Մատչելիության հղումներ

Փեզեշքիանը մեղադրել է ԱՄՆ-ին ու Իսրայելին


Իրանում լայնածավալ բողոքի ցույցերի վերաբերյալ իր առաջին հրապարակային դիրքորոշման մեջ նախագահ Մասուդ Փեզեքիանն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են «քաոս և անկարգություն սերմանել» Իրանում՝ հրահանգելով «անկարգություններ»:

Հեռուստատեսային հարցազրույցում նա ցուցարարներին անվանել է «ահաբեկիչներ», ցուցարարներին մեղադրել է շենքեր, հրշեջ մեքենաներ և մզկիթներ այրելու մեջ և կոչ է արել «ընտանիքներին» թույլ չտալ իրենց երիտասարդներին «ներգրավվել ահաբեկիչների և անկարգությունների քաոսի մեջ»:

Իրանի մարդու իրավունքների կազմակերպությունն այսօր հայտարարեց, որ կառավարության դեմ բողոքի ցույցերի տարածումից և ինտերնետի անջատումից ավելի քան 60 ժամ անց, երկրի տարբեր մասերում, մասնավորապես Թեհրանում, ցուցարարների նկատմամբ բռնաճնշումներն ու սպանությունները զգալիորեն աճել են: Իրավապաշտպան կառույցներն ահազանգում են, որ արդեն 2500-ից ավելի ձերբակալվածներ կան, նրանց թվում պատանիներ: Նորվեգիայում գործող Իրանի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության տվյալներով՝ բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր հաստատվել է առնվազն 192 ցուցարարի մահը, որոնցից ինը 18 տարեկանից փոքր էին։

Իրանից հաղորդումներ են ստացվում, որ շատ հիվանդանոցներ գերծանրաբեռնված են և չեն հասցնում բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին, որոնք մեծ թվերով տեղափոխվում են հիվանդանոցներ։ Նրանց մեծ մասը հրազենային վիրավորումներ ունեն։

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող հիվանդանոցներից մեկի մի բժիշկ հայտնել է, որ ուրբաթ օրվանից հիվանդանոցներ են տեղափոխվել մեծ թվով վիրավոր ցուցարարներ։ Ոմանք դաժան ծեծի են ենթարկվել՝ գլխի վնասվածքներով, կոտրված ոտքերով և ձեռքերով, ինչպես նաև խորը վերքերով։

Հարևան երկրից ստացվող տեղեկատվությունն այժմ խիստ սահմանափակ է՝ իշխանությունների կողմից ինտերնետի անջատման պատճառով: Թեև Իրանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ ինտերնետը անջատելու որոշումը կայացվել է «անվտանգության իրավասու մարմինների կողմից՝ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված», Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է, որ այս ամենն արվում է Իրանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները թաքցնելու համար:

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը «պատրաստ է օգնել» շարժմանը՝ նախազգուշացնելով, որ Իրանը «մեծ խնդիրների» մեջ է հայտնվել բողոքի ցույցերը ճնշելու իր ջանքերի պատճառով.

«Իրանը նայում է դեպի ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՝ գուցե ինչպես երբեք։ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել»,-Truth Social-ում գրել է Թրամփը։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կառավարության նիստում այսօր հայտարարել է, որ Իսրայելը ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող զարգացումներին՝ ընդգծելով, որ իր երկիրն «աջակցում է Իրանի ժողովրդի ազատության համար պայքարին և խստորեն դատապարտում է անմեղ քաղաքացիների սպանությունները»։

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդներն ավելի վաղ համատեղ հայտարարություն էին տարածել, որում դատապարտել են ցուցարարների սպանությունը և կոչ արել Իրանի իշխանություններին զերծ մնալ բռնությունից։

XS
SM
MD
LG