որ իրանական ռեժիմին վերջ դնելու երկու տարբերակ կա, որոնցից մեկը դիվանագիտականն է:
«Մյուս տարբերակը ռազմականն է։ Կարծում եմ՝ նախագահ Թրամփը փորձում է հասկանալ, թե որ տարբերակն ամենալավ արդյունքը կտա: Կարևորն այն է, որ որոշումը կկայացվի շաբաթների, ոչ թե ամիսների ընթացքում», - ասել է նա։
Տասնամյակներ ձգվող խնդիրը կարգավորելու համար Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցությունները վերսկսել են փետրվարի սկզբին։ ԱՄՆ-ն և Իսրայելը հայտարարում են, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել, ինչը կարող է սպառնալ Իսրայելի գոյությանը:
Իրանը, մինչդեռ, պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի, թեև ուրանը հարստացրել է այնպիսի մակարդակի, որն ավելին է, քան անհրաժեշտ է միայն էլեկտրաէներգիա արտադրելու համար և մոտ է ռումբի համար անհրաժեշտ մակարդակին:
Վաշինգտոնը փորձում է ընդլայնել բանակցությունների շրջանակը՝ ներառելով նաև Իրանի հրթիռային ծրագիրը: Թեհրանը, սակայն, հայտարարում է, որ պատրաստ է քննարկել միայն իր միջուկային ծրագրի սահմանափակումները՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց, չի քննարկի իր հրթիռային ծրագիրը, իսկ ուրանի հարստացումից չի հրաժարվի: