Իրանում չայած ինտերնետի անջատմանը, անվտանգության ուժերի կողմից ուժեղացվող ճնշումներին՝ ցուցարարները նահանջի քայլեր չեն ցուցաբերել. երկրում հակակառավարական ցույցերի 15-րդ օրն է։
Իրավապաշտպան խմբերը հայտնել են տասնյակ մահվան դեպքերի մասին, նախօրեին մտահոգություն են հայտնել, որ իշխանությունները խստացնում են բռնաճնշումները։ Ցույցերի երկու շաբաթվա ընթացքում Իրանի դատական և ուժային կառույցները դեռ պաշտոնական տեղեկություն չեն տվել զոհերի, ձերբակալվածների թվի, նրանց պահման վայրերի ու վիճակի մասին:
Իրավապաշտպան կառույցներն ահազանգում են, որ արդեն 2500-ից ավելի ձերբակալվածներ կան, նրանց թվում պատանիներ: Նորվեգիայում գործող Իրանի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության տվյալներով՝ բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր հաստատվել է առնվազն 192 ցուցարարի մահը, որոնցից ինը 18 տարեկանից փոքր էին։
Գերծանրաբեռնված հիվանդանոցներ
Իրանից հաղորդումներ են ստացվում, որ շատ հիվանդանոցներ գերծանրաբեռնված են և չեն հասցնում բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին, որոնք մեծ թվերով տեղափոխվում են հիվանդանոցներ։ Նրանց մեծ մասը հրազենային վիրավորումներ ունեն։
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող հիվանդանոցներից մեկի մի բժիշկ հայտնել է, որ ուրբաթ օրվանից հիվանդանոցներ են տեղափոխվել մեծ թվով վիրավոր ցուցարարներ։ Ոմանք դաժան ծեծի են ենթարկվել՝ գլխի վնասվածքներով, կոտրված ոտքերով և ձեռքերով, ինչպես նաև խորը վերքերով։
Հարևան երկրից ստացվող տեղեկատվությունն այժմ խիստ սահմանափակ է՝ իշխանությունների կողմից ինտերնետի անջատման պատճառով: Թեև Իրանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ ինտերնետը անջատելու որոշումը կայացվել է «անվտանգության իրավասու մարմինների կողմից՝ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված», Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է, որ այս ամենն արվում է Իրանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները թաքցնելու համար:
ԱՄՆ նախագահը, Արևմուտքը ուժեղացնում են ճնշումը Թեհրանի նկատմամբ
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը «պատրաստ է օգնել» շարժմանը՝ նախազգուշացնելով, որ Իրանը «մեծ խնդիրների» մեջ է հայտնվել բողոքի ցույցերը ճնշելու իր ջանքերի պատճառով.
«Իրանը նայում է դեպի ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՝ գուցե ինչպես երբեք։ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել»,-Truth Social-ում գրել է Թրամփը։
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդներն ավելի վաղ համատեղ հայտարարություն էին տարածել, որում դատապարտել են ցուցարարների սպանությունը և կոչ արել Իրանի իշխանություններին զերծ մնալ բռնությունից։
Reuters-ի հաղորդմամբ՝ Իրանում ցույցերի ֆոնին՝ տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցը: Ըստ Reuters-ի աղբյուրների՝ քննարկվել է «Իրանում ԱՄՆ-ի հնարավոր միջամտության հարցը»:
Իսրայելը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում՝ Իրանում ԱՄՆ-ի հնարավոր միջամտության հավանականության կապակցությամբ, հայտնում են Reuters-ին քաջատեղյակ իսրայելական երեք աղբյուրները: Մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում, թե գործնականում ինչ է նշանակում «բարձր պատրաստվածության» վիճակը:
Թեհրանը զգուշացնում է Վաշինգտոնին
Իրանը մեղադրել է Միացյալ Նահանգներին ցույցերի համար, որոնք Թեհրանում բռնկվել են երկու շաբաթ առաջ՝ տնտեսական ծանր պայմանների պատճառով:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են «քաոս և անկարգություն սերմանել» Իրանում՝ հրահանգելով «անկարգություններ»:
Թեհրանը զգուշացրել է նախագահ Դոնալդ Թրամփին, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի նրան, որ Թեհրանը պատասխան հարվածներ կհասցնի Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին՝ որպես «օրինական թիրախների», այս մասին այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Իրանի գերագույն առաջնորդն էլ Դոնալդ Թրամփին կոչ է արել զբաղվել Ամերիկայի խնդիրներով, հայտարարել, որ Իսլամական Հանրապետությունը չի նահանջի նրանց առաջ, «ովքեր զբաղվում են ավերածություններով», վնասում են հանրային սեփականությունը՝ փորձելով հաճոյանալ ԱՄՆ նախագահին: Խամենեին զգուշացրել է՝ Իրանը չի հանդուրժի նրանց, ովքեր որպես «օտարերկրացիների վարձկաններ» են գործում:
Պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Թեհրանից արևմուտք գտնվող Քարաջ քաղաքում տեղական ինքնակառավարման շենք է հրդեհվել, ինչի համար մեղադրել են ցուցարարնեին։ Պետական հեռուստատեսությունը հեռարձակել է անվտանգության ուժերի անդամների հուղարկավորության կադրերը՝ նշելով, որ նրանք սպանվել են Շիրազ, Ղոմ և Համադան քաղաքներում ցույցերի ժամանակ։
Լռելով զոհերի ու ձերբակալությունների մասին՝ Իրանի Իսլամական հեղափոխականների պահապանների կորպուսն է հայտարարությամբ հանդես եկել, թե անվտանգության պահպանումը «կարմիր գիծ» է և բանակը խոստանում է պաշտպանել երկրի ազգային շահը, ռազմավարական ենթակառուցվածքները և հանրային սեփականությունը: Հայտարարությունում նաև կոչ են արել քաղաքացիներին զգոն լինել՝ ինչպես ձևակերպել են՝ «թշնամու դավադրությունները խափանելու համար»: