Իսրայելը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում՝ Իրանում ԱՄՆ-ի հնարավոր միջամտության հավանականության կապակցությամբ, հայտնում են Reuters-ին քաջատեղյակ իսրայելական երեք աղբյուրները: Մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում, թե գործնականում ինչ է նշանակում «բարձր պատրաստվածության» վիճակը:
Վերջին օրերին նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է միջամտել և զգուշացրել է Իրանի ղեկավարներին ցուցարարների դեմ ուժ չկիրառել։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «պատրաստ է օգնել»։
Իրանում իշխանությունները բախվում են վերջին տարիների ամենախոշոր հակակառավարական ցույցերին, այս ֆոնին Reuters-ի հաղորդմամբ՝ տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցը: Ըստ Reuters-ի աղբյուրների՝ քննարկվել է «Իրանում ԱՄՆ-ի հնարավոր միջամտության հարցը»:
Իրանում չայած ինտերնետի անջատմանը, անվտանգության ուժերի կողմից ուժեղացվող ճնշումներին՝ ցուցարարները նահանջի քայլեր չեն ցուցաբերել. երկրում հակակառավարական ցույցերի 15-րդ օրն է։ Իրավապաշտպան խմբերը հայտնել են տասնյակ մահվան դեպքերի մասին, նախօրեին մտահոգություն են հայտնել, որ իշխանությունները խստացնում են բռնաճնշումները։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր երկիրը «պատրաստ է օգնել» շարժմանը՝ նախազգուշացնելով, որ Իրանը «մեծ խնդիրների» մեջ է հայտնվել բողոքի ցույցերը ճնշելու իր ջանքերի պատճառով.
«Իրանը նայում է դեպի ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՝ գուցե ինչպես երբեք առաջ։ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել»,-Truth Social-ում գրել է Թրամփը։
Իրանը մեղադրել է Միացյալ Նահանգներին ցույցերի համար, որոնք Թեհրանում բռնկվել են երկու շաբաթ առաջ՝ տնտեսական ծանր պայմանների պատճառով: